ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դեռևս քննարկում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հոկտեմբերի 7-ի հաղորդումը:
Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը հաղորդում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
Իսկ պատճառը նշված դատավորի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի դեմ անցած տարվա նոյեմբերի 25-ին կայացրած վճիռն է, որը, ըստ օմբուդսմենի, կայացնելիս դատավորը թույլ է տվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ: «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի հայցադիմումի հիման վրա Ռուբեն Ներսիսյանը վճռել է «Ժողովուրդ» օրաթերթից հօգուտ գործարարի բռնագանձել շուրջ երկու միլիոն դրամ: Մենք անհամբերությամբ սպասում ենք որոշման կայացմանը: