Երեւի անիմաստ է անդրադառնալ դատարկաբանություններով լեցուն մեր անդեմ ֆիլմաշարերին` նույն գոռգոռոցներն ու լացուկոծը, բռիությունն ու անպարկեշտությունը եւ նույն աներեր հավակնություններն անխորտակ հռչակելու բացահայտ ապօրինություններն ու դաժանությունը: Մի խոսքով, շատերին իրապես հիասթափեցրած, արհեստականորեն ձգձգվող ֆիլմերի «թագավորությունում» գրեթե ոչինչ չի փոխվել եւ երեւի չի էլ փոխվելու: Հատկանշական է, որ ֆիլմերի հեղինակները սա փորձում են արդարացնել` իբր թե ցուցադրում են մեր առօրյա կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա` մոռանալով, որ գոյություն ունի նաեւ կինոարվեստ հասկացությունը:
Կա եւ մեկ այլ՝ չափազանց կարեւոր բան, որի հետ երբեք հաշտվել չի կարելի: Խոսքը սրբություն սրբոց մեր մայրենի լեզվի անաղարտությունը պաշտպանելուն նպատակաուղղվող անհրաժեշտ հոգատարության բացակայության մասին է:
Ամենից առաջ միանգամայն մերժելի է օտար, անշունչ մտածելակերպը, որի մոգական ճիրաններում են հայտնվել շատերը: Այս խորթությունն արտահայտվում է արհեստական, բառացի փոխառությունների տեսքով, ինչը, ըստ էության, առնչություն չունի մեր ազգային լեզվամտածողության հետ: «Դուրս է գալիս` մեր ջանքերը զուր էին», «ինչի՞ց վերցրիր, որ նա է մեղավոր», «բանը նրանումն է», «խոսքը գնում է», «նա հանդիսանում է տնօրեն» եւ ռուսերենից «թխած» այս ու բազում այլ անհեթեթությունների մասին շատ է տագնապ բարձրացվել: Սակայն պնդերես օտարամոլներին սա, ինչպես երեւում է, բնավ չի անհանգստացնում: Եվ ի՞նչ, կենացները, այո՛, սկսել են «քաղցրանալ»:
Նորահայտ եւ ինքնագոհ սցենարիստ-ռեժիսորներն էլ այսօր կարող են ցնծալ, գուցեեւ չարախնդալ` ամեն դեպքում նրանք հավատարիմ են մնում իրենց «սկզբունքներին»: Այդպիսիների մասին դիպուկ է արտահայտվել Օ. Բալզակը. «Այնտեղ, որտեղ բոլորը սապատավորներ են, գեղեցիկ կազմվածքն ընկալվում է որպես այլանդակություն»:
Իհարկե, կարելի է մոտավորապես հասկանալ, երբ լսում ես` «դատարկ ձեռքերով հյուր չեն գնա», «քեզ պետք է լավ սնվել», «ինձ հետ ամեն ինչ նորմալ է»: Ճիշտ է, կհասկացվի շուկայում, սակայն երբ նման տխմարություն են հնչեցնում արհեստավարժ համարվող դերասանները, սիրտդ լցվում է ցավով: Առանց խորանալու օտարածին, մեզ համար խեղված արտահայտությունների բուն էության մեջ, մենք տարիներ շարունակ ու համառորեն կրկնում ենք բառացի, օրինակ, ասելով` «մենք գտնում ենք (Ծօ վՈւՏՊՌՎ)»… Սփյուռքում ծիծաղում էին, երբ «ինչպե՞ս ես» հարցին հայաստանցիները պատասխանում էին` «ոչինչ», այսինքն` «վՌփպչՏ» եւ վերջ: Դե գնա՛ ու հասկացի՛ր, թե ինչ է բովանդակում այդ ոչնչությունը:
Հիրավի, մինչեւ ե՞րբ պետք է այդքան դյուրին կերպով հարմարվենք մեր ականջին օտարոտի հնչող խոսելաձեւին: Ի դեպ, իրենք` ռուսներն էլ, արդեն սթափվում են ու սկսել են շտկել ժամանակին թույլ տված սխալները: Հատկապես համակարգիչների հետ գործ ունեցողներն այժմ արդեն ոչ թե «դուբլ» են ասում, այլ՝ «դաբլ», ոչ թե «միկրո», այլ` «մայկրո»: Հեռու չէ այն օրը, երբ հերթը կհասնի նաեւ «մինուս-պլյուսին», թեեւ այդ անվանումները դպրոցական տարիքից են արմատացել մեր ուղեղներում: Մենք էլ պետք է վերջապես հասկանանք, որ եթե ժամանակին մի ինչ-որ պաշտոնյայի խելքին փչել է պետականորեն օրինականացնել, դիցուք, Մեխիկո, Տեխաս, Դիսնեյ, Սիդնեյ, հոկեյ եւ բազում նման անվանումները, ապա նորանկախ մեր երկրում եկել է պահը, երբ անհրաժեշտ է գործնական քայլերի դիմել, փոխել ու շտկել այն ամենը, ինչ կամային որոշման հետեւանք է եղել, ուստիեւ անհրաժեշտ է հարազատ մնալ արմատական անվանումներին, այսինքն` գրվի եւ ասվի Մեքսիկո, Տեքսաս, Սիդնի եւ այլն: Ուղղակի զարմանալի է, որ, օտար արտահայտություններին գերի մնալով, մինչեւ հիմա կառչել ենք զուտ ռուսական շախմատ անվանը, ինչը, թեկուզ գրագիտության իմաստով, բնավ չի կարող հայերեն ընկալվել: Այսօր, երբ իմաստուն խաղը որպես առանձին առարկա սկսել են ուսուցանել մեր դպրոցներում, ինչո՞ւ ուշքի չգանք, չհետեւենք սփյուռքի մեր հայրենակիցներին, որոնք այն մշտապես կոչել են ճատրակ:
Ակամա հիշեցինք եւս մեկ անվանում, որը, թեեւ «մաքուր հայկական» ծագում ունի, սակայն խիստ պարզունակ է, արհեստական: Նկատի ունենք երգահան բառը: Եկե՛ք խելքներիս զոռ տանք ու ինքներս էլ մեզ հարցնենք. մի՞թե երգահան են եղել Խաչատրյանը, Մոցարտը, Շոպենը: Ծիծաղելի է նույնիսկ մտածել այդ մասին, կամ կարո՞ղ եք պատկերացնել, որ բեմահարթակից արվի այսպիսի հայտարարություն. «Այժմ կհնչի երգահան Բեթհովենի «Լուսնի սոնատը»»…
Ես լեզվաբան չեմ ու, հնարավոր է, որոշ հարցադրումներում իրավացի չեմ, սակայն համոզված եմ` միայն որոշ: Իսկ որ տագնապալի վիճակում հայտնված մեր ազգային կարեւորագույն արժեքը` մայրենի լեզուն, մաքրամաքուր դարձնելու անհետաձգելի պահանջ է զգացվում, կասկած լինել չի կարող:
ՄԻՍԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ