ՐԱՖՖՈՒ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ՝ ԱՌԱՆՑ ԽԱՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդունելով Սերժ Սարգսյանի նախագահությունը, հրապարակել է Սերժ Սարգսյանին ուղղված իր վերջնական առաջարկները կամ որ նույնն է` 8 պաշտոն է պահանջել: 
Հովհաննիսյանն առաջարկել է կա՛մ արտահերթ նախագահական ընտրություններ, կա՛մ այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` միայն համամասնական ընտրակարգով: Փոփոխությունների ենթարկել ՀՀ ընտրական օրենսգիրքը եւ վերականգնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կուսակցական կարգը: Ճշգրտել ընտրացուցակները եւ հրապարակել ընտրած քաղաքացիների ցուցակները, պատժել բոլոր ընտրակեղծարարներին:
Ր. Հովհաննիսյանն առաջարկել է նաեւ իր թիմին փոխանցել հինգ մարզպետ նշանակելու իրավասությունը, ինչպես նաեւ կառավարության եւ պետական ծառայությունների ութ ոլորտների ղեկավարությունը, դրանց թվում են` դատախազությունը, հարկային եւ մաքսային ոլորտը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, արտգործնախարարությունը, կրթության եւ գիտության նախարարությունը, վերստուգիչ ոլորտը, արդարադատության խորհուրդը, հակակոռուպցիոն հանձնաժողովը:
Այսպիսով՝ ընդդիմության առաջնորդը կարծում է, որ այս ոլորտների փոփոխություններով մեր երկիրը դուրս կգա ճգնաժամից: Բայց քանի որ արտահերթ ընտրությունների մասին առաջարկը ՀՀ Սահմանադրությամբ երկրի 2-րդ դեմքը՝ Հովիկ Աբրահամյանը, համարել էր ոչ ողջամիտ, ուստի հասկանալի է, որ դրանք անմիջապես կմերժվեն: Իսկ մնացած առաջարկները ոչ այլ ինչ են, քան Սերժ Սարգսյանի հետ իշխող կոալիցիա ձեւավորելու «դիվանագիտական առաջարկ»: Ասել է թե՝ Րաֆֆին ուզում է 5 մարզպետի աթոռ, 2 ուժային գերատեսչություն (որը Սարգսյանը դժվար թե տա Րաֆֆուն), ԱԳ նախարար, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դառնալ: Ինչ վերաբերում է կրթության նախարարությանը, հավանական է՝ դա կախված լինի այն բանից, թե ում կառաջարկվի որպես թեկնածու: Իսկ հարկային, մաքսային ոլորտը, արդարադատության խորհուրդն ու վերստուգիչ ոլորտներն այնքան էլ անիրատեսական չեն, որ եթե մասամբ անցնեն Հովհաննիսյանի տիրապետության տակ: Այնպես որ, 37 տոկոս ձայն հավաքած թեկնածուն այս անգամ ամենեւին այնքան էլ անիրագործելի առաջարկներ չի ներկայացրել, եւ Սերժ Սարգսյանը հակադարձելու քիչ բան ունի: Հետաքրքիր է՝ ինչ կասի:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս