ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵՑԻՆ ԶԵԿՈՒՑԵԼ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑ ՃԱՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում շարունակվեցին ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի ու Գագիկ Մելիքյանի օրենսդրական նախաձեռնության բուռն քննարկումները: Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որպեսզի ընտրողներն իրավունք ստանան քվեարկությանը մասնակցել նաեւ նույնականացման քարտերով: Իսկ որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նույնականացման քարտը, ըստ ՀՀ օրենսդրության, նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է:

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ այս նախագիծը իշխանություններին լրացուցիչ հնարավորություն է ընձեռել սահմանադրական հանրաքվեն կեղծելու համար: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով. «Սա խայտառակություն է: Դուք կարող էիք դեկտեմբերի 6-ը չդնել շրջանառության մեջ: Այդ խնդիրը լուծեիք մինչեւ օրը նշանակելը: Սրանք մտացածին երեւույթներ են»: Նախագծի զեկուցող Հովհաննես Սահակյանն էլ արձագանքելով հայտարարեց, թե ՕԵԿ-ը ամենաակտիվ խմբակցությունն է համարվում, ակտիվ վերահսկեք. «Ընտրական մշակույթը դրան է վերաբերում, եթե ենթադրյալ պարտության հոգեբանությամբ գնում եք առաջ, չի կարելի դա բարդել ընտրության վրա: 5 ամիս առաջ դուք քայլեր անեիք»: Հ. Սահակյանի «դաստիարակչական» խոսքերը հունից հանեցին Հեղինե Բիշարյանին. «Մեզ աշխատել չսովորեցնե՛ք: Էս մեկը մենք գիտենք»:
«Ժողովուրդ»-ն այս նախագծի հետ կապված երեկ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հետ, որը նախագծի հարակից զեկուցողն է ու առաջին անգամ խորհրդարանի ամբիոնից մտքեր ու «պաշտպանական» ճառեր է ասում` հօգուտ նախագծի:
-Հայաստանում այսօր 558 հազար 401 մարդ ունի նույնականացման քարտ, սակայն ըստ ընտրական օրենսգրքի՝ այդ անձինք իրավունք չունեն մասնակցել քվեարկությանը: Կարծես թե ստացվում է տպավորություն, որ մեր ընդդիմության ներկայացուցիչները չեն ցանկանում, որպեսզի այդքան մարդ մասնակցի եւ իրացնի իր ընտրական իրավունքը:
-Ընդդիմությունը պնդում է, որ իշխանություններն իրենց այս նախագծով ոչ թե մտահոգված են քաղաքացիների ընտրության իրավունքի պաշտպանությամբ, այլ հենց այդ միջոցով են ընտրակեղծիքներ իրականացնելու:
-Մարդուն մեղադրել մի բանում, որը դեռեւս տեղի չի ունեցել… ըստ ընդդիմության քննադատությունների` հանրաքվեն արդեն կեղծվել է, բայց դեռեւս այդ հանրաքվեն չի կայացել, ու անհասկանալի է, թե որտեղից են արդեն իրենք նման որոշում կայացրել, եզրակացության եկել: Իսկ ո՞վ է հաշվարկել, թե Հայաստանում 558 հազար 401 մարդ, որը ունի միայն նույնականացման քարտ, այո-ի թե ոչ-ի կողմանկից է, կա՞ նման հաշվարկ: Միայն հաշվարկված է, որ այդքան մարդ ունի նույնականացման քարտեր, գուցե այդ բոլորը ոչ-ի կողմնակիցնե՞ր են, կամ ունեն խառը դիրքորոշում, որտեղից են նրանք նման եզրակացություններ անում: Նախօրոք անմեղության կանխավարկածը խախտելով՝ ասել, թե հանրաքվեն կեղծվելու է, կամ դրանք բոլորն արվում են իշխանությունների համար իրատեսական չէ: Ընդամենը ընդդիմությունը իր քաղաքական, հերթական շոուն է անում: Մեր ընդդիմությունը շատ հաճախ օրենքները մի քիչ լավ չի կարդում, որովհետեւ եթե կարդում են, պատասխանները գտնում են: Օրենքում ամեն ինչ գրված է, եթե օրենքում գրված է, բայց ես չեմ հավատում, դա արդեն հարցի մյուս կողմն է, ըստ էության, իրենք ասում են՝ էկեք, ինչ-որ մեխանիզմ մտցնենք, որպեսզի ID քարտը դրոշմակնքվի, մենք ասում ենք, որ համաձայն ենք դրան, բայց անձնագրերում արդեն կնիքը դրվում է, մենք ասում ենք, որ դրան էլ ենք համաձայն, բայց այսօր տեխնիկան, հնարավորությունները դա թույլ չեն տալիս: Ղրղզստանն այս համակարգին անցել է ու պահանջվել է մի քանի տարի ու 20 միլիոն դոլար, իսկ դրա հնարավորությունը մենք այսօր չունենք: Ամենավստահելի երաշխիքը հենց վստահված անձի առկայությունն է ընտրատեղամասում, որի հնարավորությունը ընդդիմությունն ունի, դա շատ լուրջ փաստարկ է:
-Խորհրդարանական ընդդիմությունը վսահեցնում է նաեւ, որ այս նախագծի կողմնակիցներն արդեն ակամայից դառնում են ընտրակեղծարար հենց այն պահին, երբ այո են ասում ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած նախագծին: Դուք եւս նրանց շարքին եք դասվում, արդյո՞ք արդեն ընտրակեղծարարություն եք անում:
-Նման որակումներ տվող մարդկանց պետք է հիշեցնեմ մեր Ավետարանում գրված Հիսուս Քրիստոսի խոսքը, երբ որ շնության մեջ մեղադրվող մի կնոջ համար Վարդապետին ասում են, որ պետք է քարկոծենք, քանի որ մեր օրենքը դա է ասում, ասում է՝ ճիշտ է՝ օրենքն ասում է, բայց առաջին քարը թող նետի նա, ով անմեղ է: Բոլորը լքեցին հրապարակը, քանի որ հասկացան, որ իրենք մեղավոր են: Հիմա եթե որեւէ մեկը անձամբ ինձ կամ իմ գործընկերներին կասկածում է կեղծիքների մեջ, թող ինքը մի հատ իր կենսագրությունը նայի, թե ինչ քաղաքական ճանապարհ է անցել ու որ ընտրությունն ինչպե՞ս է կեղծել: Ես պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ներկայացված հարակից զեկուցող եմ, ինձ հանձնաժողովից հանձնարարել են, ես կարդացել եմ, բնականաբար համաձայն եմ նախագծին ու զեկուցում եմ: Իմ կողմ լինելու հանգամանքը պայմանավորված է մեր ընտրողների ընտրության իրավունքի իրացմամբ, եթե մենք դա չանենք, մենք ավելի լուրջ հակասություն կունենանք:

 

 
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ, ԱԿՏԻՎ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը այո-ի ակտիվ քարոզչությանը չի մասնակցելու: Պատգամավորը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծին իր այո քվեարկելը դեռեւս չի նշանակում, որ ինքը նաեւ ակտիվ քարոզչություն է իրականացնելու: Սարգսյանը հավելեց, որ իրենց կուսակցության ներկայացուցիչներն անհրաժեշտության դեպքում ներկայացնելու են իրենց դիրքորոշումը:

-Մենք մեր կուսակցության գրասենյակում քննարկումներ ունենալու ենք, մենք մեր համակիրներով, կուսակցականներով հավաքվելու ենք, զրուցելու ենք, ասելու ենք մեր տեսակետը: Իսկ ով ցանկանում է լսել մեր դիրքորոշումը, մեր տեսակետը մենք այն կներակայացնենք:
-Այսինքն՝ նախընտրական շտաբ, ակտիվ քարոզարշավ չե՞ք իրականացնելու:
-Չէ, մենք ունենք մարզային գրասենյակներ, որտեղ էլ մեր համակիրները կհանդիպեն մեր մարզային ներկայացուցիչների հետ, կքննարկեն այն հարցերը, որոնք իրենց համար անհասկանալի են: Քննարկումները կլինեն այդ ֆորմատով: Քննարկումների ժամանակ ես կներկայացնեմ մեր կուսակցության դիրքորոշումը, դա էլ է քարոզարշավ, իսկ ակտիվ քարոզչություն չի լինելու, մենք ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը:
-«Այո»-ի ճակատը քննարկում է այն հարցը, որ կարող էին բոլորը միասին իրենց քարոզարշավն իրականացնել՝ համախմբվելով նույն գաղափարի շուրջ: Արդյո՞ք Դուք միանալու եք այդ ճակատին, գուցե իշխանությունների հե՞տ եք քարոզարշավն իրականացնելու:
-Ես խմբակցություն չեմ ներկայացնում, ՀԱԿ խմբակցությունը իր հիմնական տեսակետը ներկայացնելու է: Քանի որ իմ դիրքորոշումն իրենցից տարբերվում է, ես կոռեկտ չեմ համարում առանձին խմբակցության անունից հանդես գալ: Ես որեւէ ճամբարի հետ չեմ միանալու, մենք մեր կուսակցության ներկայացուցիչներով ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը քննարկումների ժամանակ: Մենք կարծիք ունենք, որը հայտնել ենք, մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, մեր կուսակցությունը գիտի, թե ինչ է անելու: Իսկ մյուսների հետ մենք որեւէ կապ չունենք, մենք խոսում ենք միայն մեր կուսակցության անունից: Ես էլ ներկայացնում եմ մեր կուսակցության որոշումը, այն, ինչը քննակում ենք միասին, այն, ինչը մեզ համար առաջնային է: Կուսակցության դիրքորոշումն էլ արդեն բոլորին հայտնի է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ
Հայ-ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչներին պատկանող խաղողի այգիներում բերքահավաք չի իրականացվել: Արդյունքում այգեհովտցիները վնասներ են կրել, որոնց ընդհանուր չափը, ըստ գյուղատնտեսության նախարարության հաշվարկների, կազմում են 16 մլն 100 հազար դրամ, 115 տոննա խաղողի բերքը հաշվարկված է 140 դրամ մթերման գնով: Այս վնասը փոխհատուցելու համար կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանը կհատկացնի նշված 16 մլն դրամը:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԸ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կհաստատի տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ներկայացված երկու վարկային համաձայնագրերը: Մասնավորապես, դրանցից մեկով «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրում փոփոխութուն կկատարվի, իսկ մյուսով նույն ծրագիրը կընդլայնվի: Ըստ այդմ, «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագիրը շարունակելու համար Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկ ՀՀ կառավարությանը կտրամադրի 40 մլն դոլարի վարկ: Ի դեպ, ծրագրի արժեքը 50 մլն է, 10 մլն-ը հատկացվելու է Հայաստանի պետբյուջեից:

 

ՄԱՆԿԱՊԻՂԾԻ ԳՈՐԾՈՎ
«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի նախկին սեփականատեր, մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված եւ ՔԿՀ-ում մահացած Սերոբ Տեր-Պողոսյանի հաշիվները դեռ շարունակում են իրենց հիշեցնել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Սերոբ Տեր-Պողոսյանի մասնակցությամբ իրականացված առքուվաճառքի պայմանագիրը, որը կնքվել է նրա մահվանից ամիսներ առաջ:

 

ԱՎԱԳՅԱՆՆԵՐԻ ՎՐԱԵՐԹԻ ԳՈՐԾՈՎ
Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանը դիմում-նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էդգարը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ դիմել է դատախազին, որպեսզի իրենց գործով քննիչ Սամվել Մուրադյանը այլեւս գործը չքննի, ավելին՝ նա խնդրել է ընդհանրապես գործը տեղափոխել այլ քննչական մարմին: «Ես մի շարք օրինակներ եմ ներկայացրել դատախազին, թե ինչ կողմնակալություն է իրականացրել քննիչը, վթարի գործը քննելիս: Դեռեւս պատասխան չեմ ստացել, սպասում եմ դատախազի որոշմանը»,- պատմեց Սնխչյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Առինջ գյուղի մոտակայքում Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը վրաերթի էր ենթարկել 28-ամյա Էդգար Սնխչյանին, որն այդ պահին իր ավտոմեքենայի անվադողը փոխելիս է եղել:




Լրահոս