ԻԼԻՊ-Ը ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԻՔ Է ԸՆԴԴԵՄ ՔՐԴԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Թուրքիայում տիրող ներքաղաքական լարված իրավիճակի ու երկրի իշխանությունների կողմից քրդերի հանդեպ իրականացվող բռնությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության եւ քրդական «Ազատ կանայք» շարժման անդամ Նարին Ջափանի հետ:

-Ի՞նչ իրավիճակ է այժմ տիրում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում:
-Քուրդ-թուրքական հարաբերություններն օր օրի էլ ավելի են վատթարանում: Թուրքիայի իսլամիստ/նեոօսմանյան կառավարությունը խախտում է Քրդստանի աշխատավոր կուսակցության(PKK) հետ խաղաղության գործընթացն ու փորձում է դրանից ամեն կերպ ներքին ու արտաքին շահ ստանալ, այն ոչ մի քայլ չի ձեռնարկում խաղաղության հասնելու ու խնդրի լուծման ուղղությամբ: էրդողանն ու Թուրքիայի իսլամիստները կարծում են, որ քրդերին որպես կամուրջ կօգտագործեն Միջին Արեւելքում գերիշխելու համար, ինչպես դա անում էին Օսմանյան կայսրության ժամանակ: էրդողանի առաջին քայլը եղել է PKK զինաթափումն ու լուծարումը, որն ավելի տեղեկացված ու փորձառու է, քան մյուս բոլոր քրդական խմբավորումները: Եթե անկեղծ լինենք, Թուրքիայի ու PKK միջեւ բախումներն իրականում երբեք էլ չեն դադարել:
-Թուրքական իշխանամետ մամուլը պարբերաբար տեղեկացնում է քրդերի կողմից երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնելու մասին, արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը:
-Ո՛չ, դա այդպես չէ: Քրդստանը բաժանված ու անեքսիայի է ենթարկված Իրաքի, Իրանի, Սիրիայի ու Թուրքիայի միջեւ, եւ նրանք պայքարում են ինքնիշխանության ու պետականության համար Քրդստանի՝ անեքսիայի ենթարկված բոլոր տարածքներում: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը (HDP) Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացավ քվեների 13%-ն ու հաղթահարեց նվազագույն շեմը, ինչը նշանակում է, որ քրդերը թույլ չեն տա Թուրքիայի ներկայիս իշխող կուսակցությանը միայնակ գալ իշխանության: Սա մեծ հարված էր Էրդողանին, ով ցանկանում էր միայնակ բռնապետ լինել: Այնուհետեւ հենց վերջինիս ջանքերով էլ խաղաղության գործընթացը սկսեց հետզհետե ձախողվել: Նա ընդդեմ քուրդ ժողովրդի նոր պատերազմ հայտարարեց: Քրդերն իրենց հերթին այս ագրեսիային պատասխանում են ինչպես ռազմական առումով, այնպես էլ քաղաքական: Շատ քրդական շրջաններ ինքնիշխանություն հայտարարեցին ու ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծեցին: Սակայն քաղաքական առումով թե՛ քրդերը, թե՛ PKK-ն խաղաղամետ են, քանի որ միայն խաղաղությունը նրանց հնարավորություն կտա հասնելու իրենց երազանքին, սակայն նրանք ստիպված են պաշտպանել իրենք իրենց: Թուրքիան PKK-ին ահաբեկչական կազմակերպություն է հռչակել, քանի որ նրանք թույլ չեն տալիս կոտորածներ իրականացնել, ինչպես անցյալում արեցին անմեղ հայերի հետ: Եկեք, նայենք պատերազմական գոտուն. քրդերի թիրախում են միայն թուրք ուժայինները, սակայն թուրքական բանակն ու ոստիկանությունը պարբերաբար սպանում են անմեղ քուրդ խաղաղ բնակչությանը:
-Ինչպե՞ս կորակեք Թուրքիայի ուժային կառույցների վերաբերմունքը քուրդ ցուցարարների հանդեպ, երբ գլխատել էին քուրդ երիտասարդի կամ երբ սպանված երիտասարդին կապել էին ոստիկանական մեքենայից ու քարշ տվել փողոցներով:
-Այս ամենը ցույց է տալիս Թուրքիայի հանրապետության ոգին: Թուրքական բանակը մշտապես խոշտանգել է անգամ արդեն սպանված քրդերի դիերը: Թուրքական բանակը խոշտանգել ու գլխատել է բազմաթիվ քրդերի անգամ Սադամ Հուսեինից ու «Իսլամական պետության» ստեղծվելուց շատ առաջ, ինչպես օրինակ՝ 1937-1938թթ Դերսիմում: Այն, որ քուրդ ակտիվիստ Հաջի Բիրլիկը սպանվել ու փողոցներով է քարշ տրվել, վերջին օրինակն է, որ Թուրքիան ընդդեմ քրդերի վայրի ու անվերահսկելի պատերազմ է վարում: Թուրքական բանակը մի քանի հանցագործություններ է իրականացրել` վառելով գյուղեր, կոտորելով խաղաղ բնակչությանն ու խոշտանգելով մահացած մարդկանց դիերը: Բիսմիլում քուրդ տղայի գլխատումը այնքան անսպասելի չէր, որքան սարսափեցնող: Բոլորին է հայտնի, որ Թուրքիայի զինված ուժերում ծառայողների մեծ մասը համակրանք է տածում «Իսլամական պետության» հանդեպ: Այս բոլոր դաժանությունները ցույց են տալիս, որ որոշ թուրք ոստիկաններ կապված են «Իսլամական պետության» հետ:
-Արդյո՞ք այս ամենը թուրքաբնակ քրդերին կոտորելու եւ ոչնչացնելու փորձ չի, արդյո՞ք սա չի սպառնում վերածվել 21-րդ դարում թուրքական հողի վրա իրականացվող հերթական ցեղասպանության:
-PKK-ի կալանավորված, սակայն մեծ ազդեցություն ունեցող առաջնորդը` Օջալանը, կարծում է, որ Թուրքիայի ներկայիս քաղաքական համակարգը ցեղասպանություն իրականացնող ռեժիմ է: Քրդերի ֆիզիկական բնաջնջումը մշտապես Թուրքիայի իշխանությունների օրակարգում է:
-Որոշ տեղեկությունների համաձայն` Թուրքիայում բնակվող քրդերին մեծապես օգնում է Ռուսաստանը, արդյո՞ք այս լուրերը համապատասխանում են իրականությանը:
-Քրդերն այժմ պայքարում են սատանայի դեմ: Թե՛ Ռուսաստանը եւ թե՛ ԱՄՆ-ը մեծապես տուժել են ջիհադիստ ահաբեկիչներից, ու ԻԼԻՊ-ն այս երկուսի համար ուղղակի սպառնալիք է: Թե՛ Թուրքիայի եւ թե՛ Սիրիայի քրդերը պատրաստ են համագործակցել ցանկացածի հետ, ով պայքարում է ընդդեմ ահաբեկչության: Քրդերն ուրախ են այս հարցում ունենալ ռուսների աջակցությունն ու պատրաստ են ավելի շատ համագործակցել Ռուսաստանի հետ:
-Միջազգային լրահոսում մշտապես տեղ են գտնում լուրեր այն մասին, որ իսլամիստ ահաբեկիչները Սիրիայից ներգաղթում են Թուրքիա. նրանց մուտքը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայում առկա այսօրվա իրավիճակի վրա:
-Թուրքիան հանդուրժում է Սիրիայում ընդդեմ քրդերի, քրիստոնյաների, անմեղ շիաների ու վարչակարգի դեմ պայքարող ջիհադիստական խմբավուրումներին: Սա թույլ է տալիս ջիհադիստներին Թուրքիայում իրենց բջիջներն ունենալ: Մինչ օրս ԻԼԻՊ-ն Թուրքիայում 5 գրոհ է իրականացրել: Բոլոր ահաբեկչություններն էլ եղել են ընդդեմ քրդերի: Խոսակցություններ կան, որ Էրդողանը ԻՊ-ն օգտագործում է որպես գործիք ընդդեմ քրդերի:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՖՌԱՆԳՅԱՆԸ

 

 

 
ԿՈՎԵՐԻ ՄԱՅՐՈՒՂԻՆ
Տավուշի մարզի վարորդները «Ժողովուրդ»-ին պարբերաբար բողոքում են, որ մարզի տարածքով ձգվող միջպետական ճանապարհը դարձել է կովերի ճանապարհ: Առանց հսկողության արածող, ճանապարհին անսպասելիորեն հայտնվող կովերը հատկապես շատ են Դիլիջան-Հաղարծին, ինչպես նաեւ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս-Ջուջեւան հատվածում: Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ իր մեղքով այս տարի 2 անգամ Կիրանցում եւ Ջուջեւանում «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենայով բախվել է կովերի, ինչի հետեւանքով կրել է ավելի քան 300 հազար դրամի վնաս: Նկատենք, սակայն, որ կովերին ճանապարհից հեռացնելու խնդիրը ոչ մի կազմակերպության կամ պետական մարմնի չի մտահոգում:

 

ԹԱՂՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի շատ բնակիչներ, սկսած 1990-ական թվականներից, Հայաստանից արտագաղթել են: Նրանց մեծ մասը հիմնական բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում: Մինչեւ վերջերս Ռուսաստանում մահացած նոյեմբերյանցիներին հուղարկավորելու համար, մեծ ծախսեր կատարելով, բերում էին Նոյեմբերյանի տարածաշրջան, հողին հանձնում հայրենի գյուղում: Այժմ, սակայն, նոր միտում է սկսվել: Ռուսաստանում մահացած հայաստանցուն թաղում են ռուսիո երկրում: Դա նշանակում է, որ հանգուցյալի հարազատները, ովքեր պարբերաբար պետք է այցելեն գերեզմանին, ցանկություն չունենալով երբեւէ, թեկուզ կարճ ժամկետով, Հայաստան վերադառնալ, իրենց բարեկամին թաղում են Ռուսաստանում: Եւ, թերեւս, ավելորդ է ասել, որ այդ կերպ նրանք վերջնականապես կտրում են իրենց կապը Հայաստանի հետ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Առողջապահության նախարարությունը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել: Պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից դաշտից հավաքված սնկերի օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի եւ Արարատի մարզերում: Տուժած երեխաներին, որոնցից ամենափոքրը 10 ամսական դեռ չկա, իսկ ամենամեծը 15 տարեկան է, բժշկական կենտրոնում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց վիճակը բավարար է:

 

ՏԱՐԱԾՔ «ԽԱՐԻՍԽ»-ԻՆ
ՀՀ Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» ՀԿ-ն դիմել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ Սիսիան քաղաքի Կամոյի փողոց թիվ 5 հասցեում գտնվող «Սիսիանի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 153.76 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով: Նշենք, որ «Խարիսխ»-ի նպատակը մարզում հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների համար վերականգնողական դպրոց կառուցելն է: Եւ կառավարության վաղվա նիստում անհատույց օգտագործման իրավունքով 15 տարի ժամկետով «Խարիսխ» ՀԿ-ին կտրամադրվի նշված տարածքը՝ ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով: Ի դեպ, կազմակերպությունը պարտավոր է նշված տարածքի վերանորոգման եւ գույքի ձեռք բերման նպատակով պայմանագրի ուժի մեջ մտնելուց 2 տարվա ընթացքում կատարել 1 մլն դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ:

 

7 ՄԼՆ ԴՐԱՄ` ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում քաղաքաշինության նախարարությանը կհատկացնի 2015 թվականի պետական բյուջեով նախատեuված 7 մլն դրամ գումար, որով կֆինանսավորվեն Գեղարքունիքի մարզի Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի շինաշխատանքները: Նշենք, որ այս օբյեկտի շինարարությունն իրականացվում է 2008-2015 թվականների պետական բյուջեների հաշվին եւ նախատեսված է ավարտել 2015 թվականին: Ըստ ԿԳՆ-ի՝ վերը նշված օբյեկտի շինարարությունը ամբողջապես ավարտելու համար հարկավոր է լրացուցիչ ֆինանսավորում: Բացի այս, կրթության եւ գիտության նախարարությունը առաջարկում է 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Արմավիրի մարզի Մուսալեռի դպրոցի շինարարական աշխատանքները 2015 թվականի ընթացքում մասնակի ֆինանսավորել: Նշենք, որ ներկայումս դա իրականացվում է 2014 թվականին կնքված պայմանագրով, ընթանում են մեծածավալ վերակառուցման աշխատանքներ, իսկ դասընթացները տարրական ուսուցման մասնաշենքում ընդհատված են: Եւ առաջիկայում օբյեկտի շարունակական աշխատանքների գոնե մասնակի ֆինանսավորումը չապահովելու դեպքում կրթօջախի շահագործումը կդառնա անհնարին: Այդ պատճառով էլ ԿԳՆ-ն առաջարկում է տանիքի ավարտման աշխատանքների ֆինանսավորման համար հատկացնել եւս 7 մլն դրամ:




Լրահոս