Ի՞նչ էր անում Վլադիմիր Գասպարյանի մգեցված ապակիներով ավտոշարասյունը Վարդաշենում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը ժամը 18:00-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի մեջ մտնող Վարդաշեն թաղամասում նկատել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավտոշարասյունը: Նկատելուն պես մեր թղթակցին չի հաջողվել պարզել, թե որն է ավտոշարասյան՝ տեխսպասարկման կետում գտնվելու պատճառը:

Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից ArmLur.am-ը փորձեց ճշտել. արդյոք ոստիկանապետը և՞ս եղել է տեխսպասարկման կետում: Ի պատասխան մեր հարցին՝ Աշոտ Ահարոնյանը նախ ասաց, որ ՀՀ ոստիկանապետը աշխատավայրում է, ապա հաստատեց, որ Վլադիմիր Գասպարյանի ավտոշարասյունը գտնվել է Վարդաշենի ավտոտեխսպասարկման կետում և հավելեց, որ Գասպարյանը հրահանգել է աշխատակազմին հետևել ՃՈ կոչին:  ՀՀ ոստիկանապետն իր ավտոշարասյունն ուղարկել է տեխսպասրակման կետ և անձնական օրինակով ցույց տվել բոլորին, որ անհրաժեշտ է և՛ ծառայողական, և՛ անձնական ավտոմեքենաների դիմապակու մգեցված թաղանթները հեռացնել:

vladimir gasparyan meqena
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անձնական ավտոմեքենան

 

Ի դեպ, հիշեցնենք, որ երեկ Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված չափերին, իսկ առջևի հողմապակու և առջևի դռների թաղանթներն ընդհանրապես ապամոնտաժել (հեռացնել), այլապես Ճանապարհային ոստիկանությունն ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

ՃՈ-ն տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամի) չափով:




Լրահոս