ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց 2016թ. պետական բյուջեի հիմնական ցուցանիշները: Նա նշեց, որ տնտեսական աճն ավելի համեստ կլինի՝ պայմանավորված արտաքին քաղաքական զարգացումներով:
«2016-ի ՀՆԱ-ի իրական աճը ծրագրված է 2,2 տոկոս: Պետական պարտքը 2016թ. կանխատեսվում է 5 միլիարդ 565 միլիոն դոլար, որի 86.6 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին»,- ասաց նա:
Պավել Սաֆարյանը հավելեց, որ պետական բյուջեի նախագծով ծախսերի մեծ մասը հատկացվել է սոցիալ-մշակութային բնագավառին՝ շուրջ 47,3 տոկոս: Հաջորդ ծախսային ուղղությունը պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտին ուղղված ծախսերն են՝ 20,8 տոկոս: «Թոշակների բարձրացում, ըստ էության, չի նախատեսվում»,- ընդգծեց փոխնախարարը: