gazeta.ru -ն գրում է, որ Ռուսաստանի տրանսպորտի ոլորտում հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոստրանսնադզորը» հրահանգել է «Կոգալիմավիա» ավիափոխադրողին դադարեցնել Airbus A 321 ինքնաթիռների թռիչքները մինչև Սինայի թերակղզում ընկերության ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելը:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ մինչև նոյեմբերի 2-ի վերջը ընկերությունում պետք է գնահատեն ռիսկերը և օպերատիվ միջոցներ իրականացնեն այդ մոդելի անվտանգ օգտագործման հնարավորությունը որոշելու համար:
Նա հավելել է, որ նոյեմբերի 1-ին «Ռոստրանսնադզոր»-ի աշխատակիցներն այցելել են «Կոգալիմավիա»-ի գրասենյակ և փոխանցել են հրահանգը:
Միևնույն ժամանակ «Կոգալիմավիա»-ում հայտնել են, որ չեն ստացել հրահանգ թռիչքները դադարեցնելու մասին և ընդհանրապես չգիտեն նման հրահանգի առկայության մասին:
Ավիափոխադրողն ունի ութ ինքնաթիռ, որից վեցը Airbus A 321 մոդելի են: