Հունիսի 23-ի դեպքերի առթիվ ՀՔԾ-ի կողմից ձևավորվել է քննչական խումբ. ՀՔԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված հավաքի շրջանակներում 2015թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով ձևավորվել է քննչական խումբ:

Քննչական խմբում ընդգրկվել են ՀՀ ՀՔԾ քննիչ Գ. Միքայելյանը, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի բաժնի քննիչ Ա. Օսիպյանը և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ս. Հովհաննիսյանը:

Քննչական խումբը ղեկավարում է ՀՀ ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը: Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով ՀՀ Ոստիկանության կողմից 2015թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում գործադրվել էր ջրցան մեքենա, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում մի շարք լրագրողների և հավաքի մասնակիցներ նկատմամբ կիրառվել էր բռնություն, պատճառվել մարմնական վնասվածքներ, դիտավորությամբ վնասվել կամ ոչնչացվել էին լրագրողների տեսաձայնագրող սարքերը՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեության իրականացումը, որից հետո մի շարք լրագրողներ և հավաքի մասնակցիներ տեղափոխել էին ՀՀ Ոստիկանության տարբեր բաժիններ:

Դեպքի առթիվ 2015թ. հուլիսի 2-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 164-րդ հոդվածի 2-րդ և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:




Լրահոս