«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 5-ին, ժամը 18:55-ին ահազանգ էր ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել, որից հետո տունն ամբողջությամբ փլուզվել է, ինչի պատճառով էլ նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 35-ամյա Հովհաննես Կլնջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ այնտեղ հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, մահացել։ Այժմ Հովհաննեսի մայրը՝ Մարիամ Կնջլյանը, արդարություն է պահանջում։ «Ես իմ որդուն եմ ուզում ու արդարություն եմ ուզում։ Իմ պահանջը մեկն է՝ մահվան համար մեկը պետք է պատասխան տա, կամ գոնե բացահայտվի մեղավորը:
Կարծում եմ՝ կատարվածի մեջ պետք է մեղադրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Երեւան ԳԳՄ-ի Զեյթուն-Ավան ՏԱՇԾ»-ի կողմից գազիֆիկացում իրականացրած պատասխանատու աշխատակիցները կամ այն մարդիկ, ովքեր զգալով գազի հոտը՝ հանցավոր անտարբերություն են ցուցաբերել, ու արդյունքում տղաս մահացել է»։ Նա տեղեկացրեց, որ Հովհաննեսն իր միակ տղան էր, ամուսնալուծված էր, բայց երեխայի հետ միասին ապրում էին վարձակալած տան մեջ։ «Դժբախտ օրը պետք է Ապարան գնար, սակայն եկել է տուն, չգիտեմ մտքով ինչ է անցել՝ տուն է եկել, քանի որ ինքը տանը չէր լինելու, ես երեխուն վերցրի գնացի ախպորս տուն։ Ճանապարհին զանգեցին ասեցին, որ հիվանդանոց գնամ»,-պատմեց տիկինը։ Տղայի մահից հետո երեխային տվել է մորը։ «Հիմա մենակ եմ մնացել։ Մեկ-մեկ գնում տեսնում եմ, որ կարողանամ ապրել: Ամեն քայլի կդիմեմ, կպայքարեմ, որ մեղավորը պատժվի»,-ասաց տիկին Կնջլյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: