«ՍԱՆԵՐԻ ԿԱՐԴԱԼՈՒՆ ԼՈՒՐՋ ՉԵՆՔ ՀԵՏԵՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Աբել Աբելյանը, ով «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիա»-ի հիմնադիր-տնօրենն է, նախապատվությունը տալիս է պրակտիկ գիտելիքներին` սաներին հնարավորություն ընձեռելով աշխատել ստուդիայի պայմաններում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում կինոյի` շահութաբեր համարվող ժանրերին, կարծիք հայտնել, թե ինչու է մեզ մոտ ֆիլմարտադրությունը ժանրային առումով սահմանափակ:

-Աբե՛լ, հիմա ի՞նչ նոր նախագծի վրա եք աշխատում, որքանով տեղյակ ենք` նոյեմբերին նոր ներկայացում եք հանձնելու հանդիսատեսի դատին:
-Այո՛, նոր ներկայացում ենք պատրաստում, որը կոչվում է «Մենք եւ մոխրոտը», դրանում զբաղված են Լեւոն Հարությունյանը, Զառա Սահակյանը եւ մեր շրջանավարտները: Նոյեմբերին ներկայացումը կլինի Պարոնյանի թատրոնի բեմում:
-«Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիա»-ի հիմնադիր-տնօրենն եք, Ձեր աշխատանքում առաջնային ուշադրւթյուն եք դարձնում գործնական հմտություններին: Կարելի՞ է ասել, որ պրակտիկ գիտելիքների առումով ինչ-որ չափով լրացնում եք թատերական ինստիտուտի բացը:
-Մեզ մոտ շատ տեղերից են սաներ գալիս, սակայն համեմատականներ չեմ անցկացնի. թատերական ինստիտուտը տարիներ շարունակ կրթել է ոլորտի լավագույն մասնագետներին: Միայն կասեմ, որ մենք փորձում ենք մեր սաներին մատուցել պրակտիկ գիտելիքներ, իսկ տեսական մասը տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ բավական հասանելի է այսօր, մեզ մոտ դասերի ժամանակ գրեթե տեսական մաս չի լինում, ինչ-որ լեկցիաներ չենք գրում: Փոխարենը նրանց հնարավորություն է ընձեռվում ստուդիայի պայմաններում նկարահանելու եւ նկարահանվելու, ինչը տալիս է լուրջ արդյունք:
-Բայց չե՞ք կարծում, որ գործնական գիտելիքներին նախապատվությունը տալու դեպքում էլ կարող է տուժել տեսականը. այսօր էկրաններից այն կողմ մենք ամենուրեք տեսնում ենք դերասանների, որոնք ոչ միայն ինտելեկտուալ չեն, այլեւ, առհասարակ, չեն կարդում, իսկ ակնդիրն անմիջապես ֆիքսում է` դերասանը մտածող տեսակ է, թե ոչ:
-Իհարկե, մենք հանձնարարում ենք ինչ-որ գրականություն, բայց սաների կարդալուն լուրջ չենք հետեւում. գուցե դա թերություն է համարվում: Ես պրակտիկայի միջոցով եմ իրենց դրդում կարդալուն, երբեմն էլ գործնականում բացատրում եմ տեսական մասը, որ նրանք չեն կարդացել: Փորձը ցույց է տվել, որ նա, ով չի կարդալու, ինչ ուզում ես արա, միեւնույն է` չի կարդում, իսկ նրան, ում ոգեւորում ես պրակտիկայով, նա սկսում է կարդալ:
-Կարելի է նկատել, որ Հայաստանում շահութաբեր է միայն կոմեդիայի ժանրը, իսկ պրոդյուսեր-ռեժիսորները երբեւէ մտածե՞լ են Հայաստանի կինոարտադրությունում բոլորովին նոր ժանրի ներմուծման մասին: Ասենք` ֆանտաստիկան, սարսափ ֆիլմերը, պատմական կինոնկարները չե՞ն կարող ներդրած գումարը հետ բերել մեզ մոտ:
-Փորձը ցույց է տալիս, որ կոմեդիան մեզ մոտ հաջողվում է, ստացված նախագծեր կան Հայաստանում, իսկ լուրջ ֆիլմեր չեն արվում, որովհետեւ դրանք վաճառելը բարդ է: Երբ ասում եք` ֆանտաստիկա, ֆիլմի բյուջեն մոտավորապես եռապատկում եք, երբ ասում եք պատմական ֆիլմ, տասնապատկում: Ռիսկի գործոնն էլ այդ դեպքերում բավական մեծ է: Վստահեցնում եմ, որ մենք Հայաստանում ունենք մասնագետներ, փրոդաքշըններ, որոնք կարող են ստանալ Ձեր նշած ժանրերի որակյալ ֆիլմեր, սակայն այդ ֆորմատներում ներդրում անողներ չկան: Իսկ ցավալին այն է, որ դու ներդրողին չես կարող միանշանակ գրավական տալ, որ շահույթը հետ կստանա. այդ կոնկրետ հաշվարկը չկա:
-Իսկ ֆիլմերի պրոդյուսինգով զբաղվող լուրջ ինստիտուտ Հայաստանում կա՞:
-Լուրջ ինստիտուտ մեզ մոտ չկա, քանի որ մասնագիտությունը մեզ համար նոր է, մենք չենք ունեցել պրոդյուսերական դպրոց: Ժամանակին «Հայֆիլմ»-ում եղել են ֆիլմերի տնօրեններ, հետո այդ ինստիտուտը կորել է: Հիմա մեզ մոտ պրոդյուսինգով զբաղվելու լուրջ փորձեր են արվում, արդյունքն արդեն երեւում է: Ինքս նոյեմբերի վերջին պետք է մեկնեմ Մոսկվա՝ նաեւ պրոդյուսերական գործերով: Ռուսական նախագծերում պրոդյուսերի օգնական եմ աշխատելու` նաեւ ավելի շատ փորձ ձեռք բերելու համար:
-Շատերը Ձեզ հիշում են «Փախուստ», «Կյանքի գինը», «Վերադարձ», «Ոստիկաններ» եւ այլ հեռուստասերիալներից: Վերջին շրջանում ինչո՞ւ չեք նկարահանվում:
-Պատրաստ եմ կրկին նկարահանվել, եթե առաջարկները դերասանական առումով լինեն հետաքրքիր: Հուսամ` նման հնարավորություններ դեռ կլինեն:

 

 

 
ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ Է ՀԱՅՐԵՆԻՔ

Օրերս դերասանուհի Շողեր Գրիգորյանն անակնկալ կերպով նշանադրվեց, եւ պարզ դարձավ, որ նա ամուսնանալուց հետո տեղափոխվելու է Մոսկվա, քանի որ ապագա ամուսինը երկար տարիներ է` այնտեղ է բնակվում եւ աշխատում: Շողերի երկրպագուներն արդեն սկսել են անհանգստանալ, որ դերասանուհուն, գուցե, առաջիկայում չեն տեսնի թատրոնի բեմում` նոր կերպարներում:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ամուսնությունից հետո որքան ժամանակով է դերասանուհին պատրաստվում լքել երկիրը, վերջինս պատասխանեց, որ չգիտի` որքան կապրի Մոսկվայում, բայց հավատում է, որ իրենք վերադառնալու են հայրենիք: «Ես շատ ամուր թելերով եմ կապված հայրենիքիս հետ, ապագա ամուսինս էլ սիրում է Հայաստանը, բայց հիմա չի համակերպվում այստեղ ապրելու հետ: Մինչ վերադարձը մենք պարբերաբար կայցելենք Հայաստան, հնարավոր է՝ նաեւ այդ այցերի ընթացքում ընդգրկվեմ ներկայացումներում»,-ասաց դերասանուհին:
Նրա խոսքով` հայկական թատրոնում որոշ ժամանակ հանդիսատեսն իրեն չի տեսնի: Մեր այն հարցին, թե գուցե Մոսկվայում փորձի խաղալ թատրոնում, Շողերը պատասխանեց, որ մասնագիտական կյանքին առնչվող որեւէ արգելք չունի, սակայն պետք է հաղթահարի լեզվական խոչընդոտը. «Մի բան է խոսել, մեկ այլ բան է խաղալ, իմպրովիզ անել տվյալ լեզվով: Ինքս ինձ տրամադրել եմ, որ սկզբնական շրջանում գուցե եւ չերեւամ բեմում: Երբ տարիներ առաջ մեկնել էի Ֆրանսիա, երեք ամիս անց արդեն խաղում էի ֆրանսերենով, այս պարագայում էլ պետք է լեզվի խնդիրը լուծել»,-մեկնաբանեց դերասանուհին:
Մեր հարցին, թե արդյոք Շողերի ապագա ամուսինը «հաշտ է» այն մտքի հետ, որ իր կինը մասնագիտությամբ դերասանուհի է, վերջինս պատասխանեց. «Նա ընդունում է իմ մասնագիտությունը որոշ վերապահումներով, իհարկե, կան բաներ, որոնց հետ նա համաձայն չի լինի, կլինեն դերեր, որոնց, գուցե, դեմ լինի, բայց դրանից գործը մեծ հաշվով չի տուժի. դերին մոտենալու մի շարք այլ ուղիներ կան»:
Ի դեպ, Շողերի նշանադրության լուրն անակնկալ էր ոչ միայն նրա շրջապատի մարդկանց, այլեւ հենց իր համար: Հետաքրքրվեցինք՝ մեկ ամսվա ընթացքում ծանոթանալը եւ նշանադրվելը արդյոք ինչ-որ առումով ռիսկային չէր. «Երբ քո մարդուն ես հանդիպում, այդ գործընթացը երկարացնելու կարիք չկա: Ընտրյալս նույնիսկ ասում է, որ ափսոս էր այն ժամանակը, երբ մենք միմյանց չէինք ճանաչում…»,-եզրափակեց դերասանուհին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՁԵՌԱԳՐԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Մատենադարանում ընթանում են մեծադիր ձեռագրերի, հատուկ նշանակության վավերագրերի վերականգնման աշխատանքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: «Մեծադիր ձեռագրերը մինչ այժմ չեն վերականգնվել: Դրանք կազմում են մեր ժառանգության խոշոր մասը: Վերականգնված չեն, քանի որ դա ոչ միայն ծախսատար է, այլեւ հսկայական ջանքեր է պահանջում: Մեծադիր ձեռագրերը նաեւ թվայնացման ենթակա չեն մեծ չափսերի պատճառով: Մենք ձեռք ենք բերել ժամանակակից ամենաբարձր մակարդակի սարքավորումներ, ամենաբարձր որակի ճապոնական վերականգնման նյութեր, գիտության կոմիտեից ստացել ենք դրամաշնորհ»,-ասել է Հ. Թամրազյանը:
Նրա խոսքով` իրենք հատուկ ուշադրություն են դարձնում քայքայված ձեռագրերին՝ փշրանքներից վերականգնելով դրանք. Հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերն, օրինակ, նոր կյանք են ստացել: Տնօրենի փոխանցմամբ՝ դեռ երեք հազար ձեռագիր հրատապ վերանորոգման կարիք ունի:

 

Ո՞Վ ԿՎԱՐԻ «ՈՍԿԵ ԳԼՈԲՈՒՍ»-Ը
«Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի հանձնման 73-րդ արարողությունը կվարի բրիտանացի կատակերգու դերասան Ռիքի Ջերվեյսը: Այդ մասին հայտնել է Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան, որը պատասխանատու է պարգեւի շնորհման համար: Ջերվեյսը, որը հայտնի Է «Օֆիս» (2001¬2003) եւ «Մասսովկա» (2005¬2007) սերիալներից, միջոցառումը կանցկացնի արդեն չորրորդ անգամ. բրիտանացին արարողությունը վարել է 2010-ից մինչեւ 2012 թվականները: «Ռիքի Ջերվեյսն անմոռանալի տպավորություն է թողել, եւ մենք հուզված ենք, որ նա կրկին միանալու է մեր շոուին»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ` նշել է ասոցիացիայի նախագահ Լորենցո Սորիյան: Միջոցառումը տեղի կունենա Լոս Անջելեսում, հունվարի 10-ին:

 

ԷՄԻ ՈՒԱՅՆՀԱՈՒՍԻ ՄԱՍԻՆ
Հանգուցյալ երգչուհի Էմի Ուայնհաուսի հայրը պատրաստվում է ֆիլմ նկարահանել դստեր մասին` ներկայացնելով հավաստի փաստեր: Այս մասին տեղեկացնում է buro247.ru-ն: Ֆիլմի նկարահանման աշխատանքները շուտով կմեկնարկեն: Դրանց կմասնակցի նաեւ երգչուհու փեսացուն` Ռեգ Թրեւիսը։
Հիշեցնենք, որ ամռանն էկրաններին էր հայտնվել Ազիֆ Կապադիայի «Էմի» անվանումով կենսագրական ֆիլմը, որը թեեւ մեծ թվով դիտում էր ապահովել, սակայն չէր ընդունվել երգչուհու ընտանիքի կողմից: Էմիի հոր` Միթչ Ուայնհաուսի խոսքով` ֆիլմում որոշ փաստեր խեղաթյուրված են:

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
Մահացել է սիրված հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանի հայրը: «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի աշխատակազմը ցավակցում է հաղորդավարուհուն եւ հարազատներին անփոխարինելի կորստի համար:




Լրահոս