Մասիսի 25-ամյա բնակիչ Վարուժան Գալստյանը երեկ տանից վերցրել է մի որսորդական դանակ եւ շտապել մտնել ՀՀ Ազգային ժողովի շենք՝ հայտարարելով, թե ինքը Հիսուս Քրիստոսն է: Բարեբախտաբար, նրան չի հաջողվել հասնել մինչեւ ԱԺ շենք. անվտանգության ՊՊԾ աշխատակիցները նախ օդ են կրակել, ապա երիտասարդի ոտքին՝ վնասազերծելով նրան հենց ԱԺ բակի աստիճանների մոտ:
Այս դեպքը հետաքրքիր է նրանով, որ 14 տարի առաջ նույնպիսի «ռոմանտիկներ» զինված մտան նույն ԱԺ շենք եւ գնդակահարեցին ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, պատգամավորներին: Ու չնայած դեպքերի տարբերությանը՝ երեկվա միջադեպից հետո գործող իշխանություններն ու հատկապես «ազգընտիրները» պետք է իրենց հաշիվ տան, թե ինչու են մարդիկ երբեմն կատաղությունից հարձակվում ԱԺ-ի վրա:
Հավելենք, որ ԱԺ շենք մտնելու փորձ արած երիտասարդի մայրը չի դատապարտում որդու արարքը: «Դուրս է եկել տնից կեսօրվա կողմերը, գնացել ա, ասաց՝ գնամ մի քիչ ման գամ: Թե հիմա ինչ ա եղել, ում ա հանդիպել, թե ինչ ա կերել, մառոժնի ա կերել, դե հիմիկվա բաներն էլ, գիտեք, ռադիոակտիվ ճառագայթներով կաթումածուն ա… Չգիտեմ, շատ վատ վիճակով եկավ մտավ տուն, սկսեց ղեկավարներին փնովել եւ ճիշտ ա անում, ես իրա կողմնակից եմ, մեր Հայաստանը ղեկավար չունի, սաղ փողոցայիններն են, իրենց հարստությունն են պահում, հենց իրանց մոտ էլ կարամ ասեմ, էդտեղ ղեկավար չկա, ապաշնորհ մարդիկ են՝ այլազգիների հետ կապված, հայերի շահերը չպաշտպանող: Ճիշտ ա արել, էնտեղ մարդ չկա, փողոցայիններ են, որ փողոցային չլինեին, կիմանային՝ Հայաստանի գյուղերում ինչ ա կատարվում»,-news.am-ին ասել է նա: