Եվրասիա համալսարանին 2 տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում է շնորհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիա միջազգային համալսարանն  ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի  ժամկետով: Նոյեմբերի 3-ին  կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»  հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովը:

Քննարկման ընթացքում Եվրասիա միջազգային համալսարանում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Տիգրան Մնացականյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները և բուհի կազմած փորձագետների  մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը: Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին: Այնուհետև տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն:

Ըստ հավատարմագրման կարգի` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհը 6 ամիսը մեկ պարբերականությամբ պետք է փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման վերաբերյալ  հաշվետվություն ներկայացնի ՈԱԱԿ:

Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն  ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում էր կայացրել ևս 15 բուհերի վերաբերյալ`մեկին շնորհելով հավատարմագրում 6 տարի ժամկետով, տասին`4 տարի ժամկետով, երկուսին`պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, երկուսի հավատարմագրումն էլ մերժել էր:




Լրահոս