Մենք պետք է նույնքան պահանջատեր լինենք, որքան հրեա ժողովուրդը . Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կրթության համակարգի միջոցառումների շրջանակում այս շաբաթ հանրապետությոն բոլոր դպրոցներում կկազմակերպվեն բաց դասեր՝ նվիրված տարբեր ազգերի ցեղասպանություններին. եղեռն, սեյֆո, հոլոքոստ, մեգալի, ռուանդա:  Առաջին բաց դասը  Երևանի թիվ 195 ավագ դպորցի 12-րդ դասարանում վարել է  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք նախագծեր էր իրականացրել`  հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում: Միջոցառումները շարունակվում են և այս շաբաթվա ընթացքում հանրապետության բոլոր ավագ դպրոցներում մեկական դաս կնվիրվի այլ ցեղասպանություններին: Մենք այս ընթացքում արդեն խոսել ենք Հայոց ցեղասպանության մասին, եղել են բաց դասեր՝ համահայկական հռչակագրին նվիրված, «Պատվո պահակ» միջոցառումն ենք կազմակերպել, հայտարարվել է շարադրությունների մրցույթ,  դպորցականներն անմառուկներ են պատրաստել և այլն»,-  նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ թեպետ ապրիլի 24-ն անցել է, բայց ողջ տարին է խորհրդանշական, և անհրաժեշտ է, որ երիտասարդները տեղեկություններ ունենան նաև այլ  ազգերի ցեղասպանությունների մասին:

Սկսելով  բաց դասը՝ նախարարը շեշտել է, որ  պատմության դասերը սերտելով հնարավոր է  կանխել անցյալի ուրվականների վերադարձը: «Ես ընտրել եմ Հոլոքոստը, որովհետև այն, պատմագիտական տեսանկյունից  Հայոց ցեղասպանության հետ միասին ամենաուսումնասիրված ոճիրն է, մյուս կողմից` քաղաքական իմաստով շատ կարևոր է բացատրել Հայոց ցեղասպանության և  Հոլոքոստի և\’ զուգահետները, և\’ տարբերությունները՝ միջազագային ճանաչման և դատապարտման առումով: Մեզ համար հրեա ժողովրդի  փորձը շատ կարևոր է, մենք պետք է  կարողանանք  նույնքան պահանջատեր լինել միջազգային ճանաչման և դատապարտման գործում, որքան ժամանակին եղել և այսօր մնում են մեր հրեա բարեկամները», -շեշտել է  նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով` կապ չունի, թե որ էթնիկ, կրոնական, ռասսայական խմբի դեմ է կատարվում այս կամ այն ոճիրը, որի բարձրակետը ցեղասպանությունն է.  «Ոճիրը մարդկության դեմ է, հետևաբար` եթե այսօր նման գործողությունների ենթարկվում է մի ժողովուրդ, կրոնական խումբ` ինչպես, օրինակ, եզդիները Իրաքում կամ «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում քրիստոնյաները, ապա չդատապարտելով, չպատժելով և կանխման մեխանիզմներ չստեղծելով որևէ ժողովուրդ չի կարող հանգիստ ապրել և վստահ լինել, որ նույն աղետը չի կրկնվելու»,-¬նշել է  Ա. Աշոտյանը և հավելել, որ իր նպատակն է  դասից հետո  երեխաները գնան տուն և պատմության այդ  հարցին առնչվող որևէ գրականություն ընթերցեն:

«Պատմության գրավչությունը ոչ այնքան թվերի, անունների մեջ է, այլ ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերի պատասխանները որոնելու մեջ»,-ընդգծել է Ա. Աշոտյանը: Նախարարը դասը վարել է  ինտերակտիվ մեթոդով` դասապրոցեսին ներգրավելով նաև աշակերտներին, իսկ  դասի ավարտին պատասխանել  է նրանց հարցերին:




Լրահոս