Ոչ թե սոցիալական, այլ «յոլա» տանելու բյուջե. ինչ է սպասվում 2016-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ խորհրդարանում հայտարարեց, թե եկող 2016 թվականի բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Իբրեւ հիմնավորում նա մատնանշել էր այն հանգամանքը, որ եկող տարվա բյուջեի ծախսերի մոտ կեսը, իսկ ավելի կոնկրետ՝ 45,4 տոկոսը նախատեսված է առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ կրթության ոլորտների ֆինանսավորման համար:

Իրականում, սակայն, եթե բյուջետային ծախսերից հանում ենք կենսաթոշակների գումարները, որոնք 2016-ի համար 293 միլիարդ 692 մլն դրամ են կազմում, ապա բյուջեի սոցիալական բաղադրիչից բան չի մնում: Բանն այն է, որ կենսաթոշակների գումարը չի համարվում սոցիալական քաղաքականության իրագործում, քանի որ այս դեպքում պետությունն ընդամենը մարդկանց վերադարձնում է տարիներ շարունակ նրանց կողմից վճարված գումարները: Իսկ ծերության թոշակների համար նախատեսված գումարը 2016 թվականի պետական բյուջեի 22 տոկոսն է կազմում:

Առողջապահության ոլորտի համար եկող տարվա բյուջեով նախատեսված է 86 մլրդ 125 մլն դրամ, որը ընթացիկ տարվա ցուցանիշից ավել է 2,1 տոկոսով, սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ընդհանուր գումարը կազմում է 405 մլրդ 500 մլն դրամ, որը ընթացիկ տարվանից ավել է 3,8 տոկոսով: Սա այն դեպքում, երբ նույն բյուջեի նախագծով նախատեսվում է, որ եկող տարի գնաճը լինելու է առնվազն 4,5 տոկոս: Այսինքն՝ երբ գնաճի գործոնը հաշվի ենք առնում, ստացվում է, որ առողջապահության եւ սոցիալական պաշտպանության համար նախատեսված միջոցներն ամենեւին էլ չեն ավելացել, դեռ մի բան էլ նվազել են:

Ավելին՝ հայտնի է, որ ՀՀ կառավարությունը եկող տարի կենսաթոշակների ավելացում չի նախատեսում: Հատկապես սովորական կենսաթոշակ ստացող տարեցների դեպքում ստացվում է, որ կառավարությունը խոստանում է, որ նրանց սոցիալական վիճակը եկող տարի էլ ավելի կվատթարացնի: Բանն այն է, որ միջինը 45 հազար դրամ թոշակ ստացող տարեցն առանց այդ էլ ստիպված է կիսաքաղց կյանքով ապրել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նվազագույն սպառողական զամբյուղը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 55 հազար դրամ: Ուստի, եթե հաշվի ենք առնում, որ եկող տարի կառավարության կանխատեսումներով 4,5 տոկոսի գնաճ է լինելու, ապա ստացվում է, որ թոշակառուների սոցիալական վիճակն էլ ավելի կվատթարանա:

Ի դեպ, եկող տարվա պետբյուջեով պետական պարտքի սպասարկման համար նախատեսվում է ծախսել 204 միլիոն 750 հազար դոլար, որը կազմում է եկող տարվա ընդհանուր բյուջեի 7,2 տոկոսը: 2016 թվականի պետական բյուջեի նախագծից տեղեկանում ենք, որ այս տարվա ընթացքում կառավարությունը տարբեր ծրագրերով Հայաստանի պետական պարտքն ավելացրել է 894 միլիոն 200 հազար դոլարի պարտք: Ի դեպ, այդ վարկերի մի մասը դեռ նոր է վերցվելու: Եկող տարի, ըստ պետական բյուջեի նախագծի, ՀՀ կառավարության արտաքին պարտքը կավելանա եւս 369 մլն դոլարով: Ի դեպ, նշենք, որ 2014-ին ՀՀ կառավարության պարտքը ավելացել է ընդամենը 256 միլիոն 800 հազար դոլարով:

Այսինքն՝ ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետության առաջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ կառավարության արտաքին պարտքն աճել է 1 միլիարդ 151 միլիոն դոլարով, իսկ 2016-ի վերջում նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի կառավարության պարտքերի աճը կգերազանցի մեկուկես միլիարդ դոլարը: Իհարկե, վարկեր վերցնելը ինքնին վատ երեւույթ չէ, եթե այն նպաստում է տնտեսության զարգացմանը: Անհատների դեպքում էլ մեկը վարկ է վերցնում եւ իր ձեռնարկությունն է զարգացնում, իսկ մյուսը վատ տնտեսվարման արդյունքում չի կարողանում վարկը մարել եւ ամեն ինչ կորցնում է: Պետության դեպքում եւս այդպես է: Խնդիրն այն չէ, որ այդքան վարկ չէր կարելի վերցնել, այլ որ այդ վարկերը որեւէ կերպ չեն նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս կամ այն վարկային ծրագիրն իրագործելուց հետո Հայաստանում ավելանում է մի քանի պաշտոնյաների ունեցվածքը, ուրիշ ոչինչ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս