Հայաստանի հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու ցուցակի 6-րդ տեղը զբաղեցնող, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու անդամ, անկուսակցական Աստղիկ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ցանկացել է, որ ՀՀԿ-ի ցուցակում ավելի երիտասարդ դեմքեր լինեն:
-Տիկի՛ն Գեւորգյան, Դուք, լինելով Երեւանի ավագանու անդամ, բազմիցս նշել եք, որ Երեւանի համար բավական շատ հարցեր եք բարձրացրել, որոնք իրենց լուծումներն են գտել: Կնշե՞ք՝ որոնք են այդ հարցերը:
-Առաջինը, երեւի թե, Հայրենական մեծ պատերազմի, աֆղանական պատերազմի եւ արցախյան հերոսամարտի մասնակիցներին գույքահարկից ազատելու առաջարկն էր, որը շատ դրական արձագանք գտավ: Այնուհետեւ դա դարձավ ավանդույթ, եւ ավագանին ամեն տարի որոշում է կայացնում այդ մարդկանց ազատել գույքահարկից:
-Այս անգամ եւս Ձեր անունը կա ՀՀԿ-ի Երեւանի ավագանու ցուցակում…
-Դժբախտաբար, ես չէի էլ ուզում…
-Դժբախտաբա՞ր:
-Չէ՛, գիտե՞ք ինչ առումով. ես շատ էի ուզում, որ նոր դեմքեր լինեին, երիտասարդներ լինեին, բայց ինձ ասում են՝ չէ՛, դու պետք է լինես: Ես ներողություն եմ խնդրում անհամեստության համար, բայց նշեմ, որ չարատավորված անուն ունեմ, քանի որ ոչ մի անձնական խնդիր չեմ լուծել այս 4-5 տարիների ընթացքում, ոչ մի սեփականություն ձեռք չեմ բերել՝ լինելով ավագանու անդամ:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորեց Տարոն Մարգարյանը, այն դեպքում, երբ նրա աշխատանքի հետ կապված շատ դժգոհություններ կան:
-Ես չէի ասի՝ դժգոհությունները շատ են, օրինակ՝ ինքն այսքան կարճ ժամանակի համար շատ լուրջ գործեր է կատարել: Դա իմ կարծիքն է:
-Քանի որ Դուք ժուռնալիստների միության նախագահն եք, չե՞ք կարոտում լրագրությունը, հիմա ստեղծագործո՞ւմ եք:
-Գիտեք ինչ, նախ ժամանակ չունեմ, ու իմ տարիքում դժվար կլինի վազվզել, այժմ այլ աշխատանքով եմ զբաղված: Այսօր պետք է երիտասարդները լրագրության դաշտը ծաղկեցնեն:
-Բոլոր ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքները խոչընդոտվում են, նրանք ճնշումների են ենթարկվում, լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են ներկայացվում: Ինչո՞ւ Դուք դրանց չեք արձագանքում:
-Վերջին տարիներին լավ է վիճակը, ես հետեւում եմ: Մենք ծրագիր ունենք եւ մոնիտորներ ունենք, եւ եթե մեզ դիմում, հայտնում են որեւէ բան, ոչ միայն մենք ենք զբաղվում, այլեւ այդ ինֆորմացիան տարածում ենք հետխորհրդային 6 պետությունների միություններին եւ Ժուռնալիստների միության ֆեդերացիային: Վերջերս մենք ահազանգ ենք ստացել Սյունիքի մարզից, որին անմիջապես արձագանքեցինք:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ