ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ օգոստոսի 21-ից որպես անհայտ կորած համարվող «Ոսկու աշխարհի» աշխատակցուհի Նելլի Հարությունյանը երեկ 20:30-ի սահմաններում հայտնաբերվել է Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում և ներկայացվել բաժին:
ArmLur.am-ը փորձեց «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության սեփականատեր Վաղարշ Աբրահամյանից պարզել՝ Ն. Հարությունյանը կկարողանա՞ ցանկության դեպքում վերսկսել աշխատանքը, սակայն պարզվեց՝ «Ոսկու շուկայի» Վաղարշը դեռևս տեղյակ չէր աշխատակցի հայտնաբերման մասին. «Նելլին ո՞վ ա» հարցի պատասխանը լսելուց հետո, Վաղարշը առանց դադարի նախադասությունների շարան արտաբերեց. «Խի հիմա ո՞ւր ա ինքը: Ի՞նչ ա ասել, ի՞նչ է եղել: Ես չեմ ուզում մտնել ուրիշների ընտանիքի մեջ: Ուզում է աշխատի, թող աշխատի, չի ուզում թող չաշխատի: Նա ինձ հավասար մարդ է, եթե որոշի, որ պիտի աշխատի, ուրեմն պիտի աշխատի: Նա հարկ է տալիս պետությանը, աշխատում է: Ես չգիտեմ՝ ինքը եկել է, թե ոչ: Նա մեր հիմնարկի նկատմամբ ոչ մի վատ բան չի արել: Ես չգիտեմ՝ ինքն իրա մարդու հետ գիշերը կռվել է, չի կռվել, տուն չի գնացել, ուր էր մինչև հիմա, որտեղ էր քնում: Կգա, թող գա»:
Նշենք, որ մեր տեղեկություններով, Նելլի Հարությունյանը հրաժարվել է քննչական բաժնում հայտնել՝ որն էր անհետացման պատճառը և որտեղ էր ինքը գտնվում ավելի քան երկու ամիս:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ անհետացման դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքասպանության հասցնելը): Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում Ն.Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Ն.Հարությունյանի ընտանիքի անդամները, շուրջ մեկ տասնյակից ավելի վկաներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քննության արդյունքները քննարկվել են, և արարքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորյալ սպանություն):