ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հերթական անգամ ամոթալի իրավիճակում հայտնվեց: ԱԺ նիստի մեկնարկը արձանագրելիս նա մոռացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգել: Սահակյանը սովորականի պես սկսեց նիստը վարել, ինչը դուր չեկավ պատգամավորներին: Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը բղավեց, թե՝ մի րոպե կանգնենք, հարգենք զոհերի հիշատակը, նոր նստենք: Սահակյանն ասաց. «Իհարկե, մենք առավոտյան արարողություն կատարել ենք, բայց եթե ցանկություն կա, կարող ենք մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»: Այնուհետեւ հայտարարվեց լռության եւ հիշատակի րոպե:
Հասկանալի է, որ հոկտեմբերի 27-ի սպանդը Գալուստ Սահակյանի համար պաշտոնական վերելքի յուրօրինակ հնարավորություն բացեց, բայց ամեն դեպքում տգեղ է, երբ խորհրդարանի ղեկավարն իր գործընկերների հիշատակը հարգում է հուշումից հետո միայն: Եւ, ընդհանրապես, պետական այդ ահաբեկչության զոհերի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու ավանդույթը մեր երկրում տարեցտարի, կարծես թե, փոխվում է: Այլեւս անգամ ձեւական ժեստեր չեն արվում պետական պաշտոնյաների կողմից: Սերժ Սարգսյանը, որ նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքին մասնակցելու ժամանակ գտել էր, ո՛չ սպարապետ Վազգեն Սարգսյանի, ո՛չ էլ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հարգելու համար Եռաբլուր ու Պանթեոն չայցելեց: Եռաբլուրում չէր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն ուղղակի պարտավոր էր հայոց բանակի հիմնադիր սպարապետի հիշատակը հարգել՝ անձամբ խոնարհվելով նրա շիրիմին: Եռաբլուրում էր փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը իր կարճատեւ քաղաքական կարիերայի ընթացքում հասցրել է լինել ՕԵԿ, ՄԻԱԿ, այժմ էլ ՀՀԿ անդամ: Ուստի ԱԺ-ում նրա երեկվա ելույթը, որի ընթացքում նա ծաղրեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, շատերի մոտ տարակուսանք առաջացրեց: Ինչու է իշխանությունների երբեմնի սիրելի Անդրեասյանն արժանացել երիտհանրապետականի «նզովքին»: Ընդ որում, Կ. Անդրեասյանն էլ հայտարարեց. «Ես տրորել եմ մեկի ոտքը ու ես գիտեմ այդ ոտքը, որը պատվեր է իջեցրել»: Ըստ օմբուդսմենի՝ քաղաքական պատվեր է եղել: Ի՞նչ է, ի վերջո, կատարվում: Այս հարցի պատասխանն առավել խորը արմատներ ունի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի եւ նրա հարազատ եղբոր՝ AM իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանի լարված հարաբերություններն են: Բանն այն է, որ օմբուդսմենը Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերն է: Ու քանի որ Ֆարմանյանն էլ Սերժ Սարգսյանի փեսայի «կոճակն» է ԱԺ-ում, ուստի նրան ու էլի մի քանի հոգու հրահանգված էր «ոչնչացնել» ՄԻՊ-ին:
Անցած ուրբաթ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի շուրջ շարունակում են տարբեր լուրեր շրջանառվել: ՔԿՎ լրատվականն, իհարկե, լուրերը հերքեց՝ վստահեցնելով, թե խոշտանգումներ չեն եղել, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է հիմա ծառայողական քննություն նշանակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դիմակավորված հատուկջոկատայինները մուտք են գործել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 2-րդ հարկում գտնվող 15-րդ խուց՝ իբրեւ թե ապօրինի պահվող հեռախոս փնտրելու: Տեղեկացնենք, որ այդ խցում է պահվում նաեւ դատապարտյալ Գոջին: Վերջինիս պարանոցին ոսկե շղթան է եղել, ինչն իրավապահներին դուր չի եկել: Գոջին երկար ժամանակ դիմադրել է՝ ասելով. «Ես ռազբոյի համար եմ նստել, բայց հիմա դուք եք իմ նկատմամբ ռազբոյ իրականացնում, էս ի՞նչ ձեւ է, 1 տարի իմ վզից կախված է եղել շղթան…»: Սակայն այցելուներն ի վերջո շղթան խլել են դատապարտյալից ու հեռացել: Այս բղավոցների ժամանակ դատապարտյալներն այրել են իրենց խցերում եղած սրբիչները՝ ի նշան բողոքի:
ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում պատրաստվում է հավանություն տալ հերթական վարկային համաձայնագրին: Այս անգամ կառավարությունը պատրաստվում է 113 մլն դոլարի վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից՝ 22 տարի ժամկետով: Ըստ վարկային համաձայնագրի, որը հոկտեմբերի 13-ին է ստորագրվել եւ այժմ կառավարությունը պետք է այն վավերացնի, գումարը տրամադրվելու է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում: Այլ կերպ ասած՝ նշված գումարներով նախատեսվում է Երեւանի մի քանի փողոցներում շինարարական աշխատանքներ կատարել: Սակայն ամենակարեւորը, այսպես կոչված, «խորհրդատվական ծախսեր» տողն է: Պարզվում է՝ այս նպատակով վատնվելու է վարկի ընդհանուր գումարի ավելի քան տասը տոկոսը՝ 12 մլն 620 հազար դոլար: Նշենք, որ վարկային միջոցների մսխման ամենատարածված մեթոդը հենց, այսպես կոչված, խորհրդատվական ծախսերի միջոցով ահռելի գումարներ դուրս գրելն է: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ վարկը հետագայում հարկատուների միջոցների հաշվին է մարվելու:
ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Երեկ` հոկտեմբերի 27-ի 16-րդ տարելիցի օրը, զոհերի հարազատներն ու կուսակցական ընկերները դարձյալ հայտարարեցին, որ այդ ոճրագործությունը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո: Իհարկե, այն փաստը, որ նախաքննության եւ դատավարության ավելի քան 4 տարիների ընթացքում գործող իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Ռ. Քոչարյանի բնորոշմամբ` «ուչաստկովիի» մակարդակի այդ գործը չբացահայտվի, փաստում է, որ եթե ոչ կազմակերպման, ապա առնվազն իմանալ-չկանխելու եւ կոծկելու մասով իշխանությունները մեղսակից են:
Սակայն այստեղ կա հարցի մյուս կողմը. իսկ գործի բացահայտման համար ինչ են արել իրենք` զոհերի հարազատներն ու կուսակցական ընկերները: Ինչու նրանք ժամանակին չեն օգտվել իրենց տրված հնարավորություններից եւ հանրային աննախադեպ մեծ աջակցությունից: Նկատենք, որ հոկտեմբերի 27-ն այն եզակի դեպքն է, երբ ողջ ժողովուրդը պահանջատեր էր, եւ անգամ դեպքից 16 տարի անց այդ հարցը հուզում է յուրաքանչյուր հայի: Ուստի եթե լիներ կամք եւ ցանկություն, ապա նույն Վ. Սարգսյանի եղբայրները կամ Կ. Դեմիրճյանի որդին կարող էին շատ արագ երկրում իրավիճակ փոխել` հանրային բացարձակ աջակցության պայմաններում իշխանափոխություն իրականացնելով: Մինչդեռ, ինչպես հիշում ենք, Վ. Սարգսյանի եղբայր Արամ Աարգսյանը 1999թ. դեկտեմբերից մինչեւ 2000թ. մայիսի սկիզբը` ամբողջ 5 ամիս, իր ձեռքին ունենալով ուժային բոլոր լծակները` սկսած բանակից, ավարտած ԱԱԾ-ով, ոչինչ չարեց: Իսկ նրա գաղափարակից ընկերը` այն ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանն էլ մարտի 3-ի հայտնի գիշերային ասուլիսից ընդամենը 2 ամիս անց, ստանալով վարչապետական աթոռը, անվերադարձ մոռացավ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին իր պահանջները:
Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին, ապա նա էլ իշխանափոխություն իրականացնելու եւ այդպիսով գործի բացահայտմանը հասնելու իր շանսը բաց թողեց 2004-ի ապրիլի 12-ին՝ իր հետեւորդներին Բաղրամյան փողոցում թողնելով ոստիկանական մահակների առաջ եւ գնալով «թեյ խմելու»: Իսկ 2012-ից ի վեր պարոն Դեմիրճյանը ամեն օր խորհրդարանում հանդիպում է 27-ի գործը քննած նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ով խոստանում էր պաշտոնը թողնելուց հետո ցնցող բացահայտումներ անել: Դժվար է ասել` արդյոք պարոն Դեմիրճյանին բավարարել են խմբակցական իր գործընկերոջ «բացահայտումները», համենայնդեպս, նա այդ «բացահայտումների» հիման վրա որեւէ գործողության չի դիմել:
Դե, իսկ Արմեն Սարգսյանի մետամորֆոզները գերազանցում են բոլորին. նա, պարզվում է, կարծում է, որ 27-ին թերացել էր ԱԱԾ-ն, իսկ, ահա, Սերժ Սարգսյանը անձնապես մեղավոր չէր: Հավանաբար ներկայումս Պն նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը մոռացել է, որ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարարն էր, հետեւաբար` ԱԱԾ թերացման թիվ մեկ պատասխանատուն:
Միով բանիվ, որքան էլ ցավալի է՝ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի, քանի որ դրանում այսօր այլեւս որեւէ մեկը շահագրգռված չէ: