Սեռական հարաբերության առաջարկը ողբերգությամբ ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդուն սպանելու մեջ մեղադրվող 43-ամյա Կարինե Սոբչենկոյի գործով վերաքննիչ բողոքը մերժվել է՝ օրինական ուժի մեջ թողնվելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Կարինե Սոբչենկոյի պաշտպանը պահանջում էր բեկանել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ Կարինե Սոբչենկոյի վերաբերյալ հուլիսի 26-ի դատավճիռը՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը կամ վերաորակել արարքը` համապատասխանաբար նշանակելով մեղմ պատիժ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2014 թվականի հունիսի 29-ին Երևանում սպանություն էր տեղի ունեցել: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ ռուս 43-ամյա Կարինե Սոբչենկո սպանել էր իրեն սեռական հարաբերություն առաջարկած Կարեն Մկրտչյանին:

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության՝ շուրջ 20 տարի Կարինեն սիրային կապի մեջ է գտնվել Ռուբիկ Հովհաննիսյանի հետ և վերջինիս հետ 1 տարի համատեղ, վարձակալական հիմունքներով բնակվել են Երևանում։ 2014թ. հունիսի 29-ի երեկոյան ժամերին Ռուբիկ Հովհաննիսյանը գնացել է աշխատանքի, իսկ Կ. Սոբչենկոն միայնակ մնացել է տանը։

Նույն օրը, Կարեն Մկրտչյանը հյուրընկալվել է իր ծանոթին, որտեղ վերջիններս ընթրել են և ալկոհոլ օգտագործել։ Դրանից հետո Կ. Մկրտչյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և օգտվելով Կ.Սոբչենկոյի միայնակ լինելու հանգամանքից, կեսգիշերին գնացել է նրա սենյակ և սեռական հարաբերություն ունենալու առաջարկ արել: Սոբչենկոն մերժել է նրան, դուրս հանել սենյակից և ներսից կողպել դուռը։ Դրանից հետո, Կ.Մկրտչյանը մի քանի անգամ կրկին նույն առաջարկով դիմել է Կ. Սոբչենկոյին և տեսնելով, որ վերջինս չի համաձայնում, վերադարձել է ծանոթի բնակարան: Իսկ վրդովված կինը վերցրել է խոհանոցային դանակը, գնացել Կարենի ծանոթի սենյակ, 2 անգամ հարվածել է Կ. Մկրտչյանի կրծքավանդակին և դուրս է եկել: Հաջորդ օրը տղամարդը հիվանդանոցում մահացել է:

Սոբչենկոն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելով՝ հայտարարել էր, որ զղջում է կատարվածի համար, դատարանին խնդրելով մեղմ վարվել և ներել իրեն, և որ ինքը չի ցանկացել սպանել տուժողին, հավելելով, որ հանգուցյալ տուժողը դեպքից ամիսներ առաջ, մի քանի անգամ իրեն քաշքշել է և սեռական հարաբերություն ունենալու առաջարկ արել, սակայն այդ մասին ինքն ամուսնուն չի ասել: Կարինեն ստացիոնար համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ մեղսունակ է ճանաչվել:

Նշենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Կարինեին դատապարտել 11 տարի ժամկետով ազատազրկման՝ խնդրելով հաշվի առնել, որ ամբաստանյալը կին է, և մեղսագրվող արարքը պայմանավորված է տուժողի հակաբարոյական պահվածքով: Դատավճռով՝ Սոբչենկոն դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման: Կարինե Սոբչենկոյի գործով վերաքննիչ բողոքը մերժվել է՝ օրինական ուժի մեջ թողնվելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Կարինե Սոբչենկոյի պաշտպանը պահանջում էր բեկանել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ Կարինե Սոբչենկոյի վերաբերյալ դատավճիռը՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը կամ վերաորակել արարքը` համապատասխանաբար նշանակելով մեղմ պատիժ:




Լրահոս