Հոկտեմբերի 25-ին՝ ուշ երեկոյան, «Մետաքս Գոլդ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցները տարաբնույթ հրապարակումների առիթ դարձան: Նախ լուրեր շրջանառվեցին, թե բախումը տեղի է ունեցել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավորների եւ մի քանի այլ երիտասարդի միջեւ, որոնք էլ իրենց հերթին քրեական հեղինակություն համարվող Մետաքսի Պելեի մտերիմներն են:
Ապա խոսվեց այն մասին, որ միջադեպի կիզակետում հայտնված 4 երիտասարդներն իրենց «թայֆայով» մշտապես բախման մեջ են եղել Մետաքսի Մայիսի եղբորորդի Դավիթի, նրա փեսա Մետաքսի Պելեի շրջապատի հետ: Նշենք, որ բոլոր տեղեկությունները հրամցվում էին իբրեւ վերջին աստիճանի հավաստիություն ունեցող փաստ:
ArmLur.am-ի՝ նախօրեի հրապարակումից հետո էլ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը հերքում հրապարակեց, թե ներկայացված դրվագներն իրականությանը չեն համապատասխանում: Ուստի ամենեւին կասկածի տակ չդնելով մեր աղբյուրներից ստացված տեղեկությունները եւ հետեւողական լինելով, դեպքի մանրամասներն ու հանգամանքները հանրությանը ներկայացնելու նպատակով ArmLur.am-ը այցելեց դեպքի վայր՝ Մետաքս թաղամաս: Հայտնենք, որ դեպքն իրականում տեղի է ունեցել ոչ թե «Մետաքս Գոլդ»-ի, այլ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում: Հարակից տարածքում ապրող բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում նախ զարմանք հայտնեցին, որ հիշատակված երիտասարդները նման պատմության մեջ են հայտնվել, ապա վստահեցրին, որ նախկինում նրանց մասնակցությամբ դեպքի մասին ոչինչ չեն լսել:
Մետաքսի բնակիչ Ռուբենի խոսքով՝ ինքը թաղամասում կատարվող իրադարձություններին լավատեղյակ է, եւ իր համար անհասկանալի է՝ ինչպես կարող էր Վլադիմիր Գեւորգյանը նման պատմության մեջ ընկնել. «Մեկը ես շատ զարմացած եմ: Էստեղ եթե մետաքսցիների ձեռքով ինչ-որ բան լիներ, ես կիմանայի: Բայց ոչ մեկ չի հասկանում՝ ինչ հաշիվ ա»,- շարունակեց մեր զրուցակիցը: Մետաքսի մեկ այլ բնակիչ Արտակը ասաց. «Չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց զարմանալին այն է, որ դեպքից հետո մասկաներով մարդիկ են գալիս ու բնակիչների են տանում: Դե, երեւի հարցաքննության, բանի… նախկինում մեզ մոտ նման բան չի եղել: Չենք հասկանում՝ ինչ է կատարվում»:
ArmLur.am-ին հաջողվեց հանդիպել նաեւ իրադարձության կիզակետում հայտնված Մայիսի հետ, ով մեզ դիմավորեց բավականին վրդովված, սակայն որոշ մանրամասներ հայտնեց: Այսպես, նրա փոխանցմամբ՝ լրատվամիջոցներում ներկայացված տեղեկությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն: «Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք սուտ-սուտ բաներ հրապարակում: Նախ՝ ես քրեական հեղինակություն չեմ, քրեական անցյալ չեմ ունեցել: Երկրորդ՝ հոկտեմբերի 25-ին «Մետաքսի» մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժած Վլադիմիր Գեւորգյանը իմ դստեր ամուսինն է, փեսան: Մյուս երեք տղաները նրա ընկերներն են»,- հայտնեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ կրակոցներից տուժած Վլադիմիր Գեւորգյանը երկվորյակ եղբայր չունի, աշխատում է «Տոտո»-ում՝ այնտեղ, որտեղ եղել է դեպքը:
Իսկ Վահագն Գեւորգյանը, ով ամենաշատն է տուժել, աշխատում է «Մետաքս Գոլդում». «Հիմա Դուք ո՞նց եք պատկերացնում՝ իմ եղբոր տղան եւ եղբոր փեսան իրար դեմ դուրս գան: Սուտ բաներ են, նույնիսկ ծիծաղելու: Գրում են՝ երկու կողմեր, իրար դեմ դուրս եկան, չգիտեմ՝ ինչեր: Ոչ մի երկու կողմ էլ չկա: Բոլորը մտերիմներ են: Պելեն էլ քրեական հեղինակություն չէ, եղբորս աղջկա ամուսինն է: Իսկ Դավիթը՝ եղբորս տղան՝ Պելեի աներձագը: Նրանք բոլորը իմ բարեկամներն են»,- շարունակեց Մայիս Շանոյանը: Վերջինս մեզ տեղեկացրեց նաեւ, որ մյուս երկու տուժողները՝ Արման Ավագյանն ու Արման Սրապիոնյանը, պատահական են հայտնվել այնտեղ:
Անդրադառնալով տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի առնչությանը միջադեպին՝ Մայիս Շանոյանը նշեց. «Անուններ տալիս պետք է զգույշ լինել: Ի՞նչ կապ ունեն Գագիկ Բեգլարյանը, Պելեն, Դավիթը… Գագիկ Բեգլարյանն իմ մանկության ընկերն է, եւ ես Ձեզ վստահեցնում եմ՝ Մետաքսում թշնամիներ չկան: Բոլորը կա՛մ իրար բարեկամ են, կա՛մ մանկության ընկերներ: Հիմա սպասում եմ իրավապահների քննության արդյունքներին: Ոչ մի վարկած, կասկած չունենք՝ ով կարար կրակեր փեսայիս վրա»:
Վերջում հիշեցնենք, որ վարույթն իրականացնող մարմինը պաշտոնապես հայտնեց, թե քննությամբ պարզվել է նշված բուքմեյքերական գրասենյակ զինված մուտք գործած անձանցից 2-ի ինքնությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել՝ 2 անձի ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու եւ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց իրական շրջանակը, ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Երեկ երեկոյան ArmLur.am-ը հղում անելով իր աղբյուրներին՝ հայտնեց, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով հետախուզման մեջ են գտնվում Կաբել Արթուրի երկու որդիները:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶԻ ՈՒ ՀՔԾ ՊԵՏԻ ԿՌԻՎԸ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հակամարտությունը նոր փուլ է թեւակոխում: Երեկ դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը:
Որտեղից սկսվեց ամեն ինչ: Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՔԾ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավոր դադարեցվել էին, քանի որ նա անցնում է ՀՔԾ-ում կաշառքի գործով:
Հայտնի էր դարձել, որ Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի մտերիմներից է, եւ ՀՔԾ պետ Վ. Շահինյանը նրա դեմ գործ է հարուցել «վրեժխնդրությունից» դրդված: Բանն այն, որ ըստ հրապարակման՝ Կոստանյանը նախագահին բողոքել է, թե Վահրամ Շահինյանը թաքցրել է իր բարեկամի կատարած հանցագործությունը, սակայն ՀՔԾ պետին հաջողվել է այդ փաստը հերքել: Սակայն Շահինյանը, ուղիղ առճակատումից խուսափելով, փորձել է մեջքից հարվածել Կոստանյանին:
Նշենք, որ հարուցված գործի հիմքում կալանավորի հեռախոսային խոսակցությունն է, բանտից մեկը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային համազգեստից մի հատ կտաս: Պետը գնացել, վերցրել է համազգեստը եւ տարել տուն: Թեեւ հետո նույն կալանավորը պնդել է, որ պայմանավորվել են գումարը հետո տալ: Եվ քրեակատարողական հիմանարկներում իրականում կարատվող ապօրինությունների ու դրանց մասին հնչող ահազանգերի ֆոնին նման հնչեղություն է ստանում 30.000 դրամանոց սպորտային համազգեստի գործը: Հավանաբար այս աղմկալի հրապարակումից հետո Գեւորգ Կոստանյանը գործի է անցել եւ ջրի երես է հանում ՀՔԾ-ի թույլ տված սխալները:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում: Հիշյալ որոշումը նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է՝ օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննություն չիրականացնելու հիմքով: Գործի նյութերն ուղարկվել են ԱԱԾ՝ նախաքննության բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ իրականացման համար:
Ահա, այսպես՝ դատախազը հիմա էլ ՀՔԾ-ի դեմ է պայքար սկսել: Ստացվում է, որ հատուկ քննչական ծառայությունն այնքան էլ «օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի» քննություն չի կատարում, եւ հիմա, ըստ դատախազության, ոչ օբյեկտիվ քննված գործերն ուղարկվում են ԱԱԾ: Ի՞նչ ավարտ կունենա այս հակամարտությունը, ցույց կտա ժամանակը: Հավելենք, որ դատախազի մտերիմ, Վարդաշենի ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանն այս աղմուկից հետո ազատման դիմում է գրել:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ պարզաբանումների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ասացին, թե չի կարող հարցը դիտարկվել անձնական հարաբերությունների դաշտում, սա բացառապես աշխատանքային գործընթաց է: Մեր հարցին, թե այդ աշխատանքային գործընթացում քանի՞ կարճման որոշումներ են վերացվել, պատասխանեցին կարճ՝ մոտ 60: Խոստացան վիճակագրություն հրապարակել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է ընթացք չտալ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, որով նա Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել էր Վենետիկի հանձնաժողովի անդամներին կաշառելու մեջ: ArmLur.am-ը փորձել է պարզել՝ ինչպես է դատախազության որոշմանը վերաբերվում Գագիկ Հարությունյանը եւ ինչ է պատրաստվում անել: ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը փոխանցել է Գ. Հարությունյանի պատասխանը, ըստ որի՝ նա հրաժարվում է մեկնաբանել դատախազության որոշումը, քանի որ դա իր գործառույթը չէ. «Պարոն Հարությունյանը դա չի մեկնաբանում: Նույնիսկ ավելին՝ նա ասաց, որ դա մեր գործը չէ, որ մենք մեկնաբանենք»:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԿՆԵՐՈՎ
Հոկտեմբերի 27-ից 28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների 23-րդ ամենամյա միջազգային համաժողովին: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբում հյուրընկալված միջոցառումը նպատակաուղղված էր արդիական սպառնալիքների ու մարտահրավերների շուրջ կարծիքների փոխանակմանը եւ համագործակցության ձեւավորմանը:
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Կահիրեում ձերբակալված ԻԼԻՊ անդամների թվում հայաստանցի չկա։ Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։ «Ի պատասխան Կահիրեում Հայաստանի դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ԻԼԻՊ-ի ձերբակալված անդամների մեջ Հայաստանի քաղաքացի չկա», – գրել է Բալայանը: Ավելի վաղ «Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Almasryalyoum թերթը, գրել էր, որ երկուշաբթի օրը եգիպտական հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման վեց անդամների, որոնց թվում են Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Իրանի քաղաքացիներ։
ԱԶԱՏ ՀԱՄԱՑԱՆՑՈՎ
Freedom House միջազգային կազմակերպության հրապարակած ամենամյա «Համացանցի ազատություն-2015» զեկույցի համաձայն՝ համացանցի եւ թվային մեդիաների ազատության ցուցանիշներով դիտարկված 65 երկրի մեջ Հայաստանը ներառվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքում՝ հավաքելով 28 միավոր: 0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ, 31-60 միավոր ստացած երկրներում համացանցի ազատությունը մասնակի է, իսկ 61-100 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ:
ԿԵՐԿԱՐԱՑՆԵՆ
Արձագանքելով ցմահ ազատազրկվածների մասին ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանի հարցին` երեկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, թե ցմահ ազատազրկվածների թեման երկսայր սրի նման է: Նախարարը խուսափել է որպես իրավաբան հնչեցնել իր գնահատականը` դա համարելով ոչ կոռեկտ: Նախարարը հայտնել է, որ առաջիկայում ԱԺ քննարկմանը կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն՝ տեսակցության ժամանակի կրկնակի երկարացման մասին: