Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները երեկ՝ մարտի 31-ին, հայտնաբերել են Նուբարաշենի խճուղի 7 հասցեում գտնվող “Որսորդ” ՍՊԸ-ի ճաշարանից երեք հրացանների և աշխատակցի պայուսակը գողություն կատարողին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Նոր Արեշ 46 փողոցի բնակիչ Դավիթ Սիմիդյանին, ինչպես նաև նրա կողմից վարած “Վազ 2107” մակնիշի 14 ԼՍ 726 համարանիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել են գողացված հրացանները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ոստիկանությունից Դ. Սիմիդյանին բերում էին ավտոմեքենայի մոտ, որպեսզի ընթերակաների մասնակցությամբ և քննիչ Բակուր Օհանյանի ղեկավարությամբ ավտոմեքենան խուզարկության ենթարկեին, կասկածյալ Դ. Սիմիդյանը և նրա հարազատները սկսեցին սպառնալիքներ տեղալ ոստիկանների հասցեին, իսկ կանայք ամենալկտի հայհոյանքներով հարձակվում էին ոստիկանության աշխատակիցների վրա և հարվածներ հասցնում նրանց:
Դ. Սիմիդյանը, տեսնելով, որ այդ ամենը ֆոտոլրագրողը տեսանկարահանում է, սկսեց հայհոյանքներ և սպառնալիքներ տալով՝ թքել ֆոտոլրագրողի ուղղությամբ, իսկ նրա հարազատներից մայրն ու քույրը սպառնում էին ֆոտոլրագրողին, թե “գողականները քեզ սատկացնելու են”:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կանանցից մեկն էլ ասում էր, որ այդ ամենը Դավիթի գլխին սարքել են քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանն ու Էրեբունու պետի տեղակալ ինչ-որ Մերուժ: 30 րոպեից ավելի ոստիկանները չէին կարողանում կատարել իրենց օրինական խուզարկությունը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ բեռնախցիկում հայտնաբերված զենքերը քննիչի կողմից առգրավվել են, իսկ Դ. Սիմիդյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: