ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր ներկայացնել Սուրբ Զատիկի տոնին նախորդող կիրակի օրվա՝ Ծաղկազարդի տոնի խորհուրդը:
Արփինե Պողոսյան
(21 տարեկան, ուսանողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնություն Դավթի որդուն»: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի եւ փառքի խորհրդանշան: Ձիթենու եւ արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը` ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է սուրբ պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են եւ խորհրդանշում են հեթանոսներին, պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես թագավոր՝ հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող եւ կենդանություն պարգեւող:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մաղթենք, որ հավատացյալ հայությունը ճշգրտորեն հետեւի եկեղեցու խորհուրդներին: