ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԵՐԱՆԳ Է ԵՎ ՓՈՓՈԽԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր ընտրությունից առաջ ընդդիմադիր դաշտը միավորվելու փորձեր է անում, բայց ամեն անգամ չի ստացվում.  ինչ-որ բան խանգարում է, որպեսզի միասնական ճակատով գնան պայքարի:
ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում, որպեսզի ընդդիմադիր դաշտը միավորվի: Այս անգամ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ինչո՞ւ չստացվեց միասնական ճակատով պայքարի դուրս գալ իշխանության թեկնածուի դեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բացի Հայ ազգային կոնգրեսից, մյուս “ընդդիմադիր” կամ “այլընտրանքային” կոչված ուժերն այսպես թե այնպես խաղեր են տալիս իշխանության հետ, որի պատճառով անհնարին է դառնում նրանց միավորումն ամեն կարգի ընտրություններից առաջ: Մյուս կողմից, երբ առաջնահերթորեն երկրի առջեւ կանգնած է իշխանափոխության կարեւորագույն հարցը, անթույլատրելի է քաղաքական ուժերի կողմից նախապայմաններով եւ տարաբնույթ վերապահումներով հարաբերակցվել միմյանց հետ “համագործակցության” անվան տակ:
ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ 
ՀԱԿ անդամ 
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ առաջին հերթին նրանց խանգարում է այն հանգամանքը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը լուրջ չեն վերաբերում ընտրություններին, եւ պետք է ասեմ` դա վերաբերում է ինչպես համապետական, այնպես էլ տեղական ընտրություններին: Պետք է նաեւ նշեմ, որ ընդդիմության համախմբումներ եղել են, բայց ռեալ արդյունք չի եղել: Եվ երրորդը. ընդդիմությունը Հայաստանում շատ բազմերանգ է եւ փոփոխական: Գաղափարական դաշինքներ էլ համարյա թե չեն ստեղծվում:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
“Նոր ժամանակներ” կուսակցության 
նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդդիմադիր դաշտը բազմադեմ է` կազմված տարբեր ուժերից, համոզմունքներից եւ ամբիցիաներից: Ամեն մեկը ձգտում է իրեն վերապահել առաջնությունը, ամեն մեկը փորձում է իր շահը ստանալ… Սա թիվ մեկ խնդիրն է, որը ոչ միայն խոչընդոտում է ընդդիմության միավորմանը, այլեւ սահմանաբաժան է գծում նրա եւ ընտրազանգվածի միջեւ: Մյուս կարեւոր պատճառը, իմ կարծիքով, ընդդիմության հստակ հայեցակարգերի բացակայությունն է, պետականակերտման տեսլականի բացակայությունը: Սրան գումարենք նաեւ ընդգծված առաջնորդի բացակայությունը: Ցավոք, Լեւոն Տեր-Պետրոսյանից զատ, այս տարիների ընթացքում առաջնորդ չձեւավորվեց, մինչդեռ փոփոխվող ժամանակների հետ ասպարեզ պիտի գային նոր սերնդի առաջնորդները:
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
թատերագետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս