ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-Ի ՄԻՋԱԴԵՊԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավորված անձանց կողմից դատապարտյալների նկատմամբ տեղի ունեցած հարձակման մասին տարբեր տեղեկություններ հրապարակվեցին: «Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից: Պարզվում է՝ դիմակավորված անձինք մինչ դատապարտյալների վրա հարձակում իրականացնելը հանդիպել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրող ցմահ դատապարտյալ «զոն նայող» Իջեւանցի Դավիթի հետ:

Հիշեցնենք՝ նշված օրը՝ 22:30-ի սահմաններում տեղեկություններ տարածվեցին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալները խոշտանգումների են ենթարկվում: Կալանավորներն էլ ստիպված են եղել ներսում հրդեհ կազմակերպել, որպեսզի ուշադրություն գրավեն, օգնություն հայցեն:
Երբ իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները հրապարակեցին տեղեկությունը, յուրաքանչյուրն իր լավատեղյակ աղբյուրներից օգտվելով, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունը շտապեց հերքել, որ նման բան չկա: Բայց գործին խառնվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նրա ներկայացուցիչները զրուցել էին ավելի քան 150 ազատազրկվածների հետ: Ոմանք հաստատել էին, որ խուզարկության ընթացքում լսել են տարօրինակ ձայներ, ինչից ենթադրել են, որ կիրառվում է բռնություն: Որոշ ազատազրկվածներ էլ պատմել են դիմակավոր անձանց մասին՝ պնդելով, թե իրենք ի նշան բողոքի այրել են սրբիչներ եւ դուրս են նետել պատուհաններից:
Այսքանից հետո Արթուր Օսիկյանի ղեկավարած քրեակատարողական հիմնարկների վարչությունը, որ մինչ այդ հերքում էր կատարվածը, պաշտոնապես հայտարարեց, թե ծառայողական քննություն է նշանակված: Թե ինչ կպարզի քննությունը, ապագան ցույց կտա, «Ժողովուրդ»-ը դարձյալ դիմեց լավատեղյակ աղբյուրներին՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

«Զոն նայողը»
Ըստ մեզ հասած տեղեկությունների` նշված օրը մոտ 30 դիմակավորված անձինք, որոնք եղել են 6-րդ վարչության ներկայացուցիչներ, մուտք են գործել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հայտարարելով, թե ստուգումներ պետք է իրականացնեն, կամ ինչպես ընդունված է դատապարտյալների շրջանում ասել՝ «շմոն անեն» խցում: Սակայն մինչ համապատասխան գործողությունների գնալը, դիմակավորված անձինք հանդիպել են ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ, ինչպես ասում են՝ «զոն նայող» իջեւանցի Դավիթի հետ: Ըստ դատապարտյալների շրջանում պտտվող խոսակցությունների՝ «զոն նայող» Դավիթը ասել է, թե կարող են «շմոն» անել, սակայն «ճիշտ չէ դուբինկաներով մտնել» կալանավորների խցերը: Բայց դատելով բարձրացված աղմուկից՝ համազգեստավորները չեն ընդունել ասվածը եւ գործողություններն իրականացրել են դիմակավորված, մահակներով:
Ահա, այստեղից էլ սկսվել է աղմուկը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դիմակավորված անձինք առաջինը մուտք են գործել 2-րդ հարկում գտնվող 15-րդ խուց, որտեղ եղել է դատապարտյալ Գոջին: Նրա պարանոցի ոսկե շղթան համազգեստավորներին դուր չի եկել: Իհարկե, Գոջին երկար ժամանակ դիմադրել է՝ ասելով, թե. «Ես ռազբոյի համար եմ նստել, բայց հիմա դուք եք իմ նկատմամբ ռազբոյ իրականացնում, էս ի՞նչ ձեւ է: 1 տարի է, այդ ցեպն իմ վզից կախված է, ինչի հիմա հիշեցիք, ուզում եք տանել…»: Մոտավորապես այսպիսի խոսակցություն է եղել համազգեստավորների ու կալանավորի միջեւ, սակայն դիմակավորված ուժայինները, այնուամենայնիվ, շղթան պոկել, տարել են:
Ըստ էության դատապարտյալ Գոջի եւ օրինականություն հաստատելու, ապօրինի օգտագործվող հեռախոսներ հայտնաբերելու համար կալանախուց մտած դիմակավորվածների միջեւ սկսված վիճաբանությունն է առիթ դարձել, որ մյուս դատապարտյալները աղմուկ բարձրացնեն ու իրեր այրեն՝ օգնություն խնդրելով:

Վարկած առաջին
Ըստ դատապարտյալների շրջանում տարածված լուրերի՝ այս պատժիչ գործողությունների պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ընդունել է Հայաստանում գտնվող «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» (CPT) պատվիրակությանը: Ավելի ուշ կոմիտեի (CPT) պատվիրակության անդամները այցելել են քրեակատարողական հիմնարկներ, որտեղ դատապարտյալները պատմել են, որ ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններում են ապրում, խցերի համար գումար են «վճարում», տարաբնույթ կենդանիների ու միջատների հետ են քնում, արթնանում, մահճակալներ չկան խցերում եւ այլն: Դատապարտյալները դժգոհել են նաեւ, որ առնետների դեմ իրենք են պայքարում, եւ եթե չլինի իրենց հարազատների օգնությունը` սննդի եւ գումարի տեսքով, ապա անհնար կլինի պարզապես ՔԿՀ-ում ապրել: Եւ հիմա շատ դատապարտյալներ կարծում են, որ այս բողոքը զայրացրել է ՔԿՀՎ պետ Արթուր Օսիկյանին, եւ նա դիմել է նախկին գործընկերներին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի ստուգեն խցերը՝ հեռախոսներ հայտնաբերելու մշտական կասկածով եւ դաս տան բողոքողներին:

Վարկած երկրորդ
Ըստ դատապարտյալների շրջանում տարածված խոսակցությունների` չի բացառվում, երբ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացել է, որ դատապարտյալները աղմկալի բողոքներ են ներկայացրել եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությանը, հանձնարարել է ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանին կարգ ու կանոն հաստատել: Եվ Օսիկյանն էլ ոլորտից անտեղյակ նախարարին փորձել է այդ կերպ ցույց տալ, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչպես իրեն թվում է: Ասել է թե՝ Արթուր Օսիկյանը եւ Արփինե Հովհաննիսյանը ներհամակարգային կռվի մեջ են մտել, ինչի արդյունքում տուժում են դատապարտյալները:

Նախարարության ու վարչության պարզաբանումը
Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն: ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, թե ԶԼՄ-ներում տարածված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռնությունների մասին լուրերը ճշգրտելու նպատակով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գրության հիման վրա քրեակատարողական վարչության պետի կողմից հոկտեմբերի 26-ին նշանակվել է ծառայողական քննություն: Ծառայողական քննության արդյունքները հրապարակելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել դեպքի մանրամասներից: Իսկ, ահա, ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը, անդրադառնալով մեր տեղեկություններին, ասաց, թե առայժ ձեռնպահ կմնան որեւէ մեկնաբանություն տալ մինչեւ ծառայողական քննության ավարտը:
Ինչ ավարտ կունենա նշանակված ծառայողական քննությունը, ժամանակը ցույց կտա: Հուսանք, որ այն «աչքերին թոզ փչելու» հերթական քայլը չէ:

 

 

 

 
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 25-ին Աշտարակի «Արծվի թեւ» կոչվող տարածքի հետնամասում դանակի հարվածներից մահացած 30-ամյա Սուրեն Հարությունյանի սպանությունից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Հիշեցնենք, որ մահացած երիտասարդը տաքսու վարորդ էր, եւ ինչը կարող էր լինել 30-ամյա Սուրեն Հարությունյանի սպանության պատճառը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված օրը Սուրենը, իր ընկերը եւ եւս երկու աղջիկ վերոնշյալ տարածքում խնջույք են կազմակերպել: Խնջույքն անցել է բարձր տրամադրությամբ: Ավելի ուշ մասնակիցները փոքր ինչ գինովցել են, որից հետո Սուրենը ներկաներին պատմել է, որ ընտանիքի անդամներից փոքր-ինչ նեղված է: Դեպքից հետո ներկաները պատմել են, թե իբր Սուրեն Հարությունյանի ընկերուհին, ընկերն ու ընկերոջ ընկերուհին հանգստացրել են նրան, սակայն երբ Սուրենը կենաց է ցանկացել ասել, ներկաները նրան չեն լսել եւ այլ թեմայի շուրջ են խոսել: Այս փաստը խիստ զայրացրել է մինչ այդ արդեն սրտնեղած Սուրեն Հարությունյանին, որն էլ դանակով հարվածել է իր կրծքավանդակին:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` հենց Սուրեն Հարությունյանի ընկերներն էլ նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել: Արդյո՞ք Սուրեն Հարությունյանն է իրեն զրկել սեփական կյանքից, ինքնասպան է եղել, թե՞ նրան սպանել են, ցույց կտա տարվող քննությունը:
Սակայն փաստ է, որ դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի սպանություն հատկանիշներով:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ԻՆՉՈՒ ԿՐԱԿԵՑԻՆ ՄԻՄՅԱՆՑ
Հոկտեմբերի 25-ին «Մետաքս Գոլդ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցները տարաբնույթ հրապարակումների տեղիք տվեցին: Լուրեր շրջանառվեցին, թե բախումը տեղի է ունեցել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավորների եւ մի քանի այլ երիտասարդի միջեւ, որոնք էլ իրենց հերթին հանդիսանում են քրեական հեղինակություն համարվող Մետաքսի Պելեի մտերիմները:
Այն, որ Մետաքսում տեղի ունեցած միջադեպը պետք է կապվեր Գագիկ Բեգլարյանի հետ, միանգամայն տրամաբանական է, քանի որ նա համարվում է Մետաքս թաղամասի գլխավոր դերակատարը, կամ ինչպես ասում են՝ հարց լուծողը: Բայց հոկտեմբերի 24-ին հնչած կրակոցները այնքան էլ «բարձրաստիճան» չէին:
Նախ հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին հիշատակված վայրում հրազենային վիրավորում են ստացել չորս երիտասարդ՝ Վլադիմիր եւ Վահագն Գեւորգյանները, Արման Ավագյանն ու Արման Սրապիոնյանը: Երիտասարդները հայտարարել էին, թե չեն ճանաչում «հակառակորդ» կողմին: Սակայն կարճ ժամանակում հայտնի դարձավ, որ իրականում նրանք իրար ավելի քան լավ են ճանաչում:
Այսպես, ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ վիրավոր 4 երիտասարդներն իրենց «թայֆայով» մշտապես բախման մեջ են եղել Մետաքսի Մայիսիկի եղբորորդի Դավիթի, նրա փեսա Մետաքսի Պելեի շրջապատի հետ: Իսկ հերթական կրակոցը հնչել է նրանց ունեցած վաղեմի թեմայի համար. երկու խմբավորումները թաղամասում իրենց ազդեցությունը մեծացնելու համար մշտապես վիճել են միմյանց հետ՝ պարբերաբար բախվելով միմյանց: Մեզ տեղեկություններ հասան նաեւ, որ մոտ մեկ տարի առաջ տղաները եւս մի լուրջ միջադեպի մեջ են ընկել: Պարզապես ամեն ինչ այս անգամվա ավարտը չի ունեցել, աղմուկ չի բարձրացել:
Սակայն այս անգամ հնչած կրակոցները մեծ աղմուկ առաջացրեցին, քանի որ «գործի մեջ ոստիկան» կար: Մեր հավաստի տեղեկություններով՝ վիրավորված Վլադիմիր Գեւորգյանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի որդու աներձագն է: Դրա համար էլ այս անգամ հնարավոր չի եղել անաղմուկ կարգավորել խնդիրները, եւ այսօր կրակոցների փաստի առթիվ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Ու մինչ խնդիրը իրավական հարթությունում քննության առարկա կդառնա, ցուցմունքներ կվերցնեն ու ընթացք կտան, կողմերին Մետաքսի դերակատարներն արդեն «բարիշեցրել են»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս