Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ քննվեց «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ներկայացրած հերթական հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Գործը դարձյալ նախնական դատական նիստի փուլում մնաց՝ հետաձգվելով մինչեւ մարտի 27-ը:
Դատական նիստը բավական կարճ տեւեց, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միջնորդություն էր ներկայացրել «Ժողովուրդ»-ի լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը հանել: Բանն այն է, որ հայցադիմումի մեջ Խ. Խաչատրյանը որեւէ հստակեցում չի արել, թե ինչ է ուզում Ս. Գրիգորյանից: Ու քանի որ հստակ պահանջ չկա, հետեւաբար անհեթեթ է, որ լրագրողի գույքն արգելանքի տակ են դրել: Խաչատրյանի ներկայացուցիչ Հայկ Եգանյանը, բնականաբար, առարկեց միջնորդությանը՝ ասելով. «Մենք հայցի լրացում ենք բերել, որտեղ հստակեցրել ենք, թե ինչ պահանջներ են ներկայացված նաեւ լրագրողի նկատմամբ»: Դատավոր Ափինյանն ասաց, որ մեկը մյուսի հետ կապ չունի, եւ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ մինչեւ մարտի 27-ը: Այդ օրը դատավորը կպատասխանի՝ Աթանեսյանի միջնորդությունը բավարարում է, թե ոչ:
Դատական նիստի ավարտին փաստաբան Տիգրան Աթանեսյանը «ԳԱԼԱ TV»-ի հետ զրույցում ասաց. «Անընդհատ հայցի լրացում ներկայացնելը փաստաբանների մասնագիտական վրիպակն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են օլիգարխները վերաբերվում դատարանին եւ օրենսդրությանը: Եվ լինելով հարուստ մարդիկ՝ ափսոսում են գումար ծախսել լավ փաստաբան ունենալու համար: Հայցվոր կողմի ներկայացուցիչներն իրենց պահում են էթիկայի նորմերին անհարիր, ոչ համապատասխան»: Ասել է թե՝ Խ. Խաչատրյանը դեկտեմբերից մինչ օրս այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, թե, ի վերջո, «Ժողովուրդ» օրաթերթի հատկապես որ հրապարակումներն են իրեն այդքան խորը վիրավորել:
Հիշեցնենք, որ Խ. Խաչատրյանը խստորեն վիրավորվել է «Ժողովուրդ»-ի հետեւյալ հրապարակումից. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երեւանի ու Գյումրու խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա: Զրուցեցինք Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: «Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել, ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք»,-ասաց Խ. Խաչատրյանը: Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում»: