ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Նախարարը կարևորել է կրթության և գիտության ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը` անդրադառնալով համատեղ իրականացվող մի շարք նախագծերի, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրին:
Արմեն Աշոտյանը նշել է, որ բուհերում կոռուպցիոն երևույթները հնարավոր չէ միանգամից վերացնել, սական Եվրոպայի խորհրդի հետ հաջող համագործակցության արդյունքում արդեն տեսանելի են շոշափելի արդյունքներ: Նախարարը կարևորել է վերոնշյալ կառույցի հետ համատեղ իրականացվող հումանիտար ուղղվածությամբ նախագծերը, մասնավորապես, ՀՀ հանրակրթական դպրոցներում Հոլոքոստի մասին բաց դասեր վարելու վերաբերյալ:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ՀՀ երեք բուհերում լրագրողական կրթության բարելավման, ուսումնական ծրագրերի բովանդակության վերանայման անհրաժեշտությանը` այս խնդրում հատկապես կարևորելով մեր երկրում խոսքի և մամուլի ազատության հարցը: Խնդրի լուծման հարցում նախարարն ակնակալել է ԵԽ-ի աջակցությունը:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարությանն արդյունավետ համագործակցության համար` անդրադառնալով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության գործողությունների ծրագրին: Նա կարևորել է, որ բարձրագույն կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրի իրականացման նախաձեռնողը եղել է ԿԳ նախարարոթյունը` տեղեկացնելով, որ ծրագրի արդյունքների ներկայացման համար մոտ ապագայում բուհերի ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կանցկացվի համապատասխան սեմինար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: