Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեին և քարոզչությանը, ասաց, որ կուսակցության գերագույն մարմինը քարոզչություն անցկացնելու համար ձևավորել է շտաբ, որի աշխատանքները համակարգելու է նա: Նրա խոսքով` կուսակցությունն իր դիրքորոշումը չի փոխել և քարոզչությունն իրականացնելու է առանձին, առանց այլ ուժերի:
«Իրականացնելու ենք այնպիսի քարոզչարշավ, որ բնակչության մեծ մասի մոտ տարակուսանք չմնա, որ այս Սահմանադրությունն էականորեն բարեփոխված է և նախկինի համեմատությամբ` ունի հսկայական առավելություններ: Մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի կառավարման ճիշտ մոդելը խորհրդարանականն է»,- ասաց նա:
Վարդանյանի փոխանցմանբ` ՀՅԴ խմբակցությունը կենտրոնական շտաբի շուրջ ստեղծել է քարոզչական 5 խումբ, որոնցից յուրաքանչյուրում 4-5 մարդ մարդ է ընդգրկված:
«Խմբերից մեկը կղեկավարի Ռուստամյանը, մեկը` Արծվիկ Մինասյանը, մեկը` Լևոն Մկրտչյանը, մեկը` Արսեն Համբարձումյանը, մյուսն էլ` ես»,-հավելեց նա:
Վերջինիս խոսքով` կուսակցությունը մոտ 100 շտաբներ է ձևավորել մարզերում և Երևանում, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու տարբեր մասնագետների հետ: