Հոկտեմբերի 31-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում Կարապետ Կարապետյանի ինքնասպանության գործով նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հոգեբուժական կլինիկայից տեղեկացանք, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան կողմ. Մալաթիայում եղբորը կացնահարած Կարապետ Կարապետյանը կյանքին վերջ է տվել` սավանի միջոցով կախվելով ծխարանի պատուհանի ճաղավանդակից:
Հոգեբուժական կլինիկայից ArmLur.am-ին նաև հայտնեցին, որ Կարապետի մոտ վերջին շրջանում առողջացում էր նկատվում, սակայն սկզբնական անտրամադիր և մտամոլոր վիճակը նրա մոտ պահպանվում է մինչև վերջին օրը: Կարապետն ինքնասպան լինելու նպատակների մասին երբևէ որևէ մեկին չի ասել, ակնարկ անգամ չի արել: Դեպքի օրն էլ երկար ժամանակ գտնվել է ծխասենյակում, իսկ երբ ձայներին չի արձագանքել, դուռը բացելուն պես տեսել են կախված դին: Ցավոք, կյանքը փրկել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ Կարապետ Կարապետյանը մեղադրվում էր եղբորը՝ 25-ամյա Վլադիմիր Կարապետյանին կացնահարելու և սպանելու մեջ:
Եղբայրասպանն ինքնախոստովանական ցուցմունք էր տվել և պատմել դեպքի մանրամասները: Նրա խոսքով՝ եղբայրը մշտապես ծաղրել է իրեն, նվաստացրել, ինչն էլ պատճառ է դարձել, որ կացնահարի քնած վիճակում գտնվող կրտսեր եղբորը:
ArmLur.am-ին ավելի վաղ Կարապետյանների հարևանները պատմել են, որ այս ընտանիքում եղբայրների հարաբերությունները լարված են եղել: Վլադիմիր Կարապետյանը նախկինում դատապարտվել է ազատազրկման, իսկ Կարապետը, վերջինիս մոր փոխանցմամբ, հոգեկան խնդիրները զինծառայության ընթացքում է ձեռք բերել: