«Մեր կառավարության պաշտոնյաների՝ նախարարների պաշտոնավարման միջին ժամկետը 3 տարի է: Դա համարում եք շա՞տ: Երեք տարում նորմալ մասնագետ չեն դառնում, երեք տարում մարդ չի կարողանում նորմալ վարորդ դառնա, որպեսզի կառավարի մի փոքրիկ մեքենա: Երեք տարում մարդը հազիվհազ նոր հասկանում է, թե որտեղ է ինքն աշխատում, եւ, ընդհանրապես, ինչ է նշանակում նախարար»,-սա հատված է Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսում արած հայտարարությունից:
Թվում էր` Ս. Սարգսյանն այդ ասուլիսի ժամանակ որոշել էր ծաղրել միայն ընդդիմությանը: Պարզվեց` ոչ: Այսպես նա ծաղրել է նաեւ իր նշանակած կառավարության անդամներին՝ հրապարակայնորեն կասկածի տակ դնելով նրանց մտավոր ունակությունները: Միգուցե նա ճիշտ է, երբ հայտարարում է, թե մարդը երեք տարում հազիվհազ նոր է հասկանում, թե որտեղ է աշխատում: Ի վերջո, Ս. Սարգսյանն ավելի շատ ու ավելի մոտիկից է շփվում իր նախարարների հետ եւ ավելի լավ գիտի նրանց հնարավորությունները, մտավոր ունակությունները:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց նախարարներից պարզել` իրենցից որքան ժամանակ է պահանջվել` ամբողջովին իրենց պաշտոնական լիազորությունների մեջ ներգրավվելու եւ հասկանալու, թե որտեղ են աշխատում: Բնականաբար, այս հարցը տալիս մենք որեւէ մեջբերում չարեցինք Ս. Սարգսյանի հայտնի խոսքերից, որպեսզի նախարարները չկաշկանդվեն:
Պարզվեց` Ս. Սարգսյանի այս դասն ամենալավը սերտել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որն էլ իր օրինակով մեկնաբանեց, թե ինչու է նախարարին հենց երեք տարի հարկավոր. «Կրթության ոլորտում նախարարի լիազորություններն ամբողջությամբ գիտակցելու համար հարկավոր է անցնել հետեւյալ փուլերով. քանի որ կրթության նախարարությունը սեզոնային է, այսինքն` յուրաքանչյուր ամիս իր հատուկ գործառույթն ունի` ավարտական քննություններ, ընդունելության քննություններ, միջանկյալ քննություններ, սեպտեմբերի 1 եւ այլն, ակնհայտ է, որ այդ ամենի միջով մեկ անգամ անցնելու համար պետք է 1 տարի: Երկրորդ փուլն անցած դասը մեկ անգամ կրկնելու փուլն է. դա երկրորդ տարին է: Իսկ երրորդ տարին արդեն յուրացված դասը գիտելիքով, փորձով կիրառելու հնարավորության տարին է: Ես անցել եմ առաջին երեք տարիները, եւ այս տարի լրանում է իմ չորրորդ տարին, ինչը թույլ է տալիս գնալ համարձակ փոփոխությունների»:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մեր նույն հարցին հակիրճ պատասխանեց. «Նայած ում համար»: Ու քանի որ Բեգլարյանը նախօրեին շտապում էր, չմասնավորեցրեց` անձամբ իրեն ինչքան ժամանակ է պետք եղել: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ նշեց, թե դրա համար հարկավոր են առնվազն տարիներ. «Մեկ-երկու տարի` կախված նախարարությունից ու ոլորտից»: Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, թե ինքն այդ համակարգում աշխատում է շուրջ 14 տարի. «Եվ դա բավարար ժամանակ է` հասկանալու համար գործառույթներն ու պարտականությունները»: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի խոսքով, երբ մարդը նշանակվում է նախարար, արդեն իսկ պետք է տիրապետի ոլորտին եւ առաջին օրից պետք է ձեռնամուխ լինի պարտականությունների կատարմանը: Նա հիշեցրեց, որ ինքը նախկինում աշխատել է ԱԺ-ում, հետո եղել է ՀՀ քաղաքաշինության նախարար, այնպես որ, բնապահպանության նախարար նշանակվելիս արդեն իսկ ունեցել է որոշակի փորձ:
Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից, միայն թե պարոն Սահակյանը հերքեց իր կուսակցության առաջնորդի հռչակած 3 տարվա ժամկետը: «Նախ` նշանակվելուց արդեն մարդն իր ոլորտի մասին պատկերացում պետք է կազմի, այլ բան է, որ ուսումնասիրի նախորդ գործընթացները: Դա աշխարհում ֆիքսված ժամկետ է` 100 օր»,-ասաց Սահակյանը: Ըստ նրա` իրավիճակին տիրապետելն այնքան էլ դժվար չէ: Գ. Սահակյանն ավելի կարեւորեց հմտության ու կենսափորձի առկայությունը:
Հ.Գ. Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ ՀՀ կառավարությունում 2008-ից ի վեր առնվազն 15 նախարար չի հասցրել հասկանալ, «թե որտեղ է ինքն աշխատում, եւ, ընդհանրապես, ինչ է նշանակում նախարար». նրանք պաշտոնավարել են 3 տարուց պակաս:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ