ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՅԼԵՎՍ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ ՉԸՆԿՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական հանրաքվեի շրջանակներում ՀՀ իշխանությունները որոշել են առաջին անգամ իշխանական լծակները կիրառել անկաշկանդ եւ բացեիբաց: Հայաստանի անկախության տարիներին տեղի ունեցած ընտրական գործընթացներում, իսկ հանրաքվեն առաջին հերթին ընտրական գործընթաց է, իշխանությունները, որպես կանոն, իշխանական լծակները կիրառել են, այսպես կոչված, քողարկված ձեւով: Քարոզարշավում ներգրավված պաշտոնյաները մշտապես արձակուրդ են մեկնել եւ անհրաժեշտության դեպքում հայտարարել, թե իրենք այդ շրջանում ոչ մի պաշտոնական լծակ չեն տնօրինել: Իհարկե, բոլորը հասկացել են, որ դրանք զուտ հայտարարություններ են եւ իրականության հետ կապ չունեն, սակայն մյուս կողմից այդպիսով պահպանելով իշխանական լծակ չկիրառելու գոնե ձեւական կողմը: Ավելին՝ այդպիսով իշխանությունները նաեւ պաշտոնապես ընդունել են, որ քարոզարշավի շրջանակներում իրավունք չունեն իշխանական լծակներ կիրառել:
Իսկ հիմա սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ-ի քարոզարշավի ղեկավարը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, իսկ տեղակալները՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրանք կլինեն ընտրակեղծարարության գլխավոր պատասխանատուները, քանի որ հենց նրանց տեղակալներ կարգելով՝ իշխանությունը ցանկանում է ազդարարել, որ մտադիր է իշխանական լծակները բացեիբաց օգտագործել:
Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն գործնականում կարող է դառնալ նոր մոտեցման փորձարկումը 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ: Իսկ միջազգային կառույցներն այս երեւույթի վրա աչք փակելով՝ փաստացի իշխանություններին կարտոնեն, որ 2017-ին նրանք եւս այդ նույն կերպ գործեն եւ իրենց ճաշակով նոր խորհրդարան ձեւավորեն:

 

 

 
Երեկ խորհրդարանը սկսեց քննարկել բուռն քննադատության տեղիք տված օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է քաղաքացիներին իրավունք տալ, որպեսզի նույնականացման քարտերով մասնակցեն դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին: Սակայն քննարկումը երեկ չավարտվեց, կշարունակվի այսօր: Սա նշանակում է, որ լավագույն դեպքում այսօր կհաջողվի ավարտել փաթեթի միայն առաջին ընթերցմամբ քննարկումը: Նշենք, որ այս փաթեթը ԱԺ-ն քննարկում է հատուկ ընթացակարգով. առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո այն երկրորդ ընթերցմամբ քվեարկության պետք է դրվի 24 ժամվա ընթացքում: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք իրենք պատրաստվում են արտահերթ նիստ հրավիրել: «Մենք, ինչպես տեսնում եք, մանրամասն քննարկում ենք, անձամբ ես հարցերին ու ելույթներին պատասխանում եմ մանրամասն: Այս պահին կոնկրետ քայլ չեմ կարող ասել, դեռեւս քննարկումը չի ավարտվել»,- պատասխանեց Սահակյանը:

 

 

 
Մասիս քաղաքի բնակիչ Փայլակ Հարությունյանի պատմությանը «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է: Հարությունյանների տունը այս տարվա սեպտեմբերի 21-ի երեկոյան ամբողջությամբ այրվել էր՝ մնալով 4 պատերը, եւ նա օգնության համար դիմել էր Արարատի մարզի իշխանություններին: Մարզպետարանից Հարությունյանին խոստացել էին որպես օգնություն հատկացնել ընդամենը 70 հազար դրամ: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ անգամ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հրահանգով այդ չնչին գումարն ամբողջությամբ չի հատկացվել. Հարությունյանին փոխանցվել է 69 հազար 800 դրամ: Իսկ ի՞նչ է արել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: «Ժողովուրդ»-ը այս հարցով պարզաբանում խնդրեց լրատվական ծառայությունից: Այնտեղից պատասխանեցին, որ անտուն քաղաքացուն փոխանցված 69 հազար դրամը ոչ միայն մարզպետարանի, այլեւ «արտակարգ նախարարության» համատեղ օգնությունն է բնակչին:Հիրավի, մեծ շռայլություն է տանիքը կորցրած քաղաքացու համար:

 

 

 
ՀՀ միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունում հաշվառման է կանգնած 362 հազար ՀՀ քաղաքացի: Տվյալ դեպքում խոսքը երկքաղաքացիների մասին չէ: Իսկ այս տվյալը հատկապես կարեւորվում է առաջիկա սահմանադրական հանրաքվեի ֆոնին: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրացուցակներում ընդգրկված անձանց թիվը կազմում է 2 միլիոն 550 հազար: Նշենք, որ միայն Ռուսաստանում գտնվում է ՀՀ ընտրողների մի զգալի մասը: Իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Եվրոմիության անդամ երկրներում, ԱՊՀ անդամ մնացած երկրներում: Այս թվերը ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը երբեւէ չի հրապարակում: Եթե հրապարակեն, ապա կարող է պարզվել, որ ՀՀ ընտրողների կեսից ավելին Հայաստանում չի ապրում: Այդ իսկ պատճառով էլ այդ թվերը պետական գաղտնիքի պես անհասանելի են պահվում:

 

 

 
ՄՏԱՀՈԳԻՉ

Երեկ տարօրինակ տեղեկատվական արտահոսք եղավ ռուսական մամուլում: «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով արաբական «Ալ Մասրի Ալ յաում» պարբերականի հավաստի աղբյուրներին, տեղեկացրեց, թե երկուշաբթի օրը եգիպտական հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման վեց անդամների, որոնց թվում են Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի եւ Իրանի քաղաքացիներ: Լիբիայից Եգիպտոս ժամանած վնասազերծված ահաբեկիչները, ըստ ռուսական աղբյուրի, պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել զբոսաշրջային վայրերում:
Իհարկե, ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ-ն, արձագանքելով armlur.am-ի հրապարակմանը, հայտարարեց, թե Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ԻԼԻՊ-ի ձերբակալված անդամների մեջ Հայաստանի քաղաքացի չկա, սակայն, ինչպես ասում են, նստվածքը մնաց: Թե ում էր պետք Հայաստանի անունը կապել «Իսլամական պետության» հետ, դժվար է ասել, սակայն այն փաստը, որ ռուսական լրատվական գործակալությունը արաբական աղբյուրին հղում կատարելով` բարձրաձայնում է Հայաստանի քաղաքացի իսլամիստ ահաբեկչի մասին, ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ այդ ահաբեկիչը ունի մուսուլմանի անուն-ազգանուն, մտորելու տեղիք է տալիս:
Առհասարակ, ԻԼԻՊ-ի շուրջ հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ծավալվող իրադարձությունները պետք է որ մտահոգեն Հայաստանի իշխանություններին, քանի որ այս գործընթացում Ռուսաստանի ակտիվ ներգրավումը եւ նաեւ այդ ֆոնին Ռուսաստան-ԱՄՆ հակասությունների սրումը չեն կարող իրենց անդրադարձը չունենալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում: Իսկ տարածաշրջանի բոլոր ազդակիր երկրներում` սկսած Սիրիայից, ավարտած հենց նույն Եգիպտոսով, Իրանով եւ, իհարկե, Թուրքիայով, կան մեծաթիվ հայկական համայնքներ, որոնք ուղղակիորեն հայտնվում են հարվածի տակ, եւ կարող են օգտագործվել այդ պետությունների, օրինակ` Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից:
Երեկվա արտահոսքը, սակայն, ուշագրավ էր նրանով, որ փաստորեն խոսք էր գնում ոչ թե ազգությամբ հայի մասին, այլ ավելի վտանգավոր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին: Իսկ սա արդեն հստակ քաղաքական ենթատեքստ պարունակող վտանգ է, որի չեզոքացմանը ՀՀ համապատասխան մարմինները պետք է մոտենան ամենայն ուշադրությամբ: Ի վերջո, եթե անգամ այդ արտահոսքն ընդամենը ռուսական լրատվամիջոցի անփութության արդյունք էր (արաբականի դեպքում դա առավել ենթադրելի է), այն պետք է որ նախազգուշական ազդակ դիտվի ՀՀ ԱԱԾ համար, եւ այս կառույցը, բացի ներքաղաքական խնդիրներին միջամտելուց, ի վերջո պետք է ձեռնամուխ լինի նաեւ երկրի անվտանգության ապահովման խնդիրների լուծմանը:




Լրահոս