Խորհրդարանում հանրային լսումներ էին կազմակերպվել, որոնք նպատակ ունեն քննարկումների միջոցով հաստատել նոր ծրագրեր: ԱԺ-ում քննարկվող խնդիրը Հայաստանի երեխաների` կրծքով սնուցման հիմնախնդիրներին եւ դրանց օրենսդրական կարգավորմանն էր վերաբերում:Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը բացման խոսքում ասաց, որ Միավորված ազգերի կազմակերպության մարտահրավերների ութը նպատակներից մեկը վերաբերում է մանկական մահացությանը, որոնք իրենց վրա են վերցրել այդ ամենը նվազեցնելու «պարտականությունը»: Նա փաստեց, որ, բազմաթիվ հետազոտություններից ելնելով, պարզ է դառնում, որ կրծքով սնուցումը կարող է աշխարհում միլիոնավոր երեխաների փրկել մահացությունից: Մայրական կաթը գերադասելի է երեխային տրվող ցանկացած այլ սննդից, այն պաշտպանում է մանկական հիվանդություններից: Կրծքով սնուցումը նպաստում է նաեւ մայրերի արագ կազդուրվելուն: Հայտարարվեց, որ կրծքով կերակրելու խրախուսման նախաձեռնությունը Հայաստանում սկսվել է դեռեւս 1993 թվականից: Բաբլոյանի երկար «քարոզչությունից» պարզ դարձավ, որ այդ օրենքը պետք է ընդունվի անվերապահորեն: Հանձնաժողովի նախագահը փաստեց, որ ոլորտի «օրենսդրական կազմակերպման» հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` Լեյլի Մոնշիրիի գլխավորությամբ, եւ «Վորլդ Վիժն» կազմակերպությունը, որոնց էլ իր խոսքը փոխանցեց պարոն Բաբլոյանը: Ներկայացուցիչները վստահեցրին, որ այս նախագիծը իսկապես «կփրկի երկիրը կործանումից»: Այնուհետեւ խոսք տրվեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանին, որը ներկայացրեց կրծքով սնուցման կարեւորությունն ու «առկա հիմնախնդիրները»: Տիկին Սարիբեկյանը ցանկացավ այս ամենին հավելել ընդամենը երեք նախադասություն, որը վերաբերում էր բացառապես կրծքով կերակրելուն` ժամանակին սկսել հավելյալ սնուցումը եւ շարունակել կրծքով կերակրումը մինչեւ երկու տարեկան երեխաներին: Ըստ Սարիբեկյանի` դրանք կնպաստեն երեխաների առողջ մեծացմանը: Իրավական կարգավորման պաշտպանության համար խոսք տրվեց նաեւ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանին, որը հավաստիացրեց, որ այս նախագիծը օգտակար է լինելու Հայաստանում առողջ երեխա մեծացնելու գործին. «Մենք արգելում ենք մանկական սննդի գովազդումը, միայն օրենքի շրջանակում է մնում տեղեկատվություն տրամադրելը մայրերին, այն էլ բուժաշխատողի կողմից»: Քննարկման ավարտին ԱԺ առողջպահության Մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հույս հայտնեց, որ այս ամենից հետո շրջանառության մեջ կդրվի օրինագիծը:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՅԺՄ ՇՌԱՅԼ ԽՈՍՔԵՐ, ԻՍԿ ՀԵՏՈ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ