ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Թոռնիկս սովորում է ԵՊՀ-ի առաջին կուրսում: Նրան տվել են գրքույկ, որի 10.5 կետում նշված է, որ եթե ուսանողներն ունեն 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողներ, ապա նրանց վարձը զեղչվում է 30%-ով: Նշեմ, որ տղաս 2-րդ կարգի հաշմանդամ է, իսկ հարսս աշխատում է դպրոցում եւ ստանում ընդամենը 45.000 դրամ: Մեզ ԵՊՀ-ից պատասխանել են, որ պետք է երկու ծնողներն էլ հաշմանդամության կարգ ունենան, որ նոր կարողանան վարձը զեղչել: Բայց մենք տեղյակ ենք, որ դա պարտադիր չէ. եթե ծնողներից մեկն էլ ունենա հաշմանդամության կարգ, 30%-ով կզեղչեն: Նշեմ, որ մեծ թոռնիկս էլ սովորում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 3-րդ կուրսում, եւ այնտեղ նույն պայմաններով նրա վարձը զեղչել են 30%-ով:
Լարիսա Խաչատրյան 
(72 տարեկան, թոշակառու)  
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Լարիսա Խաչատրյանի հարցին՝ տեղեկացնում ենք, որ, ըստ ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տալու» կարգի 5-րդ կետի, ««Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին՝ ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին ուսման վճարը ուսանողական նպաստի ձեւով մասնակի փոխհատուցում է՝
ա. սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին,
բ. 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին»: 
Ըստ նույն կարգի 6-րդ կետի՝ «Ուսման վճարը մասնակի փոխհատուցող ուսանողական նպաստների չափը սահմանում է եւ այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության 
աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` հաշմանդամ ծնողներ ունեցող երեխաները կարող են օգտվել ուսման վարձավճարի զեղչից: Նշենք, որ նույն հարցը խմբագրությունն ուղարկել է նաեւ ԵՊՀ, եւ առաջիկա օրերին սպասում ենք մայր բուհի պատասխանին:




Լրահոս