«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016 թվականի պետական բյուջեի նախագծից տեղեկանում ենք, որ 2014-2015 թվականներին, այսինքն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության գործունեության ընթացքում, ՀՀ կառավարության պարտքը աճել է 1 միլիարդ 151 միլիոն դոլարով: Այդ գումարից 894 միլիոն 200 հազար դոլարը բաժին է հասնում 2015 թվականին: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ կառավարությունն օրական պարտքով վերցրել եւ վերցնում է երկուսուկես միլիոն դոլար: Եկող տարի էլ ծրագրում են կառավարության պարտքը ավելացնել եւս 369 մլն դոլարով:
Այն, որ եկող տարվա վերջին, ներկա կառավարությունն իր պաշտոնավարման մեկ տարի ութ ամսում Հայաստանի պետական պարտքը մեկուկես միլիարդ դոլարով ավելացրած կլինի, կարելի էր անտեսել, եթե այդ գումարները նպաստեին տնտեսության զարգացմանը: Բայց փաստն այն է, որ այդ գումարները տնտեսությունում ոչ մի դրական տեղաշարժ չեն հաղորդում, եթե հաշվի չառնենք այն փաստը, որ առանձին պաշտոնյաներ դրանց հաշվին իրենց ունեցվածքը շեշտակի ավելացնում են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: