ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԽԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականին ՀՀ Ազգային ժողովը ցնծում էր ելույթներով, թե իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Անդրեասյանն անփոխարինելի մասնագետ է եւ հենց նա պետք է ՀՀ օմբուդսմեն դառնա: Ու չնայած մամուլի դաժան քննադատություններին, այնուամենայնիվ, նա ստացավ 83 պատգամավորների կողմ ձայները եւ դարձավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: Քվեարկությունից մոտ 4 տարի անց, պարզվում է, Անդրեասյանը անլուրջ երիտասարդ է, որի համար ՄԻՊ պաշտոնը իր քաշից մեծ ծանրաձող է:

Ի՞նչ է տեղի ունեցել իշխանական բուրգում, որտե՞ղ է սայթաքել Կարեն Անդրեասյանը, որ 6 տարի ժամանակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց 4 տարի հետո իշխանական պատգամավորների դաժան քննադատությանն է արժանանում: Նկատենք, որ իշխանական պատգամավորները երբեք այնպիսի ակտիվություն չէին ցուցաբերել որեւէ պետական պաշտոնյայի նկատմամբ, ինչպես դա եղավ ՄԻՊ-ի դեպքում: Արդեն երկու օր է, ինչ ԱԺ-ում նույնիսկ ընդդիմության կարիքը չկա. ՀՀԿ-ի «նախագահական թեւը» գրավել է այդ դաշտը: Եւ Կարեն Անդրեասյանը ստիպված է լինում ընդմիջումներին ԱԺ ճաշարանում անցկացնել լրագրողների հետ. օմբուդսմենի հետ շփվելը մեր երկրում դարձել է խիստ վտանգավոր:
«Կարելի՞ է այդքան անլրջացնել օմբուդսմենի տարեկան զեկույցը: Եթե օրենքի պարտադրանքով ՄԻՊ տարեկան զեկույցը խորհրդարանում չքննարկվի, գուցե մեր հասարակությունն ընդհանրապես տեղեկություն չունենա, թե ինչով է զբաղվում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանը… Մենք այդքան միջոցներ ենք ծախսում, որ արդյունքում ունենանք նման անատամ զեկո՞ւյց, սա անլուրջ է»,- հայտարարեց ներկայումս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որի ելույթի մեջ ակնհայտ վիրավորանքներ կային առ Անդրեասյան:
ՀՀ օմբուդսմենն էլ նրան հակադարձեց առանց անուն տալու՝ ասելով. «Ես խոսում եմ հարյուր երեսուն պատգամավորի եւ մեկի մասին, որը անում է ոչ բարոյական աշխատանք ու կատարում է որոշակի պատվեր: Ես բացատրեմ իմ խոսքի իմաստը՝ ես անձնական թշնամիներ չունեմ այս դահլիճում, նույնիսկ այդ մեկի հետ, սակայն եթե մարդը իջնում է այդ մակարդակի ու նման ելույթ ունենում, ուրեմն նշանակում է՝ նրա հետեւում կանգնած ինչ-որ մեկի ոտքը տրորել եմ: Ես գիտեմ այն ոտքը, որ ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել»:
Այն, որ Կարեն Անդրեասյանը խիստ զգուշավոր է, լղոզում է երեւույթները, համարձակության խնդիր ունի եւ այլն, մամուլում շատ է գրվել ու քննադատվել: Նա իսկապես օմբուդսմենի ինստիտուտը իր իներտությամբ բավականին արժեզրկել է: Բայց այս իրավիճակում հետաքրքիր է մեկ հարց՝ ո՞ւմ տրորված ոտքի մասին էր խոսում Կարեն Անդրեասյանը, որ այդպես էլ չգաղտնազերծեց:
Թեեւ Հայաստանի իշխանական բուրգին մոտ կանգնած յուրաքանչյուր ոք կարող է փաստել, որ Անդրեասյանն այսօր անասելի լարված հարաբերություններ ունի Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ:
Եւ որպեսզի հասկանալի լինի այսօրվա իրավիճակը, նախ տեղեկացնենք, որ Կարեն Անդրեասյանը Միքայել Մինասյանի եղբոր՝ Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերն է: 4 տարի առաջ հենց Գրիգորի միջնորդության արդյունքում Միքայել Մինասյանը լոբբինգ արեց Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի Անդրեասյանը ՄԻՊ դառնա: Ավելին՝ Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը համատեղ իրավաբանական «AM» ընկերությունը հիմնեցին եւ «հաշտ ու համերաշխ ապրում էին» այնքան ժամանակ, մինչեւ մի օր Միքայել Մինասյանի եւ հարազատ եղբոր միջեւ ինչ-որ «սեւ կատու անցավ»:
Ի դեպ, եղբայրների լարված հարաբերությունների մասին մամուլում շատ է գրվել: Եւ անզեն աչքով նկատելի է, որ մեդիամագնատ Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող լրատվական միջոցներում տեղադրված եղբոր «AM» ընկերության գովազդները կամաց-կամաց հանվեցին, «Ջազվե» սրճարանների ցանցերում սեղաններին դրված գովազդային քարտերը եւս անհետացան եւ այլն:
Բայց ինչպես ասում են՝ ընտանիքը մութ անկյուն է, ու դժվար է ասել, թե իրականում ինչու են լարվել երկու եղբայրների հարաբերությունները: Թերեւս նրանց հայրը՝ հայտնի եւ սիրված բժիշկ Արա Մինասյանը, կզբաղվի այդ հարցով: Մենք եւս երբեւէ չէինք անդրադառնա այս թեմային, եթե նրանց փոխհարաբերությունների արտացոլումը չմտներ հայրենի խորհրդարան, ու ԱԺ պատգամավորներն էլ չկատարեին եղբայրներից մեկի պատվերն ընդդեմ մյուս եղբոր (այս դեպքում՝ եղբոր ընկերոջ դեմքով): Սա, համաձայնեք, արդեն զզվելի է եւ չի դիմանում որեւէ քննադատության:
Հ. Գ. Փոխանակ ե՛ւ օմբուդսմենը, ե՛ւ ԱԺ պատգամավորներն ամեն ինչ անեն՝ երկու եղբայրներին հաշտեցնելու համար, «հերոսական ելույթներով» մտնում են «մատի ու մատանու» արանքը՝ հրճվելով Միքայել Մինասյանին հաճոյանալու կամ ինչ-որ բան հասկացնելու հերթական առիթից: Արդյո՞ք արժեր: Սթափվե՛ք, պարոնա՛յք:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՕՍԿԱՆՅԱՆԻ ԻՆՏՐԻԳԸ
Արդեն երկրորդ օրն է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, երկար բացակայությունից հետո կրկին սկսել է գալ խորհրդարան: «Ժողովուրդ»-ը նկատել է, որ երեկ նույնիսկ Վ. Օսկանյանը ինչ-որ խնդիրներ էր քննարկում տարբեր պատգամավորների հետ: Մենք փորձեցինք Վարդան Օսկանյանից պարզել՝ արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ վերջինս նպատակ ունի կուսակցություն հիմնել ու ինչու ընդհանրապես չի մասնակցում ԱԺ ԲՀԿ խմբակցության աշխատանքներին: Սակայն Օսկանյանը հայտարարեց, թե ինքը հարցերին չի պատասխանում ու շտապեց խորհրդարանի դահլիճ: «Քեզ հետաքրքրական չի՞, որ այդ ինտրիգը մնա: Ուրեմն պետք է սպասել, սպասեք, որ ինտրիգը պահպանվի»,-պատասխանեց Օսկանյանը:

 

ԳՈՂԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՈՍՏԻԿԱՆ
Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հանդես եկավ շատ սուր քննադատությամբ: Պատգամավորը խոսեց Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման հարցի մասին. «Տասը զոհերից երեքը` Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը եւ Գոռ Քլոյանը, սպանվել են «Չերյոմուխա-7» տեսակի զենքից արձակված կրակոցից: Նախաքննություն իրականացնող մարմինը հայտարարում է, որ երեք ոստիկաններ են այդ օրը օգտագործել այդ զենքը, հայտնի է նաեւ նրանց անունները, սակայն այդ ոստիկանները գոնե մեկ րոպե, գոնե մեկ ժամ ազատությունից չեն զրկվել»: Փաշինյանը նշեց, որ շատերին է ձեռնտու, որպեսզի այդ ոստիկանները մնան ազատության մեջ, որովհետեւ, հայտնվելով բանտում, նրանք կարող են պատմել բաներ, որոնք մի քանիսին ձեռնտու չեն: «Գործի շրջանակներում այդ ոստիկանները ցնդաբանություն են գրել քաղբանտարկյալների մասին, իսկ էն, ինչ տեղի է ունեցել իրենց աչքի առաջ, չեն տեսել, նրանք չեն տեսնում: Թող բացահայտեն իրենց կատարած հանցագործությունը: Հայաստանի ոստիկանները ամենագողական ոստիկաններն են, իրանք գրող տղերք չեն: Ոստիկանության պետը սրան-նրան է ասում՝ պատգամավո՞ր եք, թե՞ գողական: Հիմա դուք գողական ե՞ք, թե՞ ոստիկան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

ՆՊԱՍՏՆԵՐԸ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է՝ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ երեխայի խնամքի համար նախատեսված նպաստը՝ 18 հազար դրամը, դեռ չի բաժանվել: Այդ նպաստը սովորաբար տրվել է յուրաքանչյուր ամսվա 24-ին կամ 25-ին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Մեր հարցմանը նշված նախարարությունից պատասխանեցին. «ՀՀ պետական բյուջեում ֆինանսական վերաբաշխումներ են կատարվել: Խնդիրը 1-2 օրվա ընթացքում կլուծվի»:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑԻՆ
Ոստիկանությունը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները՝ ըստ տարածքների եւ հանրաքվեի տեղամասերի:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում, ինչպես նաեւ տեղադրված են ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում։

 

«ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍԸ ՀԱԶԱՐ…»
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հարցում ոչ-ի դաշտի ուժերի` միմյանցից տարբերվող դիրքորոշումներին` Աժ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Կռիվ է՝ մենք ամենալավ ընդդիմությունն ենք, մենք ամենալավ ոչ-ն ենք: Մի մասը ասում է՝ չեմ կարդալու, չեմ մասնակցելու, մյուս մասն ասում է՝ իշխանափոխություն, մյուս մասն ասում է՝ սպասենք, հլա տեսնենք՝ ինչ է լինում, դրանից հետո իշխանափոխության հարց լուծենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այսինքն՝ կարծիքների տարափ է, որը անհանգստություն կպատճառի ժողովրդին, որից մի քանի տասը հազար հավատավոր ժողովուրդ նորից կգնան տուն, կմտածեն, որ ոչինչ հնարավոր չէ անել»:

 

ՍՏՈՒՄ ԵՆ
ԼՂՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հաղորդագրությունն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ երեկ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի` դա հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է եւ իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ ըստ ԼՂՀ ՊՆ-ի` դիտարկման ավարտին հենց ադրբեջանական կողմն է ավտոմատ հրազենից կրակահերթեր արձակել:

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրամանագրով նշանակվել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ: Հիշեցնենք, որ մինչ այդ էթիկայի հանձնաժողովը նախագահում էր ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, ով այժմ զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը:

 

ՄԵԿՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայանալիք 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:




Լրահոս