Վերջին օրերին քաղաքական թմբիրից արթնացած ԲՀԿ-ն որոշել է կրկին հիշեցնել իր մասին` այդ նպատակով գրոհելով իր սիրելի թիրախի` վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ինչպես հիշում ենք, անցած չորեքշաբթի ԱԺ-ում ցանկացավ Տ. Սարգսյանին հարցեր ուղղել վերջինիս մերձավորների բիզնես գործունեության մասին, սակայն ՀՀԿ-ականներն ամեն կերպ ձգեցին ժամանակը` այդպիսով թույլ չտալով ԱԺ ամբիոնից հնչեցնել վարչապետին ոչ հաճո հարցերը: Ինչ խոսք, այն, որ իրեն այլընտրանք հայտարարած ԲՀԿ-ն հենց հիմա է որոշել նման հարցադրումներ անել, պատահական չէ. առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, բացի այդ` նախագահական ընտրություններին չմասնակցած եւ տեւական ժամանակ քաղաքական «աութսայդերի» դերում հայտնված ԲՀԿ-ի մասին արդեն հանրությունը սկսում էր մոռանալ: Նաեւ` չի բացառվում, որ ԲՀԿ-ականները, այնուամենայնիվ, հույս ունեին վերադառնալ կոալիցիա, սակայն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չի պատրաստվում փոխել վարչապետին, այդ ակնկալիքներն իսպառ հօդս ցնդեցին: Ուստի հիմա ԲՀԿ-ին այլ բան չի մնում, քան իշխանություններին «ատամ ցույց տալ» ու արմատական հայտարարություններ անել: Սակայն այս պարագայում հանրության մոտ կասկածներ են առաջանում ԲՀԿ-ի մոտիվացիաների ազնվության հետ կապված, եւ դժվար է բացատրել, թե ինչու, օրինակ, վեց ամիս առաջ նույն Տ. Ուրիխանյանն ԱԺ ամբիոնից չէր հետաքրքրվում Տ. Սարգսյանի մերձավորների բիզնես գործունեությամբ եւ «Նաիրիտ»-ի հետ կապված մութ պատմություններով, այն դեպքում, երբ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ այդ հարցերը բազմիցս բարձրաձայնում էին, իսկ կոնկրետ ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը նման հարցադրումների արդյունքում ստիպված եղավ քաղաքական ապաստան փնտրել Ստրասբուրգում: Միեւնույն ժամանակ, անկախ ԲՀԿ մոտիվացիաներից, Տ. Ուրիխանյանի հնչեցրած հարցը (որը նա հրապարակեց մամուլի միջոցով) պարունակում էր կոնկրետ կասկածներ` արտահայտված թվերով, եւ ընդամենը տասն ամիս առաջ հավատալու խնդրանքով ու փոխվելու խոստմամբ հանդես եկած ՀՀԿ-ական կառավարության ղեկավարը, եթե, իհարկե, թաքցնելու ոչինչ չուներ, պետք է որ չխուսափեր դրանց պատասխանել: Մինչդեռ, ինչպես միշտ, երբ փորձ է արվում ուշադրությունը շեղել բուն հարցից, այս դեպքում եւս գործի դրվեց հարցն անձնական վիրավորանքների տիրույթ տեղափոխելու գործելաոճը, եւ ԲՀԿ մամուլի խոսնակին, ով, ի դեպ, նաեւ ԱԺ պատգամավոր է, այսինքն` ժողովրդի ընտրյալ, սկսեցին պատասխանել մե՛կ վարչապետի օգնականը, մե՛կ ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչները (թեեւ նրանց հայհոյախառը հոխորտանքները դժվար է պատասխան համարել): Այս ամենին հետեւելով` դժվար է չհամաձայնել Սերժ Սարգսյանի հետ. մեր երկրի ամենամեծ խնդիրը գաղջ մթնոլորտն է, իշխանական դաշտի գաղջ մթնոլորտը:
ԳԱՂՋԱՄՏՈՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ