Ինչ է ասել Ռուբեն Հայրապետյանը Սմբատ Հակոբյանի հետ առերեսման ժամանակ. ազատամարտիկը մերժել է ՀՖՖ նախագահի՝ բանակցելու առաջարկը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին` անկախության 24-ամյակի օրը, դաժան ծեծի էր ենթարկվել «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկը միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ տեղի ունեցող ինքնիշխանության երթին։ Դեպքից հետո նա իրեն այցելած լրագրողներին ասել է, որ ծեծի ենթարկողների մեջ նկատել է Տիգրան անունով երիտասարդի, ում հիշում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից: Միաժամանակ, ազատամարտիկը խորհուրդ էր տվել զերծ մնալ «սկանդալներից» և Ռուբեն Հայրապետյանի անունը «սենսացիայի» համար չշահարկել:

Ինչևէ, դեպքից անցել է մոտ 2 ամիս, և Սմբատ Հակոբյանը, ինչպես ինքն է ասում, իր նկատմամբ իրականացված մահափորձի պատվիրատու և հովանավոր համարում է Ռուբեն Հայրապետյանին: Եվ երեկ նրանց միջև առերեսում է տեղի ունեցել, ինչի առնչությամբ ազատամարտիկն այսօր իր տանը մամուլի ասուլիս էր հրավիրել:

Ասուլիսին նախ ելույթ ունեցավ Սմբատ Հակոբյանի շահերի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, ով ասաց, որ նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ որևէ մանրամասն առերեսումից ասել չեն կարող: Նա միայն իր գոհունակությունը հայտնեց քննության ընթացքից՝ ասելով, որ իրավապահներն ըստ արժանվույն կատարում են իրենց գործը: Նույն կերպ տրամադրված էր նաև Սմբատ Հակոբյանը, ով, սակայն հայտնեց, որ Ռուբեն Հայրապետյանն ասել է, թե իրենց տարածած լուրերը սուտ մատնություն են:

Ապա Սմբատ Հակոբյանը հայտարարություն արեց. «Եթե կա նրանց շրջապատից որևէ մեկը, որի հետ մենք տալու-առնելու ունենք, թող բարձրաձայնեն, բայց նման բան մինչ օրս չի եղել: Հաջորդ փուլում իրենք փորձում են բերել նրան, որ կուլիսներում խոսում են, թե իբր ես հանրապետության գործող նախագահին հայհոյել եմ, բայց դա էլ չեն կարող ապացուցել, քանի որ մենք այն տեսակի մարդիկ ենք, որ մարդկանց վերաբերյալ անձնական բնույթի վիրավորանքներ չենք արել, երբ խնդիրը քաղաքական է»:

ArmLur.am-ի հարցին՝ ինքը ներկայացրե՞լ է իրավապահներին իր և Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազանգերի վերծանումը, Սմբատ Հակոբյանն ասաց, թե դա նախաքննական գաղտնիք է, ապա հավելեց. «Բնականաբար, չեմ հանձնել: Ձայնագրություն գտնելը իրավապահների գործն է, ոչ թե իմ: Բա իրավապահները չե՞ն ասի՝ դա քեզ որտեղից»:

Մեր հարցին՝ ինքը անձնական հանդիպում՝ քննությունից դուրս, ունեցե՞լ է Ռուբեն Հայրապետյանի հետ, Ս. Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, ես հանդիպում չեմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ: Առաջարկություններ եղել են: Որոշ «վայ» լրատվամիջոցներ փորձեցին ինչ-որ մեկի պատվերով իմ անձի և մեր տեսակի վրա ցեխ շպրտել, թե ինչ-որ գումար է առաջարկվել: Իհարկե, հեղինակությունները փորձել են միջամտել, ինչ-որ բաներ հորդորել, արտերկրից մարդիկ են եկել, հորդորել են, բայց բոլորն էլ մերժվել են: Որևէ մեկը չի կարող փաստի, որ ես որևէ մեկի հետ բանակցել եմ կամ փորձել եմ հանդիպել: Ես եմ հրաժարվել հանդիպելուց»: Իսկ թե ովքեր են փորձել միջամտել, Սմբատ Հակոբյանը չմանրամասնեց:

Նա նաև հերքեց այն տեղեկությունները, թե, իբր, ինքը հանդիպում է պահանջել Սերժ Սարգսյանի հետ. «Ես ինչպե՞ս կարող եմ երկրի առաջին դեմքի հետ հանդիպում պահանջել, հիմքեր պետք է լինի, ինչի՞ համար պահանջեմ: Ո՛չ Սմբոն, ո՛չ իր ընկերները, կուտը չեն ուտում, որևէ մեկս ծախվող չենք»:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս