Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում քննիչ Բակուր Օհանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Նուբարաշենի խճուղու 7 հասցեում գործող “Որսորդ” ՍՊԸ-ի ճաշարանից կատարված գողության փաստով: Մարտի 31-ին՝ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել նշված ՍՊԸ-ի ճաշարան և հափշտակել այնտեղ եղած, Նուբարաշեն 12 փողոցի բնակիչ, 38-ամյա Վահան Գրիգորյանին պատկանող “ՕՊ-ՍԿՍ” 7.62X39 մմ տրամաչափի, “ՏՕԶ” 8-01 5X6 մմ տրամաչափի, “ՏՕԶ” 34 12մմ տրամաչափի որսորդական հրացաններ և նշված ՍՊԸ-ի աշխատակից Դիանա Մարդայանի պայուսակը, որի մեջ, ըստ տեղեկությունների, եղել է նաև գումար:
Գ. Շամշյանը հայտնում է, որ “Որսորդ”-ի տարածքը պատկանում է նաև Ոստիկանական ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին և հանրությանը հայտնի “Ավջի Գոքոր” մականվամբ Գրիգոր Գրիգորյանին, ովքեր ի դեպ, երկար տարիներ զբաղվում են զենք-զինամթերքի առևտրով՝ օրինական հիմունքներով: