Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնվել քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի խմբակային դիմումը,որը վերաբերում է Փակ շուկայի հետագա ճակատագրին: Նամակը նաև հրապարակվել է Ճարտարապետների միության ֆեյսբուքյան էջում: Դրանում, մասնավորապես, ասվում է.
“Մենք, քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամներս, քաջատեղյակ ենք Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի խեղման հանդեպ քաղաքապետարանի և անձամբ Ձեր անհանդուրժողական դիրքորոշմանն ու նաև կիրառած վարչական պատժամիջոցներին: Սակայն շուկայի սեփականատիրոջ ցուցադրական անհնազանդությունը, օրինազանցության հարաճուն շարունակականությունը ու դրա հետ մեկտեղ հանրության զանգվածային բողոքարկումների հանդեպ պետական ատյանների թևաթափ կեցվածքը մտահոգիչ են ու անբացատրելի: Ճիշտ է, լիազոր բոլոր մարմինները կազմել են գործառույթը դատապարտող պատշաճ արձանագրություններ, սակայն դրանք բոլորն ի վերջո խորհուրդներ են միայն և ոչ պարտադրանք: Տպավորությունն այնպիսին է կարծես սեփականատերը ապահովագրված է անպատժելիության զորավոր մուրհակով: Մինչդեռ զավեշտալի այս ներկայացմանը վերջակետ դնելու համար գոյություն ունի օրենսդրական հստակ ճանապարհ: Այն է` Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակավորել որպես մշակութային վանդալիզմ, իսկ սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով, պահանջելով նրանից հուշարձանին հասցված վնասի հատուցում ու զրկելով նրան գուքի նկատմամբ սեփականության իր իրավունքից: \\
Այնուհետև Մաշտոցի պողոտայի Ծածկած Շուկան ազգայնացնել ու վերադարձնել Երևանի համայնքին: Սա միակ օրինական ելքն է ստեղծված իրավիճակից արժանապատվությամբ դուրս գալու համար: Եվ քանի որ երևույթի հանդեպ ըմբոստացողը հանրությունն է, ապա և քրեական գործը, բնականաբար, պետք է հարուցի հանրային շահերը ներկայացնող ատյանը` քաղաքապետարանը: Սա ոչ միային մեր, հանձնաժողովի անդամների, այլև մտահոգ ողջ հանրության պահանջն է, ուղղված պետական ատյաններին, այդ թվում Երևանի քաղաքապետարանին: Հարգանքով ու հստակ գործողությունների ձեռնարկման ակնկալիքով, Հանձնաժողովի անդամներ` Մկրտիչ Մինասյան, Լևոն Ղալումյան, Ալբերտ Զուրաբյան, Գուրգեն Մուշեղյան, Սաշուր Քալաշյան, Ասլան Մխիթարյան, Լևոն Վարդանյան, Աշոտ Ալեքսանյան, Սարգիս Սարդարյան, Ալեքսանդր Բադալյան, Կարո Այվազյան, Արսեն Առուստամյան, Գագիկ Հովհաննիսյան, Հարրի Ռաշիդյան, Հրաչյա Վարդանյան”: