ԿՇՏԱՑԻ՛Ր, ՈՐ ՆՍՏԵՆՔ, ԽՈՍԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ վերականգնվել է նամակագրությունը, ավելին, այն կարծես թե խոստանում է նորմալ հունով ընթանալ:
Շատերը կհիշեն, թե վերջին ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանն ինչպես էր սրտնեղած պատմում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր գրավոր առաջարկների վրա պարզապես «խաչ է քաշել» եւ թուղթը հետ ուղարկել նախագահական նստավայր: Սակայն նախորդ ուրբաթ Ր. Հովհաննիսյանը համապատասխան նամակ է ուղարկել Ս. Սարգսյանին` պահանջելով իր թիմին փոխանցել մի շարք պաշտոններում նշանակումներ կատարելու իրավասություն, այդ մասին նա հայտարարել էր նաեւ հանրահավաքի հարթակից: Եվ ահա, երեկ Սարգսյանը պատասխանել է Հովհաննիսյանին: «Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար»,-գրել է Ս. Սարգսյանն ու Ր. Հովհաննիսյանին հրավիրել նախագահական նստավայր: «Իմ հորդորն է Ձեզ` դադարեցրե՛ք, խնդրում եմ, հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվե՛ք, եւ մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել` անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզեւ շատ հում, շարադրանքը»,-նուրբ հեգնանքով գրել է Ս. Սարգսյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում միայն ասաց, թե Ս. Սարգսյանի կողմից Ր. Հովհաննիսյանի գրավոր առաջարկին գրավոր պատասխանելը համարում է դրական: Իսկ նամակի բովանդակության մասին, ըստ նրա, իրավասու է խոսել Հովհաննիսյանն անձամբ: Վերջինս երեկ հայտարարեց` Ս. Սարգսյանի նամակին պատրաստվում է գրավոր պատասխանել այսօր, իսկ վաղվա ասուլիսի ժամանակ ներկայացնել նամակի բովանդակությունը: Մինչ այդ նա նշեց. «Եթե պարոն Սարգսյանը պատրաստ է` բանակցություն, թե քննարկում, ինչ էլ լինի, եթե ուզենա գալ Ազատության հրապարակ, ես չեմ մերժելու, պիտի ողջունենք: Կարող եք կանխատեսել, թե ինքը ինչ է ասելու, բայց եթե նայե՛ք՝ ինչ է մեր նվազագույն ժողովրդական պահանջը` ընտրություններ, մարզպետեր, առանցքային գերատեսչություններ, պատկերացր՛եք, որ ժողովրդի ճնշմամբ եւ պահանջատիրությամբ, այլընտրանքային ուժով այնպիսի վիճակի բերենք, որ ոչ միայն այլընտրանքային ուղղությամբ, այլեւ հենց իրենց գիտակցության մեջ փոփոխություն լինի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին երեկ հարցրինք, թե ինչ է պատրաստվում Ս. Սարգսյանը քննարկել Ր. Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ, երբ թուղթ ու գրիչով նրան հրավիրում է զրույցի: «Դա նշանակում է` կոնկրետացնենք, ավելի իրատեսական ու առարկայական խոսենք: Եվ եթե Ր. Հովհաննիսյանն իրատեսական է համարում այս ամենը, պետք է գա: Պետք է լրջորեն նստել ու ծանրութեթեւ անել` որ քայլի դեպքում ինչ դրական ու ինչ բացասական արդյունքներ կլինեն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց նա: Սահակյանը, սակայն, դժվարացավ նշել` արդյոք Ր. Հովհաննիսյանին կառաջարկվի կոալիցիա կազմել կամ իշխանություն կիսել. նրա խոսքով՝ ՀՀԿ-ում նման հարց չեն քննարկել:
Ուրբաթախոսից 
մինչեւ ուրբաթատես
Հարկ է նկատել, որ ե՛ւ Ր. Հովհաննիսյանի նամակը, ե՛ւ Ս. Սարգսյանի պատասխանը հաջորդեցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի` Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանի հետ հանդիպմանը: Չի բացառվում, որ նա, եթե ոչ հանդիպում, ապա միջնորդավորված շփում է ունեցել նաեւ իշխանությունների հետ: Համենայնդեպս, միայն այդ հանդիպումից հետո կողմերի միջեւ միմյանց հանդեպ արտաքուստ բոլորովին այլ վերաբերմունք է, ավելին, նրանք պատրաստ են միմյանց հետ երկխոսության: Ու սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ` մարտի 18-ի ասուլիսում, Ս. Սարգսյանը սարկազմով էր արտահայտվել Ր. Հովհաննիսյանի հասցեին` ասելով, թե ինքն ինչպես կարող է գնալ ու զրուցել «8 օր սոված ու աշխարհի վրա դառնացած» մարդու հետ, այն էլ երբ 500 հազար ձայն ստանալուց հետո հանրահավաքներին հազիվ 3-5 հազար մարդ է հավաքում: Իսկ հիմա Հովհաննիսյանի մասին խոսելիս նրան որակում է «ուժեղ ընդդիմություն»: Հովհաննիսյանն էլ իր հերթին Ս. Սարգսյանի մասին խոսում է` շեշտելով «գործող նախագահ» արտահայտությունը:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. ՀՀԿ-ում հիմա քննարկում են հետընտրական թեմաներով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու տարբերակը, որի արդյունքում էլ նախատեսում են խորհրդարանի անունից միասնական հայտարարություն ընդունել: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս լուրերը, միայն թե ասաց, որ դեռ պետք է կողմերի հետ քննարկել այդ հարցը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս