ՐԱՖՖԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻ՞Ր ԿԱՌՈՒՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը «Բարեւ, Երեւան» դաշինքի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ժողովուրդ»-ը զրուցել է նախկին ՕԵԿ-ականի հետ` պարզելու համար, թե ինչու է որոշել «Ժառանգություն» կուսակցության հետ մասնակցել ավագանու ընտրություններին:
-Ես մասնակցել եմ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրությունների քարոզարշավին, եւ այնպես չէ, որ հենց հիմա որոշեցի մասնակցել ավագանու ընտրություններին: Ընտրություններին մասնակցելու առաջարկն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից եղավ, իսկ դա ինձ մոտ ոչ մի բացասական բան չառաջացրեց: Իսկ ինչո՞ւ չմասնակցեմ: Եթե այս թիմն իմ կարիքն ունի, ապա ես պատրաստ եմ իրենց կողքին լինել: 
-Դուք ՕԵԿ կուսակցության անդամ եք եղել, իսկ այժմ «տեղափոխվել» եք «Ժառանգություն», Ձեզ ո՞վ է խորհուրդ տվել «ճամբարափոխ» լինել:
-Այդ որակման հետ ես բացարձակ համաձայն չեմ, ես «ճամբար» չեմ փոխել, ինձ այսօր էլ օրինաց երկիր կառուցելու գաղափարն է տարել «Ժառանգություն» կուսակցության թիմ: Իմ խորին համոզմամբ՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը ճանապարհից շեղվեց, ու հիմա ես չգիտեմ` իրենք ինչ են կառուցում: Եվ քանի որ «Ժառանգություն»-ն այդ ամենի կրողն է, ես այժմ իրենց կողքին եմ: Ինձ ոչ ոք խորհուրդ չի տվել միանալ իրենց, ես անկուսակցական եմ, մասնակցում եմ ավագանու ընտրություններին եւ «Բարեւ, Երեւան» շտաբի ղեկավարն եմ:
-Այսինքն` նշված երկու կուսակցությունների գաղափարախոսությունները նո՞ւյնն են:
-Նպատակները նույնն են. օրինաց երկիր կառուցելու գաղափարն է որդեգրել «Ժառանգություն» կուսակցությունը: Իրենք նույն նպատակն են հետապնդում: Ի՞նչ է ուզում այսօր Րաֆֆին: Րաֆֆին այսօր ուզում է, որ մենք բոլորով միասին կառուցենք օրենքի երկիր: 
-Մինչեւ այսօր շատերի համար անհասկանալի է, թե ինչ է ցանկանում Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Դուք արդեն պարզե՞լ եք նրա նպատակներն ու ցանկությունները:
-Ինձ համար պարզ է, ինչպես կապույտ երկինքը: Րաֆֆին ուզում է, որ մենք բոլորով ապրենք այդ օրենքի երկրում, օրենքի եւ արդարության Հայաստանում: Քանի որ Րաֆֆու ամբողջ երիտասարդ տարիները, ուսումնառությունն անցել են Միացյալ Նահանգներում, ինչ-որ մի տեղ նրա լեզվամտածողությունը գալիս է անգլերենից: Երբ որ նա արտահայտվում է, շատ մարդիկ, շատ դեպքերում` տգետ մարդիկ, որոնք կրթություն չունեն, դժվարանում են հասկանալ, թե Րաֆֆու միտքը որն է: Բայց գրագետ մարդու համար շատ հստակ են նրա մտքերը: Ես շատ լավ եմ ընկալել. Րաֆֆին ուզում է կառուցել օրենքի երկիր Հայաստան:
-ՕԵԿ-ից հեռանալիս Դուք հայտարարեցիք, որ ՕԵԿ-ում Հեղինե Բիշարյանը միայնակ է որոշումներ կայացնում, իսկ բոլորին է հայտնի, որ «Ժառանգության» առաջնորդն իր կուսակցականների հարցերին պատասխանում է էլեկտրոնային փոստի միջոցով: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ ամենին:
-Խմբակցությունում է Բիշարյանը որոշումներ կայացնում, այսինքն` այդ պառլամենտարիզմի գաղափարը չկա: Երբ մանդատը վայր դնելու ցանկություն կար, ես այդ ժամանակ մեկնաբանել եմ, թե ինչու այդ կոնֆլիկտն առաջացավ: Ես հանկարծակի ինֆորմացիա ստացա, որ Արծրունի Աղաջանյանը վայր է դրել մանդատը, եւ նրա տեղը գալիս է ոմն մեկը` ինձ համար անհայտ մի մարդ, ու դառնում խմբակցության քարտուղար: Իսկ երբ մի անգամ ես իմ անհամաձայնությունը հայտնեցի, դա մի տեսակ սվիններով ընդունվեց: Չնայած այդ բոլոր հանգամանքներին՝ ես «Ժառանգություն» խմբակցության հետ շատ մտերիմ եւ ջերմ հարաբերություններ ունեի: Իսկ այժմ էլ ես իրենց կողքին եմ:
Հ.Գ. Ի դեպ, ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը եւս Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակում է ընդգրկված:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս