Սերժ Սարգսյանի ընտանիքը պետական բյուջեի կեսը գրպանո՞ւմ է. հայտարարություններ անելիս պետական պաշտոնյան իրեն հաշիվ պետք է տա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերություններում ստուգումներ են անցկացրել: Վեցում դրանք ավարտվել են, եւ էական խախտումներ չեն արձանագրվել: Ինչպես հայտնի է՝ ստուգումները սկսվել էին այս տարվա փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտնի ելույթից հետո, որով նա այն ժամանակ դեռ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրել էր «չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու» մեջ:

Լրագրողները Խաչատրյանից հետաքրքրվել են նաեւ, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանը սուտ է խոսել, ինչին նախարարը պատասխանել է. «Բայց Սերժ Սարգսյանը չէր արձանագրել, որ խախտումներ են եղել, ասել էր՝ պետք է ստուգել: Ստուգեցինք, տեսանք, որ էական խախտումներ չկան, ինչ եք ուզում»: Ուզում ենք, որ քաղաքական գործիչները եւ առաջին հերթին պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները հայտարարություններ հնչեցնելիս իրենց հաշիվ տան, ու երբ պարզվում է, որ նրանց ասածները չհիմնավորված են եղել, բարի լինեն հանրությունից ներողություն խնդրել չհիմնավորված հայտարարություններ անելու համար:

Հակառակ դեպքում կստացվի, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում նաեւ լրագրողները, ինչպես Սերժ Սարգսյանը, կարող են ուզածդ մարդուն ինչում ցանկանան, մեղադրեն: Օրինակ՝ կարող են հայտարարել, որ «շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերն այն մասին, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պետական բյուջեի կեսը գրպանում է»: Իսկ դրանից հետո թե պետական կառույցները ինչ «ոչ էական խախտումներ» կհայտնաբերեն, էական էլ չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս