Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայրապետական հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկային` ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի և Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի միջև առկա սերտ հարաբերություններին ու գործակցությանը և վստահություն հայտնեց, որ կարդինալի այցը նորովի կզորացնի Հայ Առաքելական և Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցիների կապերը:
Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց Նորին Սրբազնություն կարդինալ Դոմինիկ Դուկային Չեխիայի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար` գոհունակությամբ նշելով այն փաստը, որ վերջինիս աջակցության շնորհիվ վերջերս Չեխիայի հայ համայնքին Պրահայում եկեղեցի է տրամադրվել, ինչը մեծ օգտակարություն կունենա չեխահայության հոգևոր կյանքի կազմակերպման համար:
Իր հերթին Նորին Սրբազնությունը հրավերի համար շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը` ուրախություն հայտնելով հայ ժողովրդի հոգևոր ժառանգությանը ծանոթանալու հնարավորության համար:
Իր խոսքում կարդինալն ընդգծեց Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությունն ու ստանձնած առաքելությունը` ասելով, որ Հայ Եկեղեցին Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքը համախմբող յուրահատուկ կամուրջ է:
Կարդինալ Դուկան խոսեց նաև Չեխիայի հայ համայնքի մասին` նշելով, որ Չեխիայի հայերն իրենց հասարակության կարևոր մասն են կազմում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում և Չեխիայում հոգևոր կյանքին և առկա մարտահրավերներին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: