Հայաստանում այլեւս պարտադիր չի լինի տրանսպորտային միջոցների դիմապակու վրա ԱՊՊԱ կտրոն փակցնելը: Սակայն դրանով չի վերանում ավտոմեքենաների ապահովագրությունը: Այժմ վարորդները պարտավոր են իրենց մեքենաներում ունենալ ԱՊՊԱ պայմանագիր: Այս նախագիծը եւս առաջացրել է մի շարք վարորդների դժգոհությունը:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով նախատեսվում է հանել ԱՊՊԱ կտրոնները: Օրեր առաջ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
Այսպիսով՝ վերը նշված օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին փոփոխությունը նախատեսում է, որ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվի ոչ միայն այն տրանսպորտային միջոցների համար, որոնք ներմուծվել են վարելու համար, այլեւ նրանց համար, որոնք չեն վարելու: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու, թափանցիկ դարձնելու, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրներին իրավական լուծում տալու ու հակասությունները վերացնելու հանգամանքով: Նախատեսվում է օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ թե տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ:
Արդյունքում՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու են հաշվառման ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները:
Առաջարկվել է նաեւ սեփականատիրոջ բառից հետո ավելացնել նրա ժառանգի բառակապակցությունը խնդիրներից խուսափելու համար: Այսուհետ ԱՊՊԱ պայմանագրի ժամկետի լրացման վերաբերյալ առցանց կհավաքվեն տեղեկություններ, կկազմվի արձանագրություն եւ կուղարկվի համապատասխան հասցեով: Եթե պարզվի, որ սեփականատերը խախտում է կատարել եւ չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա երկու խախտումը կարձանագրվի եւ կուղարկվի իրավախախտում կատարածի հասցեով:
47-ամյա Գագիկ Առուստամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեց. «Բռնի կերպով ԱՊՊԱ-ն մտցվեց վարորդների կենցաղ: Ցանկալի է, որ այդ երեւույթը դառնա կամավոր, այսինքն՝ այն մարդը, որն իր մեքենան համարում է թանկարժեք եւ կարիք ունի ապահովագրելու, թող գնա ու այդ ծառայությունից օգտվի: Բացի այդ, այս հարցի վերաբերյալ հաճախակի է օրենք ընդունվում, ու մինչեւ հասցնում ենք ընկալել սա, հաջորդում է մյուս նախագիծը: Հետո էլ իրենց պատճառով ճանապարհային ոստիկանների մոտ հայտնվում ենք անհարմար իրավիճակում: Կանգնեցնում են ու տուգանում, ու որ ասում ես՝ տեղյակ չեմ, չեն էլ հավատում»:
Առուստամյանի մտահոգությունը կիսեց նաեւ «Քաղաքացիական դիրքորոշում» հկ-ի նախագահ Կարեն Դոստուրյանը. «Դա հաստատ այդպես է: Վեց ամիսը մեկ օրենք են փոխում, իսկ մարդիկ չեն կարողանում հարմարվել: Լավ է ԱՊՊԱ կտրոնի բացակայությունը դիմապակու վրայից, բայց չգիտեմ, թե հետո այն ինչպես կանդրադառնա վարորդների գործունեության վրա: Բացի այդ, աբսուրդ է, երբ մարդն իր մեքենան չի վարում, այն երկար ժամանակ կանգնած է ավտոտնակում, եւ նրան պետք է տուգանեն: Տուգանեն, որ մեքենան իր ավտոտնակում կանգնա՞ծ Է: Ախր դա էլ այդքան ճիշտ չէ»:
Իսկ ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հկ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ԱՊՊԱ կտրոնի՝ դիմապակուց հանելու նախագծին կողմ է միայն այն դեպքում, երբ բոլոր մեքենաներն ապահովագրված են ու հաշվառված. «Նախատեսել էին, որ այս կիսամյակում այդ նախագիծը կկիրառվի, բայց դա մի քիչ ավելի բարդ հարց է, քան ենթադրվում է: Դրա համար էլ այն կգործի 2014-ի հունվարի 1-ից: Ամեն դեպքում, այդպես հայտարարում են»:
Հ.Գ. Թե ինչ նպատակ է հետապնդում օրենքի այս նախագիծը, հայտնի չէ: Սակայն նկատենք, որ ԱՊՊԱ կտրոնը մեքենայի դիմապակու վրա փակցնելը մի շարք պաշտոնյաների ու քաղաքական գործիչների սրտով չէ, եւ այդ պատճառով էլ նրանք հրաժարվում էին պահպանել այդ կարգը, մինչեւ չէին հայտնվում տեսախցիկների «ուշադրության կենտրոնում»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ