ԼՐՏԵՍԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Իվան Վոլինկինը: Այս նշանակումը բավականին բուռն քննարկման առարկա է դարձել հատկապես հարեւան Վրաստանում: Բանն այն է, որ Վոլինկինը մեկն է այն երեք բարձրաստիճան դիվանագետներից, որոնք 2007թ. վրացական իշխանությունների կողմից մեղադրվել են լրտեսության մեջ եւ արտաքսվել երկրից: Իսկ մինչ այդ վրացական լրատվամիջոցներում տարածվել էին տեսագրություններ, որոնք փաստում էին  վրաց ընդդիմության ներկայացուցիչների` Գեորգի Խաինդրավայի, Կոնստանտին Գամսախուրդիայի եւ այլոց հետ` իշխանափոխություն իրականացնելու նպատակով Վոլինկինի ոչ դիվանագիտական համագործակցության մասին: Ի պատասխան Ռուսաստանի իշխանություններն էլ արտաքսեցին երեք վրաց դիվանագետների: Ու թեեւ Վոլինկինը հերքեց իր հասցեին հնչած մեղադրանքները, եւ կարծես թե այդ սկանդալը մարեց, սակայն մինչ օրս նա շարունակում է Վրաստանում համարվել «պերսոնա նոն գրատա»` անցանկալի անձ, որի մուտքն այդ երկիր արգելված է: Եվ ահա Պուտինը հազարավոր բարձրակարգ ռուս դիվանագետներից հենց Վոլինկինին է որոշել Հայաստանում դեսպան նշանակել, բնականաբար, հաշվի առնելով վերջինիս դիվանագիտական կենսագրության վերը նշված դրվագը: Հարց է առաջանում` ինչու: Ինքնին հասկանալի է, որ այս նշանակումը, մեղմ ասած, չի նպաստի հայ-վրացական հարաբերությունների բարելավմանը, քանի որ բավականին տհաճ է, երբ քո երկրում լրտես համարվող դիվանագետին հարեւան երկրում նշանակում են դեսպան եւ ընդունում ամենայն հարգանքով: Եվ ուրեմն` ի՞նչ կարիք կար այս նշանակմամբ հերթական անգամ Հայաստանին անհարմար դրության մեջ դնել: Կարծել, թե Ռուսաստանը խանդով կարող էր վերաբերվել հայ-վրացական հարաբերությունների հնարավոր սերտացմանը, թերեւս ճիշտ չի լինի, քանի որ այդ հարաբերությունների սերտացման առանցքում գտնվող տնտեսաքաղաքական հարցը` աբխազական երկաթուղու վերաբացումը, մեծապես կախված է հենց Ռուսաստանի կամքից: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների` եվրաինտեգրացմանն ուղղված քաղաքականությանը, եթե հավատանք Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսում հնչեցրած հավաստիացումներին, այս հարցին եւս Ռուսաստանը խանդով չի մոտենում: Չի բացառվում, որ սա ընդամենը հայ-վրացական` նախատեսվածից ավելի ջերմացող հարաբերություններին ուղղված փոքրիկ սառը ցնցուղ էր: Ի վերջո, հայ-վրացական հարաբերությունները մշտապես վերահսկելի պահելու համար Ռուսաստանն ունի բավականին հարուստ գործիքակազմ` շատ ավելի հզոր բաղադրիչներով: Սակայն ամեն դեպքում, լրտեսության մեջ մեղադրվող դեսպանի նշանակումը խորքային իմաստով բնորոշում է նաեւ Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հայաստանում:




Լրահոս