«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ՕԼԻԳԱՐԽԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երաժիշտ ՄԱՐՏԻՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ խոստովանեց, որ ինչքան էլ փորձում է չխառնվել քաղաքականությանը, այնուամենայնիվ, դա անհնար է, քանի որ այսօր յուրաքանչյուր ոք առնչվում է դրան: Երաժիշտը նկատեց, որ ժողովրդի համբերության բաժակը լցված է, սակայն ինքը փորձում է չեզոք դիրք գրավել:
-Հետընտրական այսպիսի զարգացումն սպասո՞ւմ էիք:
-Հստակ ոչինչ չէի մտածել, բայց որ ժողովուրդը փոփոխություն էր ուզում, ակնհայտ էր:
-Հանրահավաքների չե՞ք գնում:
-Հիմա ստեղծագործական բուռն գործունեության մեջ եմ, անելու այնքան բան է կուտակվել: 2001 թվականից անավարտ գործ ունեի` «Աստվածաշունչ»-ը, հիմա տեղից շարժվել է, ու պետք է ժամանակի մեջ հասցնեմ: Իրադարձություններին միայն «Ֆեյսբուք»-ով եմ ծանոթանում` ընկերներիս միջոցով, իսկ Ազատության հրապարակ չեմ գնում:
-Այդ ի՞նչ գործ է, որ 12 տարի է` չեք ավարտում:
-Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված, շատ մեծ ծավալի, աշխատատար գործ է, հիմա հնարավորություն ստեղծվել է, որ գոնե ձայնասկավառակի տեսքով ժողովրդին մատուցենք: Միայն զբաղվածությունս է պատճառը, որ քաղաքական հարցերին այս պահին շատ չեմ հետեւում, բայց եւ այնպես, տեսնելով իրավիճակը, տխրում եմ: Չգիտեմ` ինչ ավարտ կունենա այս ամենը:
-Համաձա՞յն եք այն մտքին, որ միայն ապստամբությամբ ու հեղափոխությամբ կարելի է ինչ-որ բանի հասնել:
-Երբ մեկ-մեկ սառը գլխով մտածում եմ, տեսնում եմ, որ ժողովուրդը մի տեսակ տարօրինակ վիճակի մեջ է. թվում է, թե միասնական են, բայց այդպես չէ: Կարծում եմ` նույնիսկ իրենց պահանջները հստակ չեն ներկայացնում, ամեն ինչ ինքնահոսի է մատնված: Ընտրությունների ժամանակ չէի տեսնում որեւէ լիդերի, ում ժողովուրդը միահամուռ կընտրեր: Լսում էի տարբեր կարծիքներ բոլորի մասին, բայց չկար մեկը, ում մասին ասեին` ա՛յ այս մարդը մեր ուզածն է:
-Հույսեր չէի՞ք փայփայում, որ գոնե նոր ընտրություններով նոր փոփոխություններ կլինեն:
-Դե հույսը միշտ էլ կա, սակայն, անկեղծ ասած, չէի կարծում, որ այս տարբերակով կընթանար: Լավ, հավաքվում են, բայց դրա վերջն ի՞նչ պիտի լինի: Մեկ հավաքվեցին, երկու, երեք, չորս… շարունակությո՞ւնը…
Ափսոսում եմ, որ մարդկանց բավական լավ հատված դուրս գնաց, ու հետո այնպես արեցին, որ մեր լավ, որակական հատվածը հիմա խեղճացած է, կծկված, հավատը կորցրել է. կա՛մ գնում է այստեղից, կա՛մ ձայնը կտրած նստում: Մի մասն էլ պարզապես ամբոխ է:
-Հիմա Դուք ո՞ր մասի մեջ եք մտնում:
-Ինձ համար սա շատ նուրբ հարց է: Ես ուզում եմ, որ երկիրը լավ վիճակում լինի: Ես արվեստագետ եմ, լավ է, որ խաղաղություն լինի, խաղաղություն չեղավ, արվեստը լրիվ տապալված է: Իմ ամենամեծ ցանկությունն է ապրել օրենքները գործող երկրում, որ օրենքը բոլորի համար հավասար լինի: Դաժանություն, բռնություն չեմ սիրում: Չեմ սիրում օլիգարխային վիճակները, երբ մեկը շատ փոքր ուղեղով կարող է ավելի խելոք մարդկանց իշխել: 
-Դուք Ձեր կողմից ի՞նչ եք անում, որ լավ լինի:
-Ես երբեւէ կուսակցական չեմ եղել, որովհետեւ եթե ես որեւէ հավատքի կամ կուսակցության մեջ լինեի, երբեւիցե այն չէի փոխի, ինչը շատերն են անում: Այսօր այս կուսակցությունից է, մեկ էլ վաղը քամին փչեց, շատ հանգիստ կդառնա մեկ այլ կուսակցության անդամ: Բայց երդում են, չէ՞, տալիս: Այդ մարդկանց նման քայլի համար պետք է դատի տալ, որ տունտունիկ չխաղան: 
-Ի՞նչն է Ձեզ այսօր նյարդայնացնում:
-Ես երթուղային տաքսիներ շատ եմ նստում ու մարդկանց ամեն քայլափոխից, շարժուձեւից, պահվածքից նյարդայնանում եմ: Ոնց որ ազատության մեջ տանջվեմ: Աղբը վերեւից թափում են, մեկը գոռում է, մյուսը` հայհոյում, ինչ ասես` անում են: 
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են իրենց այդպես պահում:
-Ժամանակներից է: Ինչ ուզում են ասեն, բայց խորհրդային ժամանակներում մեծ աշխատանք էր տարվում, ուսումնական ծրագրերը բարձր որակի ու մակարդակի էին: Մարդկանց քաղաքակրթության ցուցանիշը բարձր էր: Փողոցում խմբերով չէին կանգնում, չէին հայհոյում: Ամեն ինչ հսկվում էր, ոչ ոք չէր կարող անգործ ման գալ, հարգանք կար մեծերի հանդեպ, իսկ հիմա երիտասարդությունը եսասեր է մեծանում: 
-Բայց այսօր այդ նույն երիտասարդությունը դասադուլ է անում: 
-Դասադուլով հո բան չի՞ որոշվում. շատ անգամ նրանց պարզապես հետաքրքրություն, զբաղմունք է պետք: Բացի այդ, մի՞թե բոլորն են դասադուլին միացել: Իհարկե ո՛չ: Ուսանողներին ոգեւորում է այն հանգամանքը, որ հավաքվում են, ըմբոստանում… Իրենց համար իրադարձություն է դասադուլը: Երիտասարդներն ուզում են ինչ-որ գժոտ բան անել:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ 




Լրահոս