ՀԱՅՐԸ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դիլիջան քաղաքի բնակչուհի Ալինա Պետրոսյանը 2012թ. դեկտեմբերին դիմել էր դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ նախկին ամուսնու՝ ներկայում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սերգեյ Կարապետյանի` երեխայի խնամքն ու դաստիարակությունը մորը հանձնելու, երեխայի բնակության վայրը ըստ մոր բնակության վայրի որոշելու, երեխայի` արտերկիր դուրս գալուն համաձայնություն տալուն պարտավորեցնելու պահանջներով:
Հիշեցնենք, որ ամուսինն Իջեւանի զորամասի հրամանատարն էր, 2012թ. նոյեմբերին դատապատվել էր 6 տարվա ազատազրկման: Ա. Պետրոսյանը եւ Ս. Կարապետյանն ամուսնացել են 2000թ., հոկտեմբերին  ծնվել է նրանց  որդին: Բայց նրանց երջանկությունը, ինչպես ասում են, երկար չի տեւել, եւ 2012թ. մայիսին դատարանի վճռով նրանց ամուսնությունը լուծվել է: Դիլիջանի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը կատարել է Ա. Պետրոսյանի բնակության վայրի ուսումնասիրություն եւ համոզվել, որ բնակվելու համար անհրաժեշտ պայմանները կան: Եվ ահա դատարանում Ա. Պետրոսյանն ասել է, որ չի կարողանում աշխատանք գտնել, որ երեխայի համար բարեկեցիկ կյանք կարող է ապահովել արտերկրում աշխատելով, եւ տղային տանելու համար անհրաժեշտ է հոր գրավոր համաձայնությունը: Դիլիջանի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամի հետ զրույցի ժամանակ տղան ասել է. «Չեմ ուզում հեռանալ Դիլիջանից. այլ տեղ պետք է նոր լեզու սովորեմ, նոր ընկերներ գտնեմ, իսկ այստեղ լավ է… Ես ուզում եմ ապրել հայրիկիս եւ մայրիկիս հետ` Հայաստանում»: Բայց ահա դատարանում 13-ը չբոլորած տղան ասել է, որ ցանկանում է բնակվել մոր հետ եւ վերջինիս` բնակության այլ վայր տեղափոխվելու դեպքում պատրաստ է նրա հետ տեղափոխվել: Ամուսինը քրեակատարողական հիմնարկից հայտնել է, որ դիրքորոշումը կհայտնի փաստաբանի միջոցով, սակայն չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը: Եվ հետո ընդամենը գրություն  է ուղարկել, որով հրաժարվել է համաձայնություն տալ, որ որդին մեկնի արտերկիր: 
Նման քաշքշուկից հետո, որը խաթարում է նաեւ երեխայի հոգեբանությունը, մարտի 20-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը որոշել է Ա. Պետրոսյանի հայցը մասնակի բավարարել, երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել մորը: Երեխային արտերկիր տանելու համար Ս. Կարապետյանին համաձայնություն տալու պարտավորեցնելու պահանջը դատարանը համարել է անհիմն. հայցվորն ապացույցներ չի ներկայացրել` ուր է ցանկանում մեկնել, որ հասցեում բնակություն հաստատել, արդյոք այդ բնակարանն ապահովված է անհրաժեշտ պայմաններով, արտերկիր տանելը չի վնասի երեխայի շահերին, ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, բարոյական զարգացմանը: Դատարանը հաշվի է առել նաեւ, որ հոգաբարձության եւ խնամակալության մարմինը եւս Ա. Պետրոսյանի այդ պահանջը համարել է ոչ նպատակահարմար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս