Մի շարք հանցագործություններ թաքցնելու մեջ մեղադրվող փոխոստիկանապետը մշտապես «տեղափոխությունների» մեջ է. ի՞նչ նոր պաշտոն է նրան շնորհվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` պաշտոնից ազատվելն ու կադրերի ռեզերվ ուղարկվելը «տուն տունիկ» է հիշեցնում: Սույն պաշտոնյան առաջին անգամ չէ, որ հայտնվում է այդ՝ ոչ այնքան խոստումնալից վայրում:

Այսպես, Արթուր Մեհրաբյանի անունը դեռևս 2007 թվականին հայտնվել էր Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերից մեկի կիզակետում: Արդյունքում 2009-ին ոստիկանության գնդապետն ազատվել էր Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնից: Երկու տարի անց՝ 2011-ին, Մեհրաբյանը զբաղեցրեց Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետի պաշտոնը:

Ինչն էր պաշտոնից ազատման պատճառ դարձել

Դեռ այն ժամանակ այն հարցին, թե ինչով է պայմանավորված Մեհրաբյանի` աշխատանքից ազատումը, Երևանի այդ ժամանակվա ոստիկանապետ Ներսես Նազարյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե Ա. Մեհրաբյանը լավ ոստիկան ու լավ օպերատիվ աշխատող է եղել, սակայն թույլ է տվել «վրիպում», որի պատճառով ազատվել է աշխատանքից:

Բանն այն է, որ 2008թ. դեկտեմբերին «Մոխիտո» կարաոկե-բարում դանակահարություն էր կատարվել, որը գրանցվել էր, սակայն ոստիկանների ոչ օպերատիվ գործողությունների արդյունքում իրավապահները չէին կարողացել ճշտել դեպքին մասնակից անձանց շրջանակները: Իրականում, այդ հանցագործության մեջ կասկածյալներից մեկը եղել է նաև Արաբկիրի դատախազի որդին, սակայն ոստիկանությունն այդ վարկածը չի ստուգել, թեև դա պարտավոր էր անել:

Հենց այդ «վրիպման» համար էլ Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանն ազատվել էր աշխատանքից: Նա, ըստ այդմ, հանցագործությունը թաքցրել էր:

Մեկ տարի անց այդ ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով` Մեհրաբյանը նշանակվում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի պետ:

Դեռևս անհասկանալի պատճառներով այս պաշտոնից ազատվելուց հետո 1 տարի անց՝ 2012-ին, Արթուր Մեհրաբյանը նշանակվեց Նոր Նորքի բաժնի պետ: Այստե՛ղ էլ կանխատեսվում էին խախտումներ և հանցագործությունների պարտակումներ:

Կանխատեսումներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: Արթուր Մեհրաբյանն այս պաշտոնում «գոյատևեց» 2 ամիս: Ազատման պատճառը ո՛չ ավել, ո՛չ պակաս նախկին հանցանքներն էին: Այսպես, մամուլում տարածված տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանին աշխատանքից հեռացնելու պատճառը Արաբկիր համայնքում արդեն հիշատակված մի շարք չբացահայտված հանցագործություններն էին, որոնք միտումնավոր կոծկվել էին:

Հանցանքներից մեկն էլ 2012 թվականին ուսուցչուհի Լուսինե Ղազարյանի սպանության գործին է առնչվում: Այս դեպքին ArmLur.am-ն առիթ ունեցել է անդրադառնալու: Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերվել էր 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը՝ բռնության հետքերով: Սպանության գործի քննությունը քննչական կոմիտեում կասեցված է՝ սպանություն կատարողին չբացահայտելու հիմքով:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ուսուցչուհու սպանության օրը ոստիկանների գործողություններում արձանագրված բացթողումների ու թերությունների առնչությամբ, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, նոյեմբերի 29-ին երեք ոստիկաններ ենթարկվել էին խիստ նկատողության:

Եվ ահա, այս ամենից հետո Արթուր Մեհրաբյանը ստանձնեց Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնը: Որոշ ժամանակ պաշտոնավարելուց հետո Արթուր Մեհրաբյանը կրկին կադրերի ռեզերվում է՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ կին ցուցարարին հայհոյելու պատճառով:

Այժմ մնում է սպասել, թե ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը, ով «ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու, զսպվածություն չցուցաբերելու և ծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսևորելու» համար կարգապական պատասխանատվության (նկատողություն) ենթարկվեց, ինչ նոր պաշտոնի կարժանանա: Այլ հարց է՝ որքանով է նոր նշանակումը տրամաբանության սահմաններում լինելու:

Տաթև Հարությունյան




Լրահոս