ԻՇԽԱՆԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐՆ ԱՆԿԱՇԿԱՆԴ ԿԿԻՐԱՌՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների քարոզչության ՀՀԿ-ի շտաբի կառուցվածքը ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ այդ կառույցը ստեղծվել է մեկ նպատակով, որպեսզի իշխանական լծակներով ՀՀ քաղաքացիներին ստիպեն նոր Սահմանադրության նախագծին «այո» ասել:

Այսպես, ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբի կառուցվածքը, որը անցած շաբաթ հրապարակվեց, այսպիսինն է՝ շտաբի պետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, շտաբի պետի տեղակալներն են` նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը:
Թերեւս կարիք չկա պարզաբանել, թե Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, վարչահրամայական ինչ լծակների է տիրապետում: Այն փաստը, որ նա սահմանադրական հանրաքվեի շրջանում շարունակելու է սովորականի պես պաշտոնավարել, արդեն իսկ վկայում է, որ Հայաստանի իշխանական համակարգը մտադրվել է առանց կաշկանդվելու օգտագործել իր ձեռքում գտնվող իշխանությունը` անհրաժեշտ թվով այո-ի քվեներ ապահովելու համար:
Վիգեն Սարգսյանը զբաղվելու է ՀՀԿ-ի շտաբի քարոզչության համակարգմամբ: Այլ կերպ ասած՝ նա է ղեկավարելու մամուլով այո-ի քարոզչության գործընթացը: Այս նշանակումը մի քանի պատճառներ ունի: Նախ իշխանության վերնախավում համարում են, որ Վիգեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողությունների քարոզչությունը շատ լավ է կազմակերպել, եւ հենց այդ հանգամանքով է նրա «ընտրությունը» պայմանավորված: Մյուս կողմից իշխանական մեդիա դաշտը, ինչպես հայտնի է, ամբողջությամբ վերահսկվում է Սերժ Սարգսյանի փեսայի, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմի կողմից: Վիգեն Սարգսյանն այս դեպքում ՀՀԿ-ի շտաբում ներկայացնում է Մինասյանի թիմը: Սահմանադրական հանրաքվեի արդյունքներով կհստակեցվի նաեւ Մինասյանի թիմի ներգրավածության ծավալը ՀՀԿ-ի ապագա իշխանական համակարգում:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի եւ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնական գործառույթները շտաբում չեն հրապարակվել, սակայն այս դեպքում այդ հանգամանքն առանձնապես հետաքրքիր էլ չէ: Կարեւորն այն է, թե այդ պաշտոնյաներն իրականում ինչու են նշանակվել: Բանն այն է, որ վերահսկիչ պալատը եւ նախագահի վերահսկողական ծառայությունը կառույցներ են, որոնք Հայաստանի տնտեսվարողների վերաբերյալ հսկայական տեղեկություններ են տիրապետում եւ անհրաժեշտության դեպքում կարող են իրենց պաշտոնական լծակները կիրառելով՝ ընկերություններին ստիպել, որ նրանք երաշխավորեն՝ իրենց աշխատակիցները կողմ կքվեարկեն: Ի դեպ, այս գործում դժվարը ոչ թե վերահսկողությունն է, այլ տնտեսվարողներից համապատասխան խոստումը կորզելը: Հովսեփյանը եւ Յոլյանը հենց այդ խնդիրը պետք է լուծեն. նրանք պետք է կարողանան իրենց ձեռքի տակ եղած կոմպրոմատներով գործարարներին ստիպեն, որ նրանք պարտավորվեն սահմանադրական փոփոխություններին այո ասել:
Ակնհայտ է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զբաղվելու է մարզային շտաբների համակարգմամբ: Ամենեւին էլ պատահական չէ, որ այո-ի մարզային շտաբների ղեկավարները լինելու են մարզպետները: Ի պաշտոնե մարզպետարանների գործունեությունը համակարգում է հենց ՏԿԱԻ նախարարությունը: Այսինքն՝ Արմեն Երիցյանի նախարարական պաշտոնի եւ ՀՀԿ շտաբում նրան վերապահված գործառույթը նույնն են: Փաստացի, Երիցյանն այդպիսով կկարողանա օպերատիվ լուծումներ տալ մարզպետների բարձրացրած խնդիրներին: Այլ կերպ ասած՝ այս սխեման իշխանություններին հնարավորություն կտա այո-ի քարոզչության ընթացքում ընտրողներին սիրաշահելու համար կատարվող ծախսերը` փողոցների ասֆալտապատում, կտուրների վերանորոգում եւ այսպես շարունակ, իրականացնել բացառապես պետբյուջեի միջոցների հաշվին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ նույն խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի շտաբի միակ ներկայացուցիչներն են, որոնք բացառապես քաղաքական լծակներով են օժտված:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանության վերնախավն այս օրերին, երեկոյան ժամերին մշտապես հավաքվում է ՀՀԿ-ի՝ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող գրասենյակում: Այդ հանդիպումներին հիմնականում մասնակցում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի շտաբի անդամները: Նույն տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում ամեն ինչ անում են, որպեսզի արդեն նոյեմբերի 1-ից Սերժ Սարգսյանին ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում քարոզչությունը, ովքեր են մարզեր մեկնելու ու ովքեր են լինելու քարոզչական խմբերում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը, որը երեկ պետք է տեղի ունենար:
Ի դեպ, քարոզչության ծրագրին Սերժ Սարգսյանի տված գնահատականով պայմանավորված կլինի՝ անձամբ դրան կմասնակցի, թե ոչ: Եթե ՀՀԿ-ականները կարողանան նրան համոզել, որ իրենք ի վիճակի են ինքնուրույն խնդիրները լուծել, ապա հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն անձամբ քարոզչությանը չմասնակցի:

 

ՄԻՀՐԱՆԻ «ԿՈՃԱԿԻ» ԾՆՈՒՆԴԸ
Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրկին հայտնվեց պատգամավորների ուշադրության կենտրոնում իր «անմեղ» վարմունքով: Բանն այն է, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանի ծննդյան օրն էր, իսկ խորհրդարանում նման ավանդույթ կա՝ նախքան նիստի մեկնարկը ԱԺ նախագահը հայտարարում է, որ պատգամավորի ծնունդն է, ու օրենսդիրները ծափողջույններով շնորհավարում են նրան: Երբ Գալուստ Սահակյանը հայտարարեց Արթուր Ստեփանյանի անունը, մի պահ ինքն էլ շփոթվեց, կարծես թե ԱԺ նախագահի համար եւս անակնկալ էր, որ խորհրդարանում նման պատգամավոր կա՝ այն էլ իր հարազատ ՀՀԿ խմբակցությունում: Նշենք, որ Արթուր Ստեփանյանը համարվում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի անձնական «կոճակ սեղմողը» խորհրդարանում: Չախկալ Արթուր անունով հայտնի պատգամավորն անցած տարիների ընթացքում երբեւիցե ելույթ չի ունեցել եւ իր գոյության մասին ոչ մի կերպ չի հիշեցրել:

 

ՆՇԵՑԻՆ
Երեկ խորհրդարանում ընդմիջման ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ակտիվություն էր, քանի որ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր սենյակ էր հրավիրել՝ «մաղարիչ» ուտելու: Նշենք, որ մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Բաղդասարյանի դստեր ամուսնությունը, ու ՀՀԿ-ականները մեկիկ-մեկիկ խմբակցություն էին մտնում՝ Վ. Բաղդասարյանին շնորհավորելու համար: Հիմնականում Բաղդասարյանին «այցելում» էին ՀՀԿ-ական կանայք՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը: Խմբակցություն մի քանի վայրկյանով «մուտք» գործեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՍՏՈՐԱԳՐԵՑ
Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ստորագրել է 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիրը:

 

ԱՆՏԵՍԵԼ ԵՆ
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված մեծ միջոցառում: Դեռեւս մեկ շաբաթ առաջ` կառավարության նիստի ժամանակ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր գործընկերներին եւ վարչապետին հրավիրել էր միջոցառմանը: Armlur.am-ը, սակայն, արձանագրել է, որ միջոցառմանը կառավարության անդամներից ոչ ոք չի մասնակցել:

 

ԽԱԽՏՎԵԼ Է
ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ` հոկտեմբերի 27-ին եւ լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցադրմանը, ասել է, թե «Վանաձորի քիմպրոմ» գործարանի վերաբերյալ ՀՀ նախագահի մոտ խորհրդակցություն է եղել: Նախարարի խոսքով` 2 ամսվա աշխատավարձ արդեն վճարվել է եւ նախագահի կողմից հանձնարարություն կա, որ մինչեւ դեկտեմբերի 15-ը մնացածը վճարվի:

 

ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ հայտարարել է, թե սահմանադրական փոփոխությունների անցկացումը կապված է Ղարաբաղի հարցում հայկական կողմից տարածքային զիջումների հետ: «Սահմանադրությունը փոխում են, որպեսզի կարողանան մի քանի շրջան հանձնել, ինչը նախագահական համակարգի դեպքում չի ստացվում գլուխ բերել: Եւ էս Սահմանադրությունը Բուքիքիոյի նման մեկը գովում է, որովհետեւ նրան ասել են, որ էս պիտի անցնի Հայաստանում, քանի որ սա կարեւոր է այդ տարածաշրջանում քաղաքական հարցեր լուծելու համար ,- ընդգծել է Բագրատյանը` հավելելով,- Էդ Վենետիկի հանձնաժողովում միայն իմանաք, թե ինչ տպեր են աշխատում»:

 

ՄԵՐՁԵՑՆՈՂ
Ղարաբաղից շփման գիծը հատելով Բաքու մեկնած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ իրենց նպատակներից մեկն էլ երկու կողմերի երիտասարդ սերունդներին միմյանց մասին տեղեկատվություն հաղորդելն է.«Մենք երկու կողմում էլ ծանոթացել ենք իսկապես խաղաղություն ցանկացող մարդկանց հետ: Նրանք ցանկանում են ապրել անվտանգ: Մենք ծանոթացել ենք հայերի հետ, ովքեր չեն համարում Ադրբեջանն իրենց թշնամի: Հակամարտության խաղաղ կարգավորման ուղին գտնելը կախված է մեր ընդհանուր աշխատանքից: Մեր խնդիրներից մեկը կողմերի մերձեցումն է, վստահության միջոցառումների ամրապնդումը»,- հայտարարել է Ուորլիքը:




Լրահոս