ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: 48-ամյա Գայանե Գինոսյանը հայտնել է, որ երբ ավտոտնակից դուրս է բերել Volkswagen մակնիշի 13 AN 003 համարանիշի ավտոմեքենան եւ այն կայանելով` ցանկացել է ավտոտնակի դուռը փակել, մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել եւ վրաերթի ենթարկել իրեն:
Տեղեկություններ կան, որ Գ. Գինոսյանը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարությունում` կալանավորումների վարչությունում, կոչումով գնդապետ է:
ՀԱՐՑ. Որդիներիցս մեկը սովորում է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանում: Մյուսը նոր է բանակից զորացրվել եւ մտադիր է ուսումը շարունակել նույն համալսարանում (նշեմ, որ ծառայել է Արցախի դիրքերում): Ուզում եմ իմանալ՝ եթե երկու երեխաներս միաժամանակ սովորում են վճարովի հիմունքներով, ապա վարձավճարի զեղչ կամ որեւէ այլ արտոնություն հասնո՞ւմ է մեր ընտանիքին: Նշեմ, որ նրանցից մեկը վերահանձնում (լիկվիդ) ունի, արդյո՞ք դա նշանակություն կարող է ունենալ արտոնությունից զրկվելու համար:
Լիսա Պետրոսյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ուսանողական նպաստի ձեւով վարձի մասնակի փոխհատուցում իրականացվում է հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
2. մարտական հեղափոխություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցած ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս,
3. այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունը:
Տեղեկացնում եմ նաեւ, որ վերոնշյալ օրենքի 6-րդ հոդվածի 4.2 մասի՝ «Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի եւ մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեքում»:
Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ քաղաքացին կարող է սահմանված կարգով դիմել բուհի ղեկավարությանը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Մհեր Ղազարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. վարձը չվճարելու եւ ցածր առաջադիմության պատճառով մանկավարժական համալսարանից հեռացվել է 262 ուսանող: Զուտ վարձի պատճառով հեռացվել է 87-ը, մնացած 175-ը՝ միաժամանակ վարձի եւ ցածր առաջադիմության: Տնտեսագիտական համալսարանից հայտնեցին, որ ուսման վարձի պատճառով բուհից հեռացված ուսանողներ չունեն, իսկ բժշկական համալսարանից հեռացվել է մեկ ուսանող:
ՀԱՐՑ. Քույրս 2 տարի է՝ բնակվում է մեր տանը, բայց հաշվառված չէ: Ունի մի քանի հիվանդություններ: Ցանկանում է դիմել բժշկասոցիալական փորձաքննության մարմին եւ ձեռք բերել հաշմանդամության կարգ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է հարկավոր դրա համար: Նշեմ, որ նա ոչ մի տեղ գրանցված չէ, ոչ մի տեղ հաշվառում չունի:
Օֆելյա Դանիելյան (67 տարեկան, կենսաթոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները ՀՀ-ում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ ՀՀ-ն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2015թ. ըստ հիվանդությունների՝ առաջին տեղում է արյան շրջանառության հետ կապված հիվանդություններով գրանցված հաշմանդամությունը, որը կազմում է 60.996: Երկրորդ տեղում է հոգեկան եւ վարքի խանգարումների հետ կապված հիվանդություններով գրանցված հաշմանդամությունը՝ 21.329, երրորդ տեղում նյարդային համակարգի հետ կապված հիվանդություններով գրանցված հաշմանդամությունն է՝ 16.237: Չորրոդ տեղում են նորագոյացությունները՝ 16.012: Հաջորդիվ էնդոկրին հիվանդություններն են՝ 14.886, եւ բնածին անկանոնություններով ու զարգացման շեղումներով պայմանավորված հաշմանդամությունը՝ 4.878: