Խորեն Աբրահամյանը կդառնար 83 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 1-ը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է (01.04.1930-10.12.2004): 
Ծնվել է Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն։
1979-1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 
1985-1988թթ. Խորեն Աբրահամյանը Գյումրիում էր` պետական թատրոնի դերասան էր ու միաժամանակ գլխավոր ռեժիսորը:
Խորեն Աբրահամյանի թատերական լավագույն դերերից են Ռուստամը (Ա.Շիրվանզադեի “Նամուս”), Արմենը (Գ.Բորյանի “Կամրջի վրա”), Արամը (Ա.Արաքսմանյանի “60 տարի, երեք ժամ”), Արան (Ն.Զարյանի “Արա Գեղեցիկ”), Կորիոլանը  (Վ.Շեքսպիրի “Կորիոլան”), Ավետյանը (Պ.Զեյթունցյանի “Անավարտ մենախոսություն”)։
Մեծ դերասանը հաջողություններ է ունեցել նաև կինոյում՝ Արսեն (“Առաջին սիրո երգը”, 1958),Գևորգ (“Սարոյան եղբայրներ”, 1968 թ.), Ռոստոմ (“Տերը”, 1968 թ.), Պավլե (“Մենք ենք, մեր սարերը”, 1969 թ.), Արմեն (“Երևանյան օրերի խրոնիկա”, 1972 թ.):
Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների, հայտնի  ասմունքող էր։
Խորեն Աբրահամյանը մահացել է 2004-ի դեկտեմբերի 10-ին` 74 տարեկան հասակում: Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։




Լրահոս